Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
1. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են`
1) լիազոր մարմին` սննդամթերքի և կերի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի բնագավառներում վերահսկողություն և օրենքով սահմանված այլ գործառույթներ իրականացնող` Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը.
2) պետական վերահսկողություն` վերահսկող լիազոր մարմնի կողմից իրականացվող միջոցառում (գործողություն) կամ միջոցառումների (գործողությունների) համալիր, որը նպատակաուղղված է սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի, անասնաբուժական և բուսասանիտարական հսկման ենթակա ապրանքների, ինչպես նաև պեստիցիդների և ագրոքիմիկատների, սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության, բուսասանիտարիայի ոլորտները կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխանության ապահովմանը.
3) սահմանային պետական վերահսկողություն` վերահսկող լիազոր մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության պետական սահմանով իրավաբանական և ֆիզիկական անձանց, անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող և արտահանվող (վերաարտահանվող) սննդամթերքի, Կառավարության հաստատած ցանկով սահմանված սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների, անասնաբուժական և բուսասանիտարական հսկման ենթակա ապրանքների Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին (արտահանման և վերաարտահանման դեպքերում` նաև ներմուծման երկրի սահմանած պահանջներին) համապատասխանությունը պարզելու և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով դրանց ներմուծմանը, արտահանմանը և տարանցիկ փոխադրմանն ուղղված վերահսկողական միջոցառումների համալիր, իսկ անհամապատասխանության դեպքում` կանխելուն ուղղված վերահսկողական միջոցառումների համալիր.
4) ստուգում` «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և դեպքերում վերահսկող լիազոր մարմնի կողմից իրականացվող գործընթաց.
5) դիտարկում` սույն օրենքի 8-րդ հոդվածով սահմանված կարգով` սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի, սննդային և կենսաբանական ակտիվ հավելումների մակնշմանը և պիտանիության ժամկետին, կենդանական ծագման մթերքի պահման պայմաններին, ինչպես նաև պեստիցիդների և ագրոքիմիկատների բաղադրությանն ու մակնշմանը ներկայացվող պահանջներին համապատասխանության ապահովման նպատակով իրականացվող գործողությունների համալիր.
6) վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի (ՎՎՀԿԿ) համակարգի աուդիտ (այսուհետև` աուդիտ)` պարբերաբար իրականացվող հսկողական միջոցառումներ, որոնք նպատակաուղղված են սննդամթերքի արտադրությունում ներդրված ՎՎՀԿԿ համակարգի պլանավորած գործողությունների և դրանց արդյունքների համապատասխանությունը, ինչպես նաև սննդի շղթայի օպերատորի պլանավորված միջոցառումների նպատակահարմարությունը և արդյունավետությունը գնահատելուն.
7) բուսասանիտարական մշտադիտարկում (մոնիթորինգ)` սույն օրենքի 11-րդ հոդվածով սահմանված կարգով` բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների բուսասանիտարական զննում և (կամ) բուսասանիտարական փորձաքննություն` վնասակար օրգանիզմների առկայությունը կամ բացակայությունը որոշելու նպատակով.
8) պետական վերահսկողություն իրականացնող անձ (տեսուչ)` սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության, բուսասանիտարիայի ոլորտները կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների պահպանման և կատարման նկատմամբ օրենքով սահմանված կարգով վերահսկողություն իրականացնելու լիազորություն ունեցող պաշտոնատար անձ.
9) տնտեսավարող սուբյեկտ` անհատ ձեռնարկատեր կամ իրավաբանական անձ, որն իրականացնում է սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի, անասնաբուժական և բուսասանիտարական հսկման ենթակա ապրանքների, ինչպես նաև պեստիցիդների և ագրոքիմիկատների ներմուծման, արտահանման, վերաարտահանման, արտադրության և շրջանառության փուլերի հետ կապված գործունեություն.
