Հոդված 15. Ապրանքների առանձին տեսակների գովազդի առանձնահատկությունները
Հոդված 15. Ապրանքների առանձին տեսակների գովազդի առանձնահատկությունները
1. Ալկոհոլային խմիչքների և ծխախոտի գովազդներում արգելվում է`
ա) ներշնչել, որ ալկոհոլը և ծխախոտն ունեն բուժական, խթանող, հանգստացնող և լարվածությունը թուլացնող հատկություններ.
բ) դրդել սպառողներին ալկոհոլի և ծխախոտի լայն օգտագործմանը, բացասական գնահատական տալ չափավոր օգտագործմանը կամ չօգտագործմանը.
գ) ներկայացնել խմիչքներում` ալկոհոլի, իսկ ծխախոտի մեջ` նիկոտինի պարունակության բարձր աստիճանը` որպես դրական հատկություն.
դ) ներշնչել, որ ալկոհոլային խմիչքներ օգտագործելը կամ ծխելն էական է բարետես կազմվածք ձեռք բերելու, հասարակական հաջողության հասնելու կամ գրավչություն ստանալու համար. ե) նկարահանել և պատկերել 25 տարեկանից ցածր տարիք ունեցող անձանց:
2. Արգելվում է ծխախոտի այն գովազդը, որում չկա ծխելու վնասակարության մասին նախազգուշացնող տեղեկություն:
3. Արգելվում է ալկոհոլային խմիչքների և ծխախոտի գովազդման ժամանակ դիմել անմիջապես անչափահասներին:
4. Արգելվում է ալկոհոլային խմիչքների և ծխախոտի գովազդի ժամանակ ցույց տալ կամ պատկերել դրանց օգտագործման ընթացքը:
5. Արգելվում է զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներով թունդ ալկոհոլային (սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային տոկոս) խմիչքների (բացառությամբ կոնյակի) և ծխախոտի գովազդը:
5.1. Արգելվում է ծխախոտի և ալկոհոլային խմիչքների գովազդ տեղադրել լրագրերի առաջին և վերջին էջերի կամ ամսագրերի առաջին, վերջին էջերի ու կազմի վրա: 5.2. Զանգվածային տեղեկատվության տպագիր միջոցներում ծխախոտի գովազդի առնվազն տասը տոկոսը պետք է պարունակի ծխախոտի օգտագործման վնասակարության վերաբերյալ նախազգուշացնող տեղեկատվություն:
5.3. Արգելվում է ծխախոտի արտաքին գովազդը պլակատների, ազդագրերի, հայտարարությունների, վահանակների, լուսատախտակների և այլ միջոցների ձևով:
6. Արգելվում է` ա) մինչև 6 ամսական երեխաների համար նախատեսված և մայրական կաթի փոխարեն օգտագործվող ցանկացած սնունդ և հեղուկ, ինչպես նաև կերակրման շշեր ու ծծակներ գովազդելը.
բ) կրծքի կաթի փոխարինիչների տուփերի վրա տվյալ արտադրանքը գովազդող գրառումներ և նկարներ տեղադրելը.
գ) կրծքի կաթի փոխարինիչներ իրացնելը` առանց վերջիններիս տուփի վրա կրծքով սնուցման առավելությունների մասին գրառումների.
դ) գովազդի նպատակով կրծքի կաթի փոխարինիչներ անվճար տարածելը:
7. Արգելվում է դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդը` առանց Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության թույլտվության:
Արգելվում է թմրադեղերի, թունավոր և ուժեղ ազդող դեղերի գովազդը:
Արգելվում է այն դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդը, որոնց կիրառումը պահանջում է բժշկի հատուկ նշանակում:
Դրանց ցանկը հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:
7.1. Դեղերը զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային և տպագիր միջոցներով գովազդելու դեպքում գովազդի վրա պետք է նշվեն դեղերի` Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցման հավաստագրի համարը, ամսաթիվը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության թույլտվության համարն ու ամսաթիվը: Արգելվում է հսկվող դեղերի, դեղատոմսով բաց թողնվող դեղերի և Հայաստանի Հանրապետությունում չգրանցված դեղերի գովազդը: Հայաստանի Հանրապետությունում արգելվում է դեղերի գովազդը արտաքին գովազդային վահանակների միջոցով:
7.2. Բուժտեխնիկան և բուժական մեթոդները զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային և տպագիր միջոցներով կամ արտաքին գովազդային վահանակների միջոցով գովազդելու դեպքում գովազդի վրա պետք է նշվեն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության թույլտվության համարն ու ամսաթիվը:
7.3. Բժշկական օգնություն և սպասարկում, դեղատնային գործունեություն, դեղերի արտադրություն, բժշկական միջին մասնագիտական և բարձրագույն կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի գովազդման ժամանակ գովազդում պարտադիր պետք է նշվեն կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ գործունեության լիցենզիայի համարը և տրամադրման ամսաթիվը:
7.4. Դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի թույլտվության տրամադրման կարգն ու այդ գովազդին ներկայացվող պահանջները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
8. Արգելվում է զենքի և զինամթերքի գովազդը` բացառությամբ որսորդական և սպորտային զենքի և զինամթերքի:
9. Գովազդային վիճակախաղի դրամական շահումների գովազդելը զանգվածային տեղեկատվության միջոցներով արգելվում է: 10. Յուրաքանչյուր հեռուստահաղորդակցության ալիքով հեռարձակվող յուրաքանչյուր վիճակախաղի, շահումով խաղի, խաղատան կազմակերպչի գովազդի ընդհանուր տևողությունը, այդ թվում` գովազդային հաղորդումները և գովազդային տեղեկատվությունները նրանց մասին, 24 ժամվա ընթացքում չի կարող գերազանցել 9 րոպեն, իսկ մեկ ժամվա ընթացքում կարող է հեռարձակվել երկու անգամից ոչ ավելի և չի կարող գերազանցել 60 վայրկյանը:
11. Վիճակախաղի, շահումով խաղի կամ խաղատան գովազդի ժամանակ արգելվում է դրամական միջոցների ցուցադրումը:
12. Արգելվում է վիճակախաղի, շահումով խաղի կամ խաղատան գովազդումը Հանրային հեռուստատեսությամբ, բացառությամբ հովանավորության դեպքերի:
13. Արգելվում է վիճակախաղի, շահումով խաղի կամ խաղատան գովազդումը լրատվական թողարկումների ընթացքում, դրանցից 20 րոպե առաջ և 20 րոպե հետո:
(15-րդ հոդվածը լրաց. 28.04.99 ՀՕ-299, լրաց., խմբ. 26.06.02 ՀՕ-394-Ն, լրաց. 17.12.03 ՀՕ-4-Ն, խմբ., լրաց.16.12.05 ՀՕ-35-Ն, լրաց., փոփ. 02.05.06 ՀՕ-52-Ն)