Հոդված 24. Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը
Հոդված 24. Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը
1. Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը (այսուհետ` Խորհուրդ)` Հիմնադրամի կառավարման բարձրագույն մարմինն է:
2. Խորհուրդը կազմված է 7 անդամից: Խորհրդի անդամները նշանակվում (ընտրվում) են հինգ տարի ժամկետով:
3. Խորհրդի անդամների կազմում թափուր տեղ առաջանալու դեպքում նոր անդամը նշանակվում է Խորհրդի` անդամների ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ:
4. Խորհրդի անդամ կարող է նշանակվել կառավարման և ֆինանսների բնագավառներում մասնագիտական աշխատանքի առնվազն հինգ տարվա փորձառություն ունեցող անձը, որը նաև հարգանք է վայելում հասարակության շրջանում և ունի անբասիր համբավ: Խորհրդի անդամներն իրենց գործունեությունն իրականացնելիս պարտավոր են դրսևորել քաղաքական զսպվածություն:
5. Խորհուրդն ունի նախագահ, որին իրենց կազմից ընտրում են Խորհրդի անդամները՝ հինգ տարի ժամկետով:
6. Խորհրդի անդամները Խորհրդի աշխատանքներին մասնակցում են հասարակական հիմունքներով:
7. Խորհրդի բացառիկ իրավասությանն են պատկանում՝
1) Հիմնադրամի բյուջեի հաստատումը, ինչպես նաև Հիմնադրամի ծախսերի տարեկան թույլատրելի սահմանաչափի սահմանումը.
2) Հիմնադրամի գործադիր հանձնաժողովի անդամների նշանակումը, հանձնաժողովի ձևավորման, գործունեության և լուծարման կարգերի հաստատումը, իսկ Հիմնադրամի կանոնադրությամբ սահմանված դեպքերում՝ Հիմնադրամի այլ մարմինների ձևավորումը և դրանց լիազորությունների սահմանումը.
3) Հիմնադրամի տնօրենի նշանակումը.
4) Հիմնադրամի աուդիտն իրականացնող կազմակերպության ընտրությունը.
5) Հիմնադրամի կողմից եռամսյակային հաշվետվությունների հրապարակման կարգը, ձևը և հաշվետվությունների հաստատումը.
6) ընդունում է այն կարգերը և որոշումները, որոնց ընդունումը սույն օրենքով կամ Հիմնադրամի կանոնադրությամբ վերապահված է Խորհրդի իրավասությանը.
7) շահառուներին հատուցման գումարներ վճարելու կարգի սահմանումը.
8) Հիմնադրամի գործունեության նկատմամբ կորպորատիվ վերահսկողություն իրականացնելը.
9) սույն օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերում նշված որոշումների ընդունումը.
10) սույն օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերում նշված` բարձր վարկանիշ ունեցող օտարերկրյա կառավարությունների, կենտրոնական բանկերի և (կամ) բանկերի վարկանիշի նվազագույն շեմի սահմանումը:
8. Խորհրդի այլ իրավասությունները սահմանվում են Հիմնադրամի կանոնադրությամբ:
(24-րդ հոդվածը խմբ. 29.12.20 ՀՕ-502-Ն)
(29.12.20 ՀՕ-502-Ն օրենքն ունի անցումային դրույթ)