Հոդված 12. Օրենքի 22-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Հոդված 12. Օրենքի 22-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 22. Գնահատման գործունեություն իրականացնելու համար տրամադրվող միավորները և դրանց նվազեցման կարգը, վկայականի գործողության կասեցման և դադարեցման հիմքերը
1. Գնահատողի որակավորման վկայական ստացած անձին որակավորման վկայական տրամադրելու օրվանից մեկ տարի ժամկետով գնահատման գործունեություն իրականացելու համար տրվում է 20 միավոր: Գնահատողին յուրաքանչյուր հաջորդ տարի տրվում է 20 միավոր, ընդ որում, նախորդ տարվա միավորների մնացորդը չի փոխանցվում հաջորդ տարի:
2. Սույն հոդվածով սահմանված խախտումների համար համապատասխանաբար կիրառվում են 1, 3 կամ 20 միավոր նվազեցումները: Նվազեցումները կատարում է լիազոր մարմինը մասնագիտական հանձնաժողովի միջոցով՝ գնահատման հաշվետվությունների մասնագիտական ուսումնասիրությունների շրջանակում կազմված եզրակացությունների հիման վրա։
3. 1 միավոր նվազեցումը կիրառվում է, եթե գնահատողն իր կազմած գնահատման հաշվետվությունում թույլ է տվել տեխնիկական կամ ձևաբանական սխալ կամ վրիպակ, որը չի հանգեցնում կազմած գնահատման հաշվետվության անարժանահավատության և չի ազդում գնահատված արժեքի վրա: Ընդ որում, յուրաքանչյուր գնահատման հաշվետվության ուսումնասիրության ընթացքում սույն մասով սահմանված յուրաքանչյուր սխալի համար հանվում է մեկական միավոր, իսկ նույն գնահատման հաշվետվության մեջ ամբողջությամբ նույն տեխնիկական կամ ձևաբանական սխալը կամ վրիպակը մեկից ավելի անգամ կրկնվելու դեպքում, անկախ դրանց ընդհանուր քանակից, հանվում է 1 միավոր:
4. 3 միավոր նվազեցումը կիրառվում է, եթե գնահատողն իր կազմած գնահատման հաշվետվությունում թույլ է տվել մեթոդաբանական կամ վերլուծական այնպիսի խախտում, որը չի ազդել գնահատված արժեքի վրա: Սույն մասով նախատեսված հիմքով յուրաքանչյուր խախտման համար հանվում է երեքական միավոր, ընդ որում, յուրաքանչյուր գնահատման հաշվետվության ուսումնասիրության ընթացքում յուրաքանչյուր սխալի համար հանվում է երեքական միավոր: 3 միավորի նվազեցումը կիրառվում է նաև այն դեպքում, երբ գնահատողը չի կատարել սույն օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի 1․1-ին կետով սահմանված պարտականությունը։
5. 20 միավոր նվազեցումը կատարվում է, եթե գնահատողը իր կազմած գնահատման հաշվետվությունում թույլ է տվել գնահատման արժեքի վրա ազդող սխալ կամ գնահատումն իրականացրել է շահերի բախման իրավիճակում:
6. Վկայականի գործողության կասեցման հիմքերն են՝
1) մեկ օրացուցային տարվա ընթացքում 7 միավոր նվազեցումը.
2) վկայականի գործողությունը կասեցնելու վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը.
3) պետական ծառայության, համայնքային ծառայության մեջ լինելու ողջ ժամկետի ընթացքում, ինչպես նաև հանրային պաշտոնում ընտրվելու կամ նշանակվելու դեպքում՝ իր լիազորությունների ժամկետով.
4) գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպության անդամավճարը երկու ամիս անընդմեջ չվճարելը: Սույն կետի հիմքով որակավորման վկայականը համարվում է կասեցված գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպության կողմից լիազոր մարմին ներկայացված կասեցման դիմումի և անդամավճարը վճարված չլինելու մասին տեղեկանքի հիման վրա մինչև վճարումներն ամբողջությամբ կատարելը.
5) գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպությանը մեկ ամիս անընդմեջ չանդամակցելը մինչև անդամակցելը: Սույն կետի հիմքով որակավորման վկայականը կասեցվում է գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպության կողմից լիազոր մարմին ներկայացված կասեցման դիմումի և անդամակցությունը դադարեցված լինելը հավաստող տեղեկանքի հիման վրա․
6) սույն օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի «գ» և «դ» ենթակետերով սահմանված կարգով նախատեսված տեղեկատվությունը լիազոր մարմին ոչ ամբողջական ներկայացնելը կամ չներկայացնելը։
7. Վկայականի գործողությունը լիազոր մարմնի ղեկավարի հրամանով կասեցնում է լիազոր մարմինը՝ մասնագիտական հանձնաժողովի եզրակացության հիման վրա: Սույն հոդվածի 6-րդ մասի 1-ին կետով նախատեսված հիմքով վկայականի գործողությունը լիազոր մարմնի ղեկավարի հրամանով կասեցվում է նվազագույնը մեկ ամիս ժամկետով, իսկ առավելագույնը՝ երկու տարի ժամկետով՝ սույն հոդվածի 20-րդ մասով սահմանված կարգով:
8. Սույն հոդվածի 6-րդ մասի 2-րդ և 6-րդ կետերով նախատեսված հիմքով վկայականի գործողությունը լիազոր մարմնի ղեկավարի հրամանով կասեցվում է անորոշ ժամկետով մինչև հիմքերի պատշաճ վերացումը:
9. Վկայականի գործողությունը կասեցնելու մասին լիազոր մարմնի ղեկավարի հրամանը (այն ստորագրելու լիազորություն ունեցող անձի էլեկտրոնային թվային ստորագրությամբ վավերացված կամ տեսաներածված տարբերակը) այն կայացնելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով ուղարկվում է համապատասխան որակավորված անձին՝ Կառավարության սահմանած կարգով՝ Հաշվառման ծրագրի միջոցով: Որակավորված անձը համարվում է հրամանի մասին պատշաճ ծանուցված այն Հաշվառման ծրագրում տեղադրելու օրվան հաջորդող երրորդ աշխատանքային օրը: Հրամանն ուժի մեջ է մտնում Հաշվառման ծրագրում տեղադրելու օրվան հաջորդող չորրորդ աշխատանքային օրվանից: Որակավորված անձը պարտավոր է ինքնուրույն ձեռնարկել միջոցներ Հաշվառման ծրագրից տեղեկություններ ստանալու համար և լիազոր մարմնին անհապաղ գրավոր տեղեկացնել Հաշվառման ծրագրից նման տեղեկություններն իրենից անկախ պատճառներով ստանալու անհնարինության մասին: Նման տեղեկություն ստանալու դեպքում երեք աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմինը համապատասխան հրամանը էլեկտրոնային փոստի միջոցով ուղարկում է որակավորված անձին: Վկայականի գործողության կասեցման մասին լիազոր մարմնի ղեկավարի հրամանն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող աշխատանքային օրը լիազոր մարմնի պաշտոնական կայքում կատարվում է վկայականի գործողության կասեցման մասին նշում:
10. Վկայականի գործողության կասեցման ընթացքում գնահատողն իրավունք չունի իրականացնելու գնահատման գործունեություն, բացառությամբ նախքան վկայականի կասեցումը կնքված և գործող պայմանագրերի հիման վրա սույն օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 4.1-ին կետով սահմանված դեպքերում պատվիրատուի կողմից պայմանագրով ստանձնած պարտականությունները կատարելու պահանջի հիմքով կատարված գնահատման գործունեության:
11. Վկայականի գործողության դադարեցման հիմքերն են՝
1) մեկ օրացուցային տարվա ընթացքում կամ սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված խախտման հիմքով 20 միավոր նվազեցումը.