10) տարանցիկ փոխադրվող ապրանք` ապրանք, որը մաքսային հսկողության ներքո փոխադրվում է Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով մուտքի մաքսային մարմնից ելքի մաքսային մարմին` ենթարկվելով մի շարք ընթացակարգերի, որոնք ապահովում են դրա ամբողջական, առանձնացված և փաթեթավորված պահպանությունը.
11) վերաարտահանվող ապրանք` ապրանք, որը ներմուծվող երկրից հետագայում արտահանվում է: Ապրանքը կարող է պահպանվել, բաժանվել մասերի, խառնվել այլ ապրանքների հետ կամ վերափաթեթավորվել.
12) նմուշառում` սննդամթերքից, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերից կամ այլ նյութերից (ներառյալ` միջավայրից) նմուշներ վերցնելը` հետազոտության միջոցով սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի անվտանգությանը, մակնշմանը, փաթեթավորմանը և որակին ներկայացվող պահանջներին համապատասխանությունը պարզելու համար.
13) արտահանման կամ վերաարտահանման բուսասանիտարական հավաստագիր` հավաստագիր, որը տրվում է բուսասանիտարական ստուգման արդյունքների հիման վրա և հավաստում է բուսասանիտարական հսկման ենթակա ապրանքների համապատասխանությունը ներմուծող երկրի արտահանման և վերաարտահանման համար սահմանված բուսասանիտարական կանոնների պահանջներին.
14) կասեցում` գործընթաց, որի միջոցով սահմանափակվում է սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի արտադրությունը, վերամշակումը, շուկայահանումը.
15) ռիսկ` մարդու կյանքին և առողջությանը սպառնացող վտանգի առաջացման հավանականությունը և այդ վտանգի ազդեցության աստիճանը.
16) ռիսկի վերլուծություն` ռիսկի գնահատման, ռիսկի կառավարման և ռիսկի մասին տեղեկատվության փոխանակման երեք առանձին փոխկապակցված փուլերից կազմված գործընթաց.
17) ռիսկի գնահատում` գիտական կազմակերպությունների (կենտրոնների) կողմից իրականացվող գիտականորեն հիմնավորված գործընթաց, որը կազմված է վտանգի աղբյուրի նույնականացման, վտանգի աղբյուրի բնութագրման, վտանգին ենթակա լինելու կամ վտանգի հանդեպ անպաշտպանվածության աստիճանի գնահատման և ռիսկի բնութագրման փուլերից.
18) ռիսկի կառավարում` ռիսկի գնահատումից տարբերվող գործընթաց, որով շահագրգիռ կողմերի հետ խորհրդակցությունների անցկացման միջոցով լիազոր մարմնի կողմից քննության են առնվում ռիսկի կառավարմանն ուղղված քաղաքականության հնարավոր միջոցները, դիտարկվում են ռիսկի գնահատման արդյունքները և այլ հիմնավոր գործոններ, և անհրաժեշտության դեպքում ընտրվում և կիրառվում են ռիսկի կանխմանը, վերացմանը կամ նվազեցմանն ուղղված համապատասխան գործողություններ, այդ թվում` վերահսկողության միջոցառումներ.
19) ռիսկի հաղորդակցություն` ռիսկի վերլուծության գործընթացում ռիսկը գնահատողների, ռիսկը կառավարողների, սպառողների, սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներում գործառնություններ իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձանց, գիտական (ակադեմիական) շրջանակների ներկայացուցիչների և շահագրգիռ այլ կողմերի միջև վտանգի, ռիսկի, ռիսկին առնչվող գործոնների և ռիսկի վերաբերյալ ընկալումների մասին տեղեկությունների և կարծիքների փոխանակում, ներառյալ` ռիսկի գնահատման արդյունքների և ռիսկի կառավարման առնչությամբ ընդունված որոշումների վերաբերյալ բացատրությունները.
20) անվտանգությունը հիմնավորող ուղեկցող փաստաթուղթ` անասնաբուժասանիտարական հաշվառված ձևաթղթեր (վկայական, տեղեկանք, սերտիֆիկատ), բուսասանիտարական հավաստագիր, առողջության սերտիֆիկատ, որակի և անվտանգության կառավարման համակարգի սