Անցնել բովանդակությանը
ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸԳլուխ 6 · ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԸՆԹԱՑԻԿ ՓՈՒԼԸ

Հոդված 45. ՓՈՐՁԱԳԵՏ ՆՇԱՆԱԿԵԼԸ, ԶՆՆՈՒՄ ԿԱՏԱՐԵԼԸ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 45. ՓՈՐՁԱԳԵՏ ՆՇԱՆԱԿԵԼԸ, ԶՆՆՈՒՄ ԿԱՏԱՐԵԼԸ

1. Եթե փաստական հանգամանքների ուսումնասիրման համար անհրաժեշտություն է առաջանում նշանակել փորձագետ, ապա վարչական մարմինն այդ հարցով դիմում է համապատասխան կազմակերպության ղեկավարին կամ համապատասխան անձին` այդ մասին ծանուցելով վարույթի մասնակիցներին:

2. Որպես փորձագետ` կարող է նշանակվել համապատասխան բնագավառի գիտելիքներին տիրապետող անձը:

Փորձագետն իր ուսումնասիրությունների արդյունքում ներկայացնում է եզրակացություն:

3. Վարույթի մասնակիցները կարող են ներկա գտնվել փորձագետի կողմից կատարվող գործողություններին, եթե ներկա գտնվելը չի խոչընդոտի փորձաքննությանը:

4. Վարչական մարմնի կամ վարույթի մասնակիցների պահանջով փորձագետը պետք է լրացուցիչ պարզաբանումներ տա փորձագիտական եզրակացության վերաբերյալ:

5. Վարչական մարմինը, անհրաժեշտություն դեպքում, կարող է նշանակել նաև ֆիզիկական անձի, տեղանքի, որևէ օբյեկտի կամ առարկայի զննում: Վարչական մարմնի որոշմամբ զննմանը կարող են ներկա գտնվել վարույթի մասնակիցները:

(45-րդ հոդվածը լրաց., փոփ. 13.12.04 ՀՕ-10-Ն)

&#9878Հոդված 46. ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

1. Վարչական վարույթի առավելագույն ժամկետը 30 օր է: Օրենքով կարող են սահմանվել հատուկ` 30 օրից կարճ կամ ավելի երկար ժամկետներ:

2. Վարչական վարույթի ժամկետն սկսվում է դիմումը տվյալ վարչական մարմնում մուտքագրելու օրվանից, իսկ վարչական մարմնի նախաձեռնությամբ ընդունվելիք վարչական ակտերի համար` նախաձեռնության օրվանից:

3. Սույն օրենքով նախատեսված ժամկետները հաշվարկվում են օրացուցային օրերով:

Եթե ժամկետը լրանում է ոչ աշխատանքային օրը, ապա ժամկետն ավարտված է համարվում այդ օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրվա ժամը 18-00-ին:

(հոդվածը 03.07.26 ՀՕ-402-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում նույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո)

(03.07.26 ՀՕ-402-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

&#9878Հոդված 47. ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼԸ

1. Վարչական վարույթի ժամկետը կարող է երկարաձգվել, եթե`

ա) գործի քննարկման համար էական համարվող հանգամանքներ պարզելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել լրացուցիչ տեղեկություններ կամ փաստաթղթեր ձեռք բերել, որոնք, սույն օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան, պարտավոր է ներկայացնել դիմողը, և վարչական վարույթի մնացած ժամկետում հնարավոր չէ ըստ էության որոշում ընդունել.

բ) փորձագիտական եզրակացություն տալու համար անհրաժեշտ է ավելի երկար ժամանակ, քան վարչական վարույթի համար օրենքով սահմանված ժամկետի ավարտը.

գ) փոխօգնության կարգով միջոցներ ձեռնարկելու համար անհրաժեշտ է ավելի երկար ժամանակ, քան վարչական վարույթի համար օրենքով սահմանված ժամկետի ավարտը.

դ) վարչական ակտի ընդունմանը մասնակցում են մի քանի վարչական մարմիններ:

2. Սույն հոդվածի 1-ին մասի «ա» կետով նախատեսված դեպքում վարչական վարույթի ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 10 օր ժամկետով: Այդ դեպքում թույլատրվում է մինչև երկու անգամ երկարաձգում` հիշյալ ժամկետի պահպանմամբ:

Սույն հոդվածի 1-ին մասի «բ» կետով նախատեսված դեպքում վարչական վարույթի ժամկետը կարող է երկարաձգվել մինչև համապատասխան փորձագիտական եզրակացությունն ստանալը:

Սույն հոդվածի 1-ին մասի «գ» և «դ» կետերով նախատեսված դեպքերում վարչական վարույթի ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 30 օր ժամկետով:

3. Եթե վարչական վարույթի ժամկետի երկարաձգման համար առաջացել են սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված մեկից ավելի հիմքեր, ապա վարչական մարմինը կիրառում է դրանցից միայն մեկը, որն ավելի մեծ հնարավորություններ է ընձեռում վարույթն արագ և արդյունավետ իրականացնելու և ըստ էության որոշում ընդունելու համար:

4. Վարչական վարույթի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ վարույթն իրականացնող վարչական մարմինն ընդունում է որոշում, որի մասին սահմանված կարգով պետք է ծանուցի վարույթի մասնակիցներին կամ նրանց ներկայացուցիչներին, ինչպես նաև վարույթին մասնակցող այլ անձանց:

&#9878Հոդված 48. ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԺԱՄԿԵՏՈՒՄ ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏ ՉԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՀԵՏևԱՆՔՆԵՐԸ

1. Եթե վարչական ակտ ընդունելու իրավասություն ունեցող վարչական մարմինը սույն օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի «ա», «դ» և «ե» կետերի պահանջների պահպանմամբ ներկայացված դիմումի հիման վրա հարուցված վարույթի արդյունքում օրենքով սահմանված ժամկետում որևէ որոշում չի կայացնում, ապա վարչական ակտը համարվում է ընդունված, և դիմողը կարող է ձեռնամուխ լինել համապատասխան իրավունքի իրականացմանը, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական ակտը չի կարող ընդունված համարվել, եթե դա սույն օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետի համաձայն առ ոչինչ է:

3. Եթե դիմումով հայցվում է որոշակի փաստ հաստատելու կամ արձանագրելու վերաբերյալ վարչական ակտի ընդունում, որով սահմանված իրավունքները անձինք կարող են հավաստել սահմանված ձևի փաստաթղթով, ապա փաստաթուղթը չստացած անձն ազատվում է այն պատասխանատվությունից կամ պարտականություններից, որոնք օրենքով սահմանվում են այդ փաստաթուղթը չունենալու համար:

4. Վարչական մարմինը սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված փաստաթուղթն իր նախաձեռնությամբ կամ համապատասխան դիմումի հիման վրա դիմող անձին է տրամադրում վարչական ակտն ընդունելու ժամկետը լրանալուց հետո՝ ոչ ուշ, քան յոթնօրյա ժամկետում:

5. Վարչական մարմնի կողմից վարչական ակտը սահմանված ժամկետում չտրամադրվելու հետևանքով առաջացած վնասի հատուցման կարգի հետ կապված հարաբերությունների նկատմամբ կիրառվում են սույն օրենքի VII բաժնի կանոնները:

(48-րդ հոդվածը փոփ. 13.12.04 ՀՕ-10-Ն, խմբ. 25.10.17 ՀՕ-193-Ն)

(հոդվածը 03.07.26 ՀՕ-402-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում նույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո)

(03.07.26 ՀՕ-402-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։