2) վկայական ստանալու համար ներկայացված փաստաթղթերում հետագայում հայտնաբերված կեղծ կամ խեղաթյուրված տվյալների առկայությունը.
3) որակավորված անձին անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու կամ գնահատման գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը.
4) գնահատողի մահվան կամ նրան մահացած ճանաչելու մասին դատական ակտն ուժի մեջ մտնելը.
5) վկայականի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ որակավորված անձի դիմումը.
6) սույն օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված սահմանափակումը խախտելը.
7) վկայականի գործողության կասեցման ժամկետում սույն օրենքի իմաստով գնահատման գործունեություն իրականացնելը.
8) որակավորման վկայականի՝ սույն օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետը լրանալը։
12. Սույն հոդվածի 11-րդ մասի 1-ին կետով նախատեսված հիմքերի առկայության, ինչպես նաև Կառավարության սահմանած դեպքերում և կարգով լիազոր մարմինը ստեղծում է լիազոր մարմնի և գնահատման ինքնակարգավորվող կազմակերպությունների մասնակցությամբ հանձնաժողով, որի կազմը պետք է տարբերվի գործող մասնագիտական հանձնաժողովի կազմից, և որի գործունեության կարգը սահմանում է Կառավարությունը։ Սույն հոդվածի 11-րդ մասի 1-ին կետով նախատեսված հիմքերի առկայության դեպքում հանձնաժողովը, ուսումնասիրելով գնահատման հաշվետվությունը և մասնագիտական հանձնաժողովի եզրակացությունը, քվեարկությամբ՝ ձայների պարզ մեծամասնությամբ որոշում է՝ արդյոք առկա են 20 միավոր նվազեցնելու հիմքեր: Քվեարկության ժամանակ ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի կազմում ներառված լիազոր մարմնի ներկայացուցիչներն ունեն որոշիչ ձայնի իրավունք: Հանձնաժողովի նիստերն ուղիղ եթերով առցանց հեռարձակվում են լիազոր մարմնի պաշտոնական կայքում կամ սոցիալական ցանցի էջում: Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ իրավունք ունի հայտնելու հատուկ կարծիք: Հանձնաժողովի եզրակացության հիման վրա կազմվում է ամփոփաթերթ, որը կցվում է վարչական վարույթի նյութերին: Որակավորման վկայականի գործողությունը դադարեցվում է վկայականն ուժը կորցրած ճանաչելու միջոցով:
13. Վկայականի գործողությունը լիազոր մարմնի ղեկավարի՝ վկայականն ուժը կորցրած ճանաչելու մասին հրամանով դադարեցնում է լիազոր մարմինը՝ մասնագիտական հանձնաժողովի եզրակացության հիման վրա:
14. Վկայականն ուժը կորցրած ճանաչելու մասին լիազոր մարմնի ղեկավարի հրամանը (այն ստորագրելու լիազորություն ունեցող անձի էլեկտրոնային թվային ստորագրությամբ վավերացված կամ տեսաներածված տարբերակը) այն կայացնելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով ուղարկվում է համապատասխան որակավորված անձին՝ Հաշվառման ծրագրի միջոցով: Որակավորված անձը համարվում է հրամանի մասին պատշաճ ծանուցված այն Հաշվառման ծրագրում տեղադրելու օրվան հաջորդող երրորդ աշխատանքային օրը: Հրամանն ուժի մեջ է մտնում Հաշվառման ծրագրում տեղադրելու օրվան հաջորդող չորրորդ աշխատանքային օրվանից: Որակավորված անձը պարտավոր է ինքնուրույն ձեռնարկել միջոցներ Հաշվառման ծրագրից տեղեկություններ ստանալու համար և լիազոր մարմնին անհապաղ գրավոր տեղեկացնել Հաշվառման ծրագրից նման տեղեկություններն իրենից անկախ պատճառներով ստանալու անհնարինության մասին: Նման տեղեկություն ստանալու դեպքում մեկ աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմինը համապատասխան հրամանը էլեկտրոնային փոստի միջոցով ուղարկում է որակավորված անձին: Վկայականն ուժը կորցրած ճանաչելու մասին լիազոր մարմնի ղեկավարի հրամանն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող աշխատանքային օրը լիազոր մարմնի պաշտոնական կայքում կատարվում է վկայականի գործողության դադարեցման մասին նշում:
15. Ցանկացած կարգի գնահատողի որակավորման վկայականի գործողության դադարեցումից հետո անձը Կառավարության սահմանած կարգով կարող է դիմել 3-րդ կարգի գնահատողի որակավորման քննությանը մասնակցելու համար վերջինիս վկայականի գործողության դադարեցումից երեք ամիս հետո, իսկ 1-ին և 2-րդ կարգի գնահատողի որակավորման վկայականի գործողության դադարեցումից հետո համապատասխանաբար նույն կարգի գնահատողի որակավորման քննություններին մասնակցելու համար՝ վկայականի գործողության դադարեցումից մեկ տարի հետո։
16. Վկայականն ուժը կորցրած ճանաչելու կամ գործողությունը կասեցնելու մասին լիազոր մարմնի հրամանները ենթակա են անհապաղ կատարման, և դրանց դատական կարգով բողոքարկումը չի կասեցնում վիճարկվող հրամանի կատարումը:
17. Վկայականը կասեցնելու և դադարեցնելու մասին լիազոր մարմնի հրամանի պատճենը Հաշվառման ծրագրի միջոցով ուղարկվում է նաև գնահատման կազմակերպություն:
18. Սույն հոդվածով սահմանված հիմքերով 6 միավոր և ավելի նվազեցվելու դեպքում գնահատողը պարտավոր է անցնել մասնագիտական վերապատրաստում: Յուրաքանչյուր նվազեցված միավորի դիմաց գնահատողը պարտավոր է անցնել մեկական ժամ մասնագիտական վերապատրաստում:
19. Մասնագիտական վերապատրաստումն իրականացվում է բարձրագույն ուսումնական հաստատությունների, հաշվառված գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպությունների, անհատական դասընթացների, ինչպես նաև միջազգային դասընթացներին մասնակցությամբ, որոնց արդյունքները, դասընթացների ժամաքանակը և ժամկետները պետք է ամրագրված լինեն դասընթացը կազմակերպողի հավաստագրով: Մասնագիտական վերապատրաստման նվազագույն պահանջները սահմանում է լիազոր մարմինը:
20. Համապատասխան ժամաքանակով մասնագիտական վերապատրաստումը հավաստող հավաստագրի ներկայացման դեպքում լիազոր մարմնի որոշմամբ գնահատողի որակավորման վկայականի կասեցումը վերացվում է: Ընդ որում, մասնագիտական վերապատրաստման դասընթացներին մասնակցությունը հավաստող հավաստագրի տրամադրման ժամկետը կարող է նաև նախորդել վկայականը կասեցնելու կամ միավորները նվազեցնելու ամսաթվին, բայց ոչ ավելի, քան այդ ամսաթվին նախորդող մեկ տարի ժամկետը: Գնահատողի կողմից մասնագիտական վերապատրաստման դասընթացներին մասնակցությունը հավաստող հավաստագիրը լիազոր մարմին կարող է ներկայացվել վկայականի կասեցման հրամանն ուժի մեջ մտնելուց մեկ ամիս հետո՝ մինչև երկու տարին լրանալը: Վկայականը կասեցնելու մասին լիազոր մարմնի հրամանն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկու տարվա ընթացքում, սույն հոդվածով սահմանված կարգով մասնագիտական վերապատրաստման դասընթացներին մասնակցությունը հավաստող հավաստագիրը լիազոր մարմին չներկայացվելու դեպքում վկայականի գործողությունը դադարեցվում օրենքի ուժով:»: