Հոդված 15. Ապրանքների առանձին տեսակների գովազդի առանձնահատկությունները
Հոդված 15. Ապրանքների առանձին տեսակների գովազդի առանձնահատկությունները
1. Ալկոհոլային խմիչքների գովազդի դեպքերում արգելվում է`
ա) ներշնչել, որ ալկոհոլն ունի բուժական, խթանող, հանգստացնող և լարվածությունը թուլացնող հատկություններ.
բ) դրդել սպառողներին ալկոհոլի օգտագործմանը, բացասական գնահատական տալ չափավոր օգտագործմանը կամ չօգտագործմանը.
գ) ներկայացնել խմիչքներում ալկոհոլի բարձր աստիճանը` որպես դրական հատկություն.
դ) ներշնչել, որ ալկոհոլային խմիչքներ օգտագործելն էական է բարետես կազմվածք ձեռք բերելու, հասարակական հաջողության հասնելու կամ գրավչություն ստանալու համար.
ե) նկարահանել և պատկերել 25 տարեկանից ցածր տարիք ունեցող անձանց:
2. Արգելվում են ծխախոտային արտադրատեսակների, դրանց պատկանելիքների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նպատակով օգտագործվող փոխարինիչների), ծխախոտային արտադրատեսակների նմանակների, ներառյալ՝ դրանց օգտագործման գովազդի բոլոր ձևերը:
3. Արգելվում է ալկոհոլային խմիչքների գովազդման ժամանակ դիմել անմիջապես անչափահասներին:
4. Արգելվում է ալկոհոլային խմիչքների գովազդի ժամանակ ցույց տալ կամ պատկերել դրանց օգտագործման ընթացքը:
5. Արգելվում է՝
ա) (կետն ուժը կորցրել է 13.02.20 ՀՕ-94-Ն)
բ) զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներով ժամը 06:00-ից մինչև 22:30-ը ցուցադրել թունդ ալկոհոլային խմիչքների (սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային միավոր) գովազդ:
5.1. Արգելվում է` ա) (կետն ուժը կորցրել է 13.02.20 ՀՕ-94-Ն)
բ) ալկոհոլային խմիչքների գովազդ տեղադրել լրագրերի կամ ամսագրերի առաջին էջի ու կազմի վրա:
5.2. (մասն ուժը կորցրել է 13.02.20 ՀՕ-94-Ն)
5.3. (մասն ուժը կորցրել է 13.02.20 ՀՕ-94-Ն)
6. Մանկական և վաղ տարիքի երեխաների կաթնախառնուրդների, մինչև 6 ամսական մանուկների համար մանկական կաթնախառնուրդ չհանդիսացող ցանկացած սննդամթերքի և հարակից ապրանքների գովազդն արգելվում է:
7. Արգելվում է դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդը` առանց Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության թույլտվության:
(պարբերությունն ուժը կորցրել է 17.05.16 ՀՕ-91-Ն)
Արգելվում է այն դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդը, որոնց կիրառումը պահանջում է բժշկի հատուկ նշանակում:
Դրանց ցանկը հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:
7.1. Դեղերի գովազդի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են նաև «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
7.2. Բուժտեխնիկան և բուժական մեթոդները զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային և տպագիր միջոցներով կամ արտաքին գովազդային վահանակների միջոցով գովազդելու դեպքում գովազդի վրա պետք է նշվեն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության թույլտվության համարն ու ամսաթիվը:
