Հոդված 4. Վիճակախաղերի կազմակերպման գործունեություն իրականացնողները
Հոդված 4. Վիճակախաղերի կազմակերպման գործունեություն իրականացնողները
1. Հայաստանի Հանրապետությունում վիճակախաղերի կազմակերպման գործունեություն կարող են իրականացնել միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի և (կամ) Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձ հանդիսացող հիմնադիրներ ունեցող Հայաստանի Հանրապետությունում գրանցված առևտրային կազմակերպությունները` համապատասխան լիցենզիայի հիման վրա, իսկ վիճակախաղի (վիճակախաղերի) կազմակերպման և անցկացման կանոնակարգում տոտալիզատորի (այդ թվում՝ ինտերնետ տոտալիզատորի) կազմակերպման առկայության դեպքում՝ նաև խաղադրույք ընդունելու իրավունքի հիման վրա:
1.1. Խաղադրույք ընդունելու իրավունքը տրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով՝ խաղադրույքներ ընդունելու համար «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական տուրքի վճարման դեպքում:
2. Օտարերկրյա պետություններում կազմակերպված վիճակախաղերի տոմսերի իրացումը Հայաստանի Հանրապետությունում արգելվում է:
3. Ինտերնետ տոտալիզատորը համարվում է Հայաստանի Հանրապետության տարածքում կազմակերպված, եթե ինտերնետ տոտալիզատորի կազմակերպչի սերվերները տեղակայված են Հայաստանի Հանրապետության տարածքում:
4. Արգելվում է օտարերկրյա պետություններում կազմակերպված և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան լիցենզիա չունեցող կազմակերպությունների կազմակերպած վիճակախաղերին մասնակցության հնարավորության ստեղծումը, ինչպես նաև այդ խաղերի գովազդումը Հայաստանի Հանրապետության տարածքում կամ Հայաստանի Հանրապետությունում հասանելի համացանցի տիրույթում:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է oտարերկրյա պետություններում կազմակերպված և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան լիցենզիա չունեցող կազմակերպությունների կազմակերպած վիճակախաղերին մասնակցության հնարավորության և հասանելիության արգելափակման դեպքերը և կարգը:
6. Օտարերկրյա պետություններում կազմակերպված և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան լիցենզիա չունեցող կազմակերպությունների կազմակերպած վիճակախաղերի կայքերը ենթակա են արգելափակման ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորների կողմից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և ժամկետներում՝ արգելափակման ենթակա կայքերի ցանկի հիման վրա:
7. Սույն օրենքով նախատեսված արգելափակման ենթակա կայքերի ցանկը հաստատում է լիազոր մարմնի ղեկավարը՝ արգելափակման ենթակա կայքեր բացահայտող միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունների հիման վրա:
8. Արգելափակման ենթակա կայքեր բացահայտող միջգերատեսչական հանձնաժողովի կազմը, աշխատակարգը սահմանում է վարչապետը: Արգելափակման ենթակա կայքեր բացահայտող միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունները տրվում են սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:
9. Սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված դրույթների խախտման դեպքում ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորները կրում են պատասխանատվություն Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և կարգով՝ լիազոր մարմնի դիմումի համաձայն:
10. Արգելափակման ենթակա կայքեր բացահայտող միջգերատեսչական հանձնաժողովը հրապարակում է սույն հոդվածի 7-րդ մասին համապատասխան արգելափակման ենթակա կայքերի ցանկում ներառված կազմակերպությունների դրամապանակների ցանկը:
(4-րդ հոդվածը լրաց. 25.12.06 ՀՕ-21-Ն, փոփ., լրաց. 03.10.19 ՀՕ-186-Ն, լրաց. 16.12.22 ՀՕ-573-Ն, 20.03.24 ՀՕ-133-Ն)
(16.12.22 ՀՕ-573-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)