Հոդված 15. Ներմուծվող սննդամթերքի և կենդանական ծագման մթերքի զննման և ուղեկցող փաստաթղթերին համապատասխանության որոշման ու հաշվառման համար վճարի սահմանումը և վճարման կարգը
Հոդված 15. Ներմուծվող սննդամթերքի և կենդանական ծագման մթերքի զննման և ուղեկցող փաստաթղթերին համապատասխանության որոշման ու հաշվառման համար վճարի սահմանումը և վճարման կարգը
1. Լիազոր մարմնի կազմում գործող սահմանային հսկիչ կետի տեսուչը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխանությունը պարզելու նպատակով սահմանային անցումային կետում զննում է ներմուծվող սննդամթերքը և կենդանական ծագման մթերքը և որոշում ուղեկցող փաստաթղթերին համապատասխանությունը: Զննման ընթացքում ուսումնասիրվում են միայն փաստաթղթեր, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված դեպքերի:
2. Ներմուծվող սննդամթերքի և (կամ) կենդանական ծագման մթերքի զննման և ուղեկցող փաստաթղթերին համապատասխանության որոշման ու հաշվառման համար տնտեսավարող սուբյեկտից գանձվում է վճար`
1) կես տոննայից մինչև մեկ տոննա քաշի համար` սահմանված նվազագույն աշխատավարձի չափով.
2) մեկ տոննան գերազանցող քաշի դեպքում` լրացուցիչ յուրաքանչյուր տոննայի համար երեք հարյուր դրամի չափով:
3. Մինչև կես տոննա քաշի համար վճար չի գանձվում:
4. Սույն հոդվածի 2-րդ մասի իմաստով քաշի մեկ միավոր է համարվում միևնույն իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից ներմուծվող սննդամթերքի և (կամ) կենդանական ծագման մթերքի միավորների որոշակի քանակություն, որն ուղեկցվում է մեկ ապրանքաուղեկից փաստաթղթով:
5. Սահմանված վայրերից և աշխատանքային ժամերից դուրս ներմուծվող սննդամթերքի և (կամ) կենդանական ծագման մթերքի վերաբերյալ լիազոր մարմնի կողմից իրականացվող գործառույթների կամ դրանց առանձին գործողությունների իրականացման համար տնտեսավարող սուբյեկտից վճարը գանձվում է սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դրույքաչափերի կրկնապատիկի չափով:
6. Ներմուծվող սննդամթերքի և (կամ) կենդանական ծագման մթերքի զննման և ուղեկցող փաստաթղթերին համապատասխանության որոշման ու հաշվառման համար գանձման ենթակա գումարը տնտեսավարող սուբյեկտը կամ նրա ներկայացուցիչը փոխանցում կամ վճարում է լիազոր մարմնի նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի հատուկ հաշվին, ներմուծվող սննդամթերքի և (կամ) կենդանական ծագման մթերքի զննման և ուղեկցող փաստաթղթերին համապատասխանության որոշման ու հաշվառման գործողությունների ավարտից հետո` երեք բանկային օրվա ընթացքում:
7. Լիազոր մարմնի նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի հատուկ հաշվում գոյացած միջոցներն օգտագործվում են լիազոր մարմնի կամ դրա պաշտոնատար անձանց վարչարարության հետևանքով պատճառված վնասի հատուցման (բացառությամբ պետական բյուջե գանձված գումարները պետական բյուջեի մուտքերի համապատասխան հաշիվներից վերադարձնելու դեպքերի), լիազոր մարմնի աշխատողների խրախուսման և համակարգի զարգացման, սույն մասի երկրորդ պարբերությունում նշված դեպքում վարչարարության հետևանքով պատճառված վնասի հատուցմանն ուղղված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի կամ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի այլ միջոցների վերականգնման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած այլ ուղղությունների համար:
Լիազոր մարմնի խրախուսման և զարգացման ֆոնդի միջոցների անբավարարության դեպքում լիազոր մարմնի կամ դրա պաշտոնատար անձանց վարչարարության հետևանքով պատճառված վնասի հատուցումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի կամ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի այլ միջոցների հաշվին: Այդ նպատակով տրամադրված միջոցները վերականգնվում են լիազոր մարմնի խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Ընդ որում, օրենքով սահմանված կարգով պաշտոնատար անձանց ներկայացված հետադարձ պահանջների բավարարումից ստացվող գումարներն ուղղվում են լիազոր մարմնի նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի համալրմանը։
Լիազոր մարմնի նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների օգտագործման կարգը և առաջնահերթությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(15-րդ հոդվածը խմբ. 20.12.17 ՀՕ-29-Ն)