7.3. Բժշկական օգնություն և սպասարկում, դեղատնային գործունեություն, դեղերի արտադրություն, բժշկական միջին մասնագիտական և բարձրագույն կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի գովազդման ժամանակ գովազդում պարտադիր պետք է նշվեն կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ գործունեության լիցենզիայի համարը և տրամադրման ամսաթիվը:
7.4. Դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի թույլտվության տրամադրման կարգն ու այդ գովազդին ներկայացվող պահանջները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
7..5 . Արգելվում է մարդու օրգանների և հյուսվածքների առևտրային (կոմերցիոն) բնույթ կրող գովազդը:
8. Արգելվում է զենքի և զինամթերքի գովազդը` բացառությամբ որսորդական և սպորտային զենքի և զինամթերքի:
9. Գովազդային վիճակախաղի դրամական շահումների գովազդելը զանգվածային տեղեկատվության միջոցներով արգելվում է: 10. Յուրաքանչյուր հեռուստահաղորդակցության ալիքով հեռարձակվող յուրաքանչյուր վիճակախաղի գովազդը թույլատրվում է ժամը 22:00-07:00-ն ընկած ժամանակահատվածում, իսկ ռադիոյով՝ ժամը 08:00-20:00-ն ընկած ժամանակահատվածում: Գովազդը չի թույլատրվում մանկապատանեկան հաղորդումներին նախորդող և հաջորդող մեկ ժամվա ընթացքում: Այդ ժամանակահատվածում գովազդի ընդհանուր տևողությունը, այդ թվում` գովազդային հաղորդումները և գովազդային տեղեկատվությունները վիճակախաղի կամ վիճակախաղի կազմակերպչի մասին, չի կարող գերազանցել 3 րոպեն, որը մեկ ժամվա ընթացքում կարող է հեռարձակվել երկու անգամից ոչ ավելի, և ընդհանուր տևողությունը չի կարող գերազանցել 60 վայրկյանը:
Հեռուստահաղորդմամբ ժամը 07:00-22:00-ն ընկած ժամանակահատվածում մարզական միջոցառումների հեռարձակումների ժամանակ գովազդ թույլատրվում է ոչ ավելի, քան մեկ անգամ՝ յուրաքանչյուր հաղորդումից հետո և միայն հովանավոր կազմակերպության անվան հիշատակմամբ:
Խաղարկությունով կամ համակցված վիճակախաղի շահումային ֆոնդի խաղարկության հեռարձակում կարող է իրականացվել լիազոր մարմնի հետ համաձայնեցված՝ վիճակախաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգով սահմանված պարբերականությամբ, ընդ որում այն կարող է հեռարձակվել հեռուստահաղորդմամբ ժամը 22:00-07:00-ն ընկած ժամանակահատվածում, և դրա ընդհանուր տևողությունը չի կարող գերազանցել 30 րոպեն:
Վիճակախաղի կազմակերպիչն իրավունք ունի համացանցով գովազդելու վիճակախաղը: Սույն պարբերությամբ սահմանված գովազդն արգելվում է իրականացնել մանկապատանեկան, կրթական, բժշկական կայքերի միջոցով: Իսկ լրատվական կայքերում սույն պարբերությամբ հաստատված գովազդը չպետք է գերազանցի տվյալ կայքէջի 20 տոկոսից ավելին:
Լրատվական թողարկման ընթացքում մամուլի ակումբում կատարված իրադարձության լուսաբանման ժամանակ հետնամասի պաստառին վիճակախաղի գովազդը թույլատրվում է միայն վիճակախաղի անվանման հիշատակմամբ, որը չպետք է պարունակի վիճակախաղի կայքի հասցե և պարտադիր պարունակելու է «21+» տեսանելի նշում:
Արտաքին գովազդը չպետք է գերազանցի 5 մետր քառակուսին և պարունակելու է միայն իր ֆիրմային անվանումը (լոգոն): Վիճակախաղերի, տոտալիզատորների, ինտերնետ շահումով խաղերի անցկացման վայրերի շենքերի, շինությունների կամ սրահների մուտքերի մոտ արտաքին գովազդը չպետք է գերազանցի 0.5 մետր քառակուսին և պարունակելու է միայն իր ֆիրմային անվանումը (լոգոն): Շենքերի, շինությունների վերելակներում և մուտքերում, ինչպես նաև հանրային սննդի և բնակչության սպասարկման տարածքներում արգելվում է վիճակախաղերի և ինտերնետ շահումով խաղերի գովազդը:
Վիճակախաղի կազմակերպիչն իրավունք ունի գովազդելու վիճակախաղը մարզադաշտերի կողային վահանակների միջոցով միայն մարզական իրադարձությունների ընթացքում և (կամ) այդ մարզական իրադարձություններին մասնակցող թիմերի մարզահագուստի վրա:
Տոտալիզատորներ, շահումով խաղեր, ինտերնետ շահումով խաղեր կամ խաղատներ գովազդելիս պետք է տեսանելի լինի «21+» նշագրումը, իսկ խաղարկությունով, ոչ խաղարկությունով կամ համակցված վիճակախաղ գովազդելիս՝ «18+» նշագրումը:
Հայաստանի Հանրապետության օրենքներով և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով համապատասխան լիցենզիա չստացած վիճակախաղի, շահումով խաղի, ինտերնետ շահումով խաղի կամ խաղատան կազմակերպիչներն իրավունք չունեն իրականացնելու համապատասխան գործունեության գովազդ Հայաստանի Հանրապետությունում:
Արգելվում է սույն մասով չնախատեսված եղանակով և միջոցներով իրականացնել վիճակախաղերի և ինտերնետ շահումով խաղերի գովազդ:
11. Վիճակախաղի, շահումով խաղի կամ խաղատան գովազդի ժամանակ արգելվում է դրամական միջոցների կամ անչափահասների կերպարների ցուցադրումը:
11.1. Վիճակախաղի, շահումով խաղի, ինտերնետ շահումով խաղի կամ խաղատների գովազդի ժամանակ արգելվում է՝
ա) որևէ կերպ դիմել անչափահասներին.
բ) տպավորություն ստեղծել, թե խաղին մասնակցելն ապահովում է պարբերաբար եկամուտ (շահույթ) ստանալու հնարավորությունը կամ աշխատանքի այլընտրանք է.
գ) տպավորություն ստեղծել, թե եկամուտ (շահույթ) ստանալը երաշխավորված է.
դ) ներշնչել, որ խաղի միջոցով հնարավոր է հասնել հասարակական, մասնագիտական, մարզական հաջողության.
ե) քննադատել վիճակախաղին կամ ինտերնետ շահումով խաղին չմասնակցելը:
11.2. Վիճակախաղի, շահումով խաղի, ինտերնետ շահումով խաղի կամ խաղատների գովազդը պետք է պարունակի ոչ սթափ կամ հոգեճնշող վիճակում խաղալու անթույլատրելիության վերաբերյալ նախազգուշացնող տեղեկատվություն:
11.3. Վիճակախաղի, շահումով խաղի, ինտերնետ շահումով խաղի, խաղատների կամ խաղարկությունով կամ համակցված վիճակախաղի շահումային ֆոնդի խաղարկության գովազդը պարտադիր պարունակելու է հետևյալ բովանդակությամբ նախազգուշացում.
«Նախազգուշացում՝ խաղին մասնակցությունը նյութական վնասներ կրելու ռիսկ է պարունակում» կամ «Նախազգուշացում՝ խաղին մասնակցելով կարող եք կրել նյութական վնասներ:»: Ընդ որում, նշված նախազգուշացումը պետք է լինի ոչ պակաս շեշտադրված, քան գովազդում առկա մնացած տեղեկատվությունը:
12. Արգելվում է վիճակախաղի, շահումով խաղի, ինտերնետ շահումով խաղի, խաղատան, գիշերային ակումբի, ծխախոտի, ինչպես նաև սույն օրենքով՝ հեռուստատեսությամբ գովազդի համար արգելված ապրանքների և ծառայությունների՝ որպես հովանավորների հիշատակումը Հանրային հեռուստատեսությամբ:
12.1. Հանրային հեռուստատեսությամբ արգելվում է վիճակախաղի, ոչ խաղարկությունով վիճակախաղի, խաղարկությունով վիճակախաղի, համակցված վիճակախաղի, գովազդային վիճակախաղի, տոտալիզատորների, ինտերնետ շահումով խաղերի, գիշերային ակումբների գովազդը։
13. Արգելվում է վիճակախաղի գովազդումը լրատվական թողարկումների ընթացքում, դրանցից 20 րոպե առաջ և 20 րոպե հետո:
14. Մշակութային ծառայություններ մատուցող կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը (գովազդատուները) թատերահամերգային, հանրային միջոցառումների, փառատոների, համերգային հյուրախաղերի գովազդում, հանրային տեղեկատվության բոլոր՝ հեռուստառադիո, էլեկտրոնային, տպագիր կամ արտաքին գովազդի միջոցներում պարտադիր տեղեկություններ պետք է նշեն գովազդատուի, ձեռնարկի բովանդակության կամ ժանրային տեսակի, հեղինակի, մասնակիցների, վայրի, ժամանակի, ինչպես նաև համերգային կատարումների ձայնային առանձնահատկությունների (կենդանի կատարում կամ որևէ տեսակի ձայնագրվածքի (ֆոնոգրամայի) օգտագործման մասին։
Կենդանի կատարման կամ ձայնագրվածքի մասին տեղեկատվության ծավալը, տարածքը կամ բովանդակությունը չպետք է լինեն գովազդի ողջ ծավալի, տարածքի կամ բովանդակության 7%-ից պակաս:
15. Արգելվում է շահումով խաղի (բացառությամբ ինտերնետ շահումով խաղի) կամ խաղատան կամ խաղասրահի կամ դրանց կազմակերպիչների ցանկացած տեսակի գովազդը, այդ թվում՝ ռադիոյով, հեռուստատեսությամբ կամ համացանցով, բացառությամբ իր պաշտոնական կայքի կամ խաղատների կամ շահումով խաղերի շենքերի, շինությունների կամ սրահների մեջ կամ վրա, Հայաստանի Հանրապետության սահմանային մուտքի կետերում, ինչպես նաև առնվազն չորսաստղանի կարգին համապատասխան որակավորման պահանջներին և չափանիշներին համապատասխան հյուրանոցներում տեղադրվողների, իսկ խաղարկությունով կամ համակցված վիճակախաղի գովազդը թույլատրվում է նաև խաղարկությունով կամ համակցված վիճակախաղի վաճառակետերում: Ինտերնետ շահումով խաղերի գովազդի նկատմամբ կիրառվում են սույն հոդվածով վիճակախաղի գովազդի համար սահմանված պահանջներն ու սահմանափակումները:
16. Արգելվում է կրթական, գիտական և հետազոտական ծրագրերի շրջանակներում սովորողի (աշակերտի, ուսանողի, ունկնդրի, հետազոտողի) կողմից ինքնուրույն կատարման ենթակա առաջադրանքները, հետազոտությունները և այլ գործնական աշխատանքները (ռեֆերատ, կուրսային, դիպլոմային, ատենախոսություն և այլն) կատարելու, մշակելու, պատրաստելու ծառայությունների գովազդը։
(15-րդ հոդվածը լրաց. 28.04.99 ՀՕ-299, լրաց., խմբ. 26.06.02 ՀՕ-394-Ն, լրաց. 17.12.03 ՀՕ-4-Ն, խմբ., լրաց.16.12.05 ՀՕ-35-Ն, լրաց., փոփ. 02.05.06 ՀՕ-52-Ն, լրաց. 19.03.09 ՀՕ-67-Ն, 04.10.10 ՀՕ-143-Ն, փոփ. 14.04.11 ՀՕ-89-Ն, խմբ. 21.06.14 ՀՕ-106-Ն, փոփ., լրաց. 21.06.14 ՀՕ-126-Ն, խմբ. 17.12.14 ՀՕ-228-Ն, 20.11.14 ՀՕ-183-Ն, փոփ., խմբ. 17.05.16 ՀՕ-91-Ն, լրաց. 08.05.19 ՀՕ-29-Ն, խմբ., լրաց. 19.06.19 ՀՕ-91-Ն, խմբ., փոփ. 13.02.20 ՀՕ-94-Ն, լրաց. 16.04.20 ՀՕ-216-Ն, փոփ. 16.07.20 ՀՕ-378-Ն)