Հոդված 26. Լիցենզիայի տրամադրման ընթացակարգը
Հոդված 26. Լիցենզիայի տրամադրման ընթացակարգը
(վերնագիրը խմբ.13.11.15 ՀՕ-121-Ն)
1. Լիցենզիան լիցենզավորող մարմնի կողմից լիցենզավորման կարգերին համապատասխան տրվող գործունեություն իրականացնելու թույլտվությունն է, որով սահմանվում են նաև տվյալ գործունեության իրականացման համար պարտադիր պահանջներ կամ պայմաններ, և դրանց պահպանման նկատմամբ իրականացվում է օրենքով սահմանված կարգով հսկողություն:
2. Լիցենզիան տրվում է լիցենզիա ստանալու համար սույն օրենքով նախատեսված բոլոր փաստաթղթերը ներկայացվելուց հետո` 23 աշխատանքային օրվա ընթացքում, եթե օրենքով այլ ժամկետ նախատեսված չէ: Լիցենզավորման կարգերով կարող են սահմանվել լիցենզիայի տրման ավելի կարճ ժամկետներ:
3. Լիցենզիան տրվում է անժամկետ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ: Ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման կամ արտահանման կամ տարանցիկ փոխադրման կամ ռազմական նշանակության արտադրանքի առևտրի միջնորդական գործունեություն իրականացնելու համար լիցենզիաները տրվում են երեք տարի ժամկետով, իսկ տրամադրված լիցենզիաների ժամկետը երկարաձգվում է հինգ տարի ժամկետով:
4. Սույն օրենքով նախատեսված դեպքերում լիցենզիան կարող է տրվել մրցույթով, որն իրականացվում է լիցենզավորման կարգերին համապատասխան:
5. Լիցենզիաները տրվում են լիցենզավորող մարմինների ստեղծած լիցենզավորող հանձնաժողովների եզրակացությունների հիման վրա: Լիցենզավորող հանձնաժողովների եզրակացությունները տրվում են սույն օրենքով և լիցենզավորող հանձնաժողովների կանոնադրություններով նախատեսված կարգով:
6. Լիցենզիաները տրվում են միայն սույն օրենքի 43-րդ հոդվածով նախատեսված գործունեության համապատասխան տեսակներով զբաղվելու համար:
(26-րդ հոդվածը լրաց. 17.09.09 ՀՕ-169-Ն, խմբ. 29.04.13 ՀՕ-48-Ն, 13.11.15 ՀՕ-121-Ն)
(26-րդ հոդվածը 25.10.17 ՀՕ-161-Ն օրենքի 4-րդ հոդվածի լրացմամբ ուժի մեջ կմտնի15.05.2018 թ.)