Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2012-07-28-ից մինչև 2013-01-01։Բացել գործող տեքստը
Գլուխ V · ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

Հոդված 29. Լիցենզիայի հայտի մերժումը

գործել է մինչև 2013-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 29. Լիցենզիայի հայտի մերժումը

1. Լիցենզիա ստանալու հայտը մերժվում է, եթե՝

1) դիմողի ներկայացրած փաստաթղթերը թերի են, ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված.

2) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն օրենքի և Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին.

3) դիմող իրավաբանական անձն օրենքի կամ իր կանոնադրության համաձայն իրավունք չունի զբաղվել հայցվող լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով.

4) դիմող ֆիզիկական անձն իրավունք չունի զբաղվել հայցվող լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով.

4.1) լիցենզիայի տրամադրումը հակասում է միջազգային անվտանգության ապահովման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններին.

5) օրենքով կամ լիցենզավորման կարգերով նախատեսված են այլ դեպքեր:

2. Պարզ լիցենզիա ստանալու հայտը գրավոր մերժվում է լիցենզավորող մարմնում հայտը մուտք լինելու օրվանից՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

Բարդ լիցենզիա ստանալու հայտը գրավոր մերժվում է լիցենզավորող մարմնում հայտը մուտք լինելու օրվանից ոչ ուշ, քան 30 օրվա ժամկետում, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

Եթե սույն մասում նշված ժամկետներում լիցենզիա ստանալու հայտը չի մերժվում, և հայտատուն օրենքով սահմանված կարգով և չափով վճարել է պետական տուրքը և վճարումը հավաստող փաստաթուղթը ներկայացրել է լիցենզավորող մարմին, ապա հայտատուն համարվում է լիցենզավորված սույն մասում նշված ժամկետին հաջորդող 5-րդ աշխատանքային օրը և այդ օրվանից իրավունք ունի զբաղվելու տվյալ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով, իսկ լիցենզավորող մարմինը պարտավոր է սույն մասում նշված ժամկետին հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուին տրամադրել լիցենզիա:

3. Լիցենզիա ստանալու հայտը մերժելու վերաբերյալ որոշման մեջ հստակ պետք է նշվեն մերժման պատճառներն ու իրավական հիմքերը:

4. Լիցենզիա ստանալու հայտում կամ կից փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպակների, ոչ իրավաբանական անճշտությունների, թվաբանական սխալների և նման այլ բացթողումների) առկայության դեպքում լիցենզավորող մարմինը հայտը կարող է բավարարել վերապահումով, որ լիցենզիան հայտատուին կտրվի դրանց վերացման դեպքում:

5. Փաստաթղթերը թերի լինելու հիմքով լիցենզիա ստանալու հայտը մերժվում է, եթե այդ մասին պատշաճ ձևով նախազգուշացումը լիցենզավորող մարմնի կողմից ուղարկվելու օրվանը հաջորդող 10 օրվա ընթացքում հայտատուն չի ներկայացնում անհրաժեշտ փաստաթղթեր կամ նյութեր:

Պարզ լիցենզիա ստանալու համար ներկայացված փաստաթղթերը թերի լինելու վերաբերյալ լիցենզավորող մարմինը նախազգուշացումն ուղարկում է դրանք ստանալու օրվանից երեք օրվա, իսկ բարդ լիցենզիայի դեպքում` 10 օրվա ընթացքում:

6. Սույն հոդվածով չնախատեսված հիմքերով լիցենզիայի հայտի մերժումն արգելվում է:

7. Լիցենզիայի հայտի մերժման դեպքում հայտատուն իրավունք ունի լիցենզիա ստանալու նոր հայտ ներկայացնել ընդհանուր կարգով:

(29-րդ հոդվածը խմբ. 15.12.05 ՀՕ-12-Ն, լրաց. 17.09.09 ՀՕ-169-Ն, փոփ., լրաց. 08.12.10 ՀՕ-227-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։