Անցնել բովանդակությանը
ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-11-25-ից մինչև 2024-06-24։Բացել գործող տեքստը
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԳլուխ 23 · ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 249. Պարտադիր բժշկական զննությունը

գործել է մինչև 2024-06-24Բացել ARLIS-ում

Հոդված 249. Պարտադիր բժշկական զննությունը

1. Մինչև տասնութ տարեկան անձինք աշխատանքի ընդունվելիս պարտավոր են անցնել պարտադիր նախնական բժշկական զննություն: Մինչև տասնութ տարեկան աշխատողները պարտավոր են ենթարկվել պարբերական բժշկական զննության՝ յուրաքանչյուր աշխատանքային տարվա ընթացքում մեկ անգամ:

2. Այն աշխատողները, ովքեր աշխատանքի վայրում կարող են ենթարկվել մասնագիտական ռիսկի գործոններին, պարտավոր են մինչև աշխատանքի ընդունվելը անցնել նախնական, իսկ աշխատանքի ընթացքում` պարբերական բժշկական զննություն` գործատուի հաստատած ժամանակացույցին համապատասխան: Այն աշխատողները, որոնց մասնագիտական ռիսկը պայմանավորված է աշխատանքի ընթացքում վտանգավոր նյութերի օգտագործման հետ, ենթակա են պարբերական բժշկական զննության նաև նույն կազմակերպությունում աշխատատեղը կամ աշխատանքը փոխելու դեպքում:

3. Բնակչության առողջության պահպանության նպատակով պարբերական բժշկական զննություն պետք է անցնեն սննդարդյունաբերության, առևտրի և հասարակական սննդի կազմակերպությունների, ջրային կառույցների, բուժական և կանխարգելիչ կազմակերպությունների, ինչպես նաև մանկական դաստիարակչական և այլ կազմակերպությունների աշխատողները:

4. Գիշերային ժամանակ կամ հերթափոխով աշխատողները պարտավոր են մինչև աշխատանքի ընդունվելը, իսկ աշխատանքի ընթացքում` պարբերաբար, յուրաքանչյուր աշխատանքային տարվա ընթացքում մեկ անգամ, անցնել բժշկական զննություն` գործատուի հաստատած ժամանակացույցին համապատասխան:

5. Գործատուն պարտավոր է հաստատել այն աշխատողների ցանկը, որոնք ենթակա են պարտադիր բժշկական զննության, և առողջությունը վերահսկող կազմակերպության հետ համաձայնեցնել բժշկական զննություն անցնելու ժամանակացույցը: Բժշկական զննություն անցնելու ժամանակացույցին աշխատողները ծանոթացվում են ստորագրությամբ:

6. Պարբերական բժշկական զննությունը կատարվում է աշխատանքային ժամերին` գործատուի միջոցների հաշվին: Բժշկական զննության արդյունքները գրանցվում են աշխատողի անձնական սանիտարական (բժշկական) գրքույկում:

7. Պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննության ենթակա մասնագիտությունների, աշխատանքների ցանկը, սանիտարական գրքույկի ձևը, ինչպես նաև բժշկական զննության անցկացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(249-րդ հոդվածը փոփ., խմբ. 24.06.10 ՀՕ-117-Ն, խմբ., փոփ., լրաց. 03.05.23 ՀՕ-160-Ն)

(03.05.23 ՀՕ-160-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։