Հոդված 26. Բարդ ընթացակարգով տրվող լիցենզիան
Հոդված 26. Բարդ ընթացակարգով տրվող լիցենզիան
1. Բարդ ընթացակարգով տրվող լիցենզիան (այսուհետ` բարդ լիցենզիա) լիցենզավորող մարմնի կողմից լիցենզավորման կարգերին համապատասխան տրվող գործունեություն իրականացնելու թույլտվությունն է, որով սահմանվում են նաև տվյալ գործունեության իրականացման համար պարտադիր պահանջներ կամ պայմաններ, և դրանց պահպանման նկատմամբ իրականացվում է օրենքով սահմանված կարգով հսկողություն:
2. Բարդ լիցենզիան տրվում է լիցենզիա ստանալու համար սույն օրենքով նախատեսված բոլոր փաստաթղթերը ներկայացվելուց հետո` 23 աշխատանքային օրվա ընթացքում, եթե օրենքով այլ ժամկետ նախատեսված չէ: Լիցենզավորման կարգերով կարող են սահմանվել լիցենզիայի տրման ավելի կարճ ժամկետներ:
3. Բարդ լիցենզիան տրվում է անժամկետ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ: Ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման կամ արտահանման կամ տարանցիկ փոխադրման կամ ռազմական նշանակության արտադրանքի առևտրի միջնորդական գործունեություն իրականացնելու համար լիցենզիաները տրվում են երեք տարի ժամկետով, իսկ տրամադրված լիցենզիաների ժամկետը երկարաձգվում է 5 տարի ժամկետով:
4. Սույն օրենքով նախատեսված դեպքերում բարդ լիցենզիան կարող է տրվել մրցույթով, որն իրականացվում է լիցենզավորման կարգերին համապատասխան:
5. Բարդ լիցենզիաները տրվում են լիցենզավորող մարմինների կողմից ստեղծված լիցենզավորող հանձնաժողովների եզրակացությունների հիման վրա:Լիցենզավորող հանձնաժողովների եզրակացությունները տրվում են սույն օրենքով և լիցենզավորող հանձնաժողովների կանոնադրություններով նախատեսված կարգով:
6. Բարդ լիցենզիաները տրվում են միայն սույն օրենքի 43-րդ հոդվածով նախատեսված գործունեության համապատասխան տեսակներով զբաղվելու համար:
(26-րդ հոդվածը լրաց. 17.09.09 ՀՕ-169-Ն, խմբ. 29.04.13 ՀՕ-48-Ն)
(26-րդ հոդվածը 13.11.15 ՀՕ-121-Ն օրենքի 5-րդ հոդվածի խմբագրմամբ ուժի մեջ կմտնի 25.05.16 թ.)