Հոդված 11. ԱՊՐԱՆՔՆԵՐԻ (ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 11. ԱՊՐԱՆՔՆԵՐԻ (ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
1. Արտադրողը (կատարողը, վաճառողը) պարտավոր է ժամանակին սպառողին տրամադրել ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) վերաբերյալ անհրաժեշտ և ստույգ տեղեկատվություն, որն ապահովում է դրանց ճիշտ ընտրության հնարավորությունը: Ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) առանձին տեսակների տեղեկատվության բովանդակությունը և պարտադիր պահանջների մասին տեղեկատվությունն սպառողին հասցնելու կարգը սահմանում է կառավարությունը:
2. Ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) վերաբերյալ տեղեկատվությունը պարտադիր կարգով պետք է պարունակի`
ա) այն նորմատիվ փաստաթղթերի նշագրերը, որոնց պարտադիր պահանջներին պետք է համապատասխանեն ապրանքները (աշխատանքները, ծառայությունները).
բ) տեղեկություններ ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) հիմնական սպառողական հատկությունների մասին, իսկ սննդամթերքի համար` տեղեկություններ բաղադրության, կշռի և ծավալի, կալորիականության, դրանցում նորմատիվ փաստաթղթերի պարտադիր պահանջներով կանոնակարգվող առողջության համար վտանգավոր նյութերի պարունակության մասին, ինչպես նաև հիվանդությունների առանձին տեսակների դեպքում կիրառման հակացուցումներ: Այն ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) անվանացանկը, որոնց վերաբերյալ տեղեկատվությունը պետք է պարունակի հիվանդությունների առանձին տեսակների դեպքում կիրառման հակացուցումներ, հաստատում է կառավարությունը.
գ) ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) գինը և ձեռքբերման պայմանները.
դ) երաշխիքային ժամկետը, եթե այն սահմանված է սույն օրենքին համապատասխան.
ե) ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) արդյունավետ և անվտանգ օգտագործման կանոնները և պայմանները.
զ) սույն օրենքին համապատասխան` ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) սահմանված ծառայության կամ պիտանիության ժամկետը, ինչպես նաև նշված ժամկետների ավարտից հետո սպառողի անհրաժեշտ գործողությունների և այդպիսի գործողությունների չկատարման դեպքում` հնարավոր հետևանքների մասին տեղեկությունները, եթե ապրանքները (աշխատանքները) նշված ժամկետների ավարտից հետո վտանգ են ներկայացնում սպառողի կյանքին, առողջությանը և գույքին կամ իր նշանակությամբ օգտագործման համար դառնում են ոչ պիտանի.
է) արտադրողի (կատարողի, վաճառողի) գտնվելու վայրը, այն կազմակերպության (կազմակերպությունների) գտնվելու վայրը, որը լիազորված է արտադրողի (վաճառողի) կողմից սպառողներից բողոքներ ընդունելու և ապրանքը (աշխատանքը) նորոգելու և տեխնիկական սպասարկում իրականացնելու համար.
ը) տեղեկատվություն` համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) համապատասխանության հավաստման մասին.
թ) տեղեկատվություն` ապրանքների վաճառքի (աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման) կանոնների վերաբերյալ:
Եթե սպառողի ձեռք բերած ապրանքը եղել է գործածության մեջ կամ նրանում վերացվել է թերություն (թերություններ), ապա սպառողին պետք է այդ մասին տրվի տեղեկատվություն:
3. Սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված տեղեկատվությունը հասցվում է սպառողին ի գիտություն` ապրանքներին (աշխատանքներին, ծառայություններին) կցվող տեխնիկական փաստաթղթերով, պիտակների վրա, մականշվածքով կամ ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) առանձին տեսակների համար ընդունված այլ եղանակներով: Ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) համապատասխանության հավաստման մասին տեղեկատվությունն սպառողին ներկայացվում է սահմանված կարգով մականշված` համապատասխանության նշանի ձևով և տեխնիկական փաստաթղթերում համապատասխանության փաստը հավաստող նշումով (սերտիֆիկատի համարը, դրա գործողության ժամկետը, այն տվող մարմինը կամ համապատասխանության մասին հայտարարագրի համարը, գործողության ժամկետը, այն վավերացնող մարմինը):
4. Հայաստանի Հանրապետության տարածքում փաթեթավորված և չափածրարված սննդամթերքը պետք է ապահովված լինի դրա արտադրման տեղի մասին տեղեկատվությամբ: