Հոդված 21.1. Համեմատություններ պարունակող գովազդի թույլատրելի դեպքերը
Հոդված 21.1. Համեմատություններ պարունակող գովազդի թույլատրելի դեպքերը
1. Համեմատություններ պարունակող գովազդը թույլատրվում է հետևյալ դեպքերում․
1) այն մոլորեցնող չէ սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, 21-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերության կամ «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքի իմաստով.
2) այն օբյեկտիվորեն համեմատում է միևնույն կարիքները բավարարող կամ միևնույն նպատակի համար նախատեսված ապրանքները կամ ծառայությունները.
3) այն օբյեկտիվորեն համեմատում է այդ ապրանքների և ծառայություն-ների մեկ կամ մի քանի էական, ապրանքի վերաբերյալ լիարժեք և ամբողջական տպավորություն ձևավորող, ստուգման ենթակա հատկանիշները և կարող է ներառել գինը.
4) այն չի վնասում կամ վարկաբեկում մրցակցի ապրանքային նշանները, ֆիրմային անվանումները, այլ տարբերակիչ նշանները, ապրանքները, ծառայությունները, գործունեությունը կամ բարոյական և այլ հատկանիշներ.
5) ծագման տեղանվամբ ապրանքների դեպքում այն վերաբերում է միևնույն տեղանվանը.
6) այն անբարեխիղճ կերպով չի օգտագործում մրցակցի ապրանքային նշանի, ֆիրմային անվանման կամ այլ տարբերակիչ նշանների համբավը կամ մրցակցող ապրանքների ծագման տեղանունը.
7) այն չի ներկայացնում ապրանքները կամ ծառայությունները որպես գրանցված ապրանքային նշան կամ ֆիրմային անվանում կրող ապրանքների կամ ծառայությունների կրկնօրինակումներ կամ պատճենումներ.
8) առևտրային գործունեություն իրականացնող անձանց շրջանում այն չի առաջացնում շփոթություն գովազդատուի և վերջինիս մրցակից տնտեսավարող սուբյեկտի միջև կամ գովազդատուի և վերջինիս մրցակից տնտեսավարող սուբյեկտի ապրանքային նշանների, ֆիրմային անվանումների, այլ տարբերակիչ նշանների, ապրանքների կամ ծառայությունների միջև:
(21.1-ին հոդվածը լրաց. 16.04.26 ՀՕ-179-Ն)