Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-12-31-ից մինչև 2021-07-24։Բացել գործող տեքստը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 2. Շահառուները, հատուցման դեպքերը, հատուցման վճարման հիմքերը և շրջանակները

գործել է մինչև 2021-07-24Բացել ARLIS-ում

Հոդված 2. Շահառուները, հատուցման դեպքերը, հատուցման վճարման հիմքերը և շրջանակները

1. Սույն օրենքի համաձայն՝ շահառուներ են համարվում այն զինծառայողները, որոնց կյանքին կամ առողջությանը վնաս է պատճառվել մարտական գործողությունների հետևանքով: Սույն հոդվածի իմաստով՝

1) զինծառայողի կյանքին պատճառված վնաս է համարվում զինծառայողի զոհվելը (մահանալը) կամ անհայտ կորելը.

2) զինծառայողի առողջությանը պատճառված վնաս է համարվում ստացած վնասվածքի կամ խեղման հետևանքով զինծառայողի աշխատունակության կորուստը:

2. Զինծառայող են համարվում`

1) Հայաստանի Հանրապետության զինված ուժերում և (կամ) այլ զորքերում ժամկետային պարտադիր կամ պայմանագրային կամ զորահավաքային զինվորական ծառայություն անցնող կամ օրենքով սահմանված կարգով պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող միջոցառումներին ներգրավված ու մարտական գործողություններին մասնակցող կամ մասնակցած անձը.

2) տարածքային պաշտպանությանը ներգրավված և մարտական գործողություններին մասնակցած կամ զինվորական ծառայության մեջ չգտնվող ու մարտական գործողություններին մասնակցելու նպատակով կամավորագրված և մարտական գործողություններին մասնակցող կամ մասնակցած անձը (այսուհետ` կամավորագրված անձ): Զինվորական ծառայության մեջ չգտնվող ու մարտական գործողություններին մասնակցելու նպատակով կամավորագրված և մարտական գործողություններին մասնակցող կամ մասնակցած լինելու փաստը հաստատվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տեղեկանքով, որի տրման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

3. Զինծառայողի զոհվելու (մահանալու) կամ անհայտ բացակայող ճանաչվելու դեպքում շահառու են համարվում զինծառայողի՝

1) ամուսինը.

2) զավակը (զավակները).

3) ծնողը (ծնողները).

4) հատուցման դեպքը տեղի ունենալու օրվա դրությամբ 18 տարին չլրացած կամ անգործունակ ճանաչված կամ մինչև 23 տարեկան առկա ցերեկային ուսուցմամբ սովորող ուսանող քույրը և եղբայրը, ինչպես նաև զինծառայողի խնամքի տակ գտնված 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամ քույրը և եղբայրը, եթե հաշմանդամ են ճանաչվել մինչև 18 տարին լրանալը: Ընդ որում, քույրը և եղբայրը համարվում են շահառու, եթե նրանց ծնողները կամ միակ ծնողը մահացած են կամ ունեն աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության առնվազն երրորդ աստիճանի սահմանափակում:

4. Սույն հոդվածի 3-րդ մասում նշված շահառուների բացակայության դեպքում շահառու է համարվում նաև այլ անձը, եթե դատական կարգով հաստատվել է, որ՝

1) հատուցման դեպքը տեղի ունենալու օրվա դրությամբ այդ անձը եղել է զինծառայողի խնամքի տակ և ունեցել է հաշմանդամություն կամ աշխատանքային կենսաթոշակի իրավունք.

2) խնամել է զինծառայողին մինչև նրա 18 տարին լրանալը:

5. Հատուցման դեպք (այսուհետ՝ Հատուցման դեպք) է համարվում 2017 թվականի հունվարի 1-ից հետո տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում զինծառայողի կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելը: Հատուցման դեպքը համարվում է տեղի ունեցած, եթե՝

1) զինծառայողը զոհվել (մահացել) է մարտական գործողությունների ժամանակ կամ մարտական գործողությունների ավարտի օրվանից հետո՝ հինգ տարվա ընթացքում, մարտական գործողությունների հետևանքով ստացած վնասվածքի կամ խեղման պատճառով.

2) զինծառայողը մարտական գործողությունների ժամանակ անհայտ կորելու հետևանքով օրենքով սահմանված կարգով ճանաչվել է անհայտ բացակայող, եթե մինչև հատուցման գումար վճարելու սկիզբը զինծառայողը չի հայտնաբերվել, կամ

3) զինծառայողը մարտական գործողությունների ժամանակ ստացած վնասվածքի կամ խեղման հետևանքով ստացել է առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն։

6. Սույն օրենքի համաձայն՝ Հատուցման դեպք չի համարվում այն դեպքը, երբ զինծառայողի զոհվելը (մահանալը) կամ հաշմանդամ դառնալը իր կողմից կատարված կանխամտածված օրինազանցության հետևանք է:

(2-րդ հոդվածը լրաց., փոփ. 29.12.20 ՀՕ-502-Ն)

(29.12.20 ՀՕ-502-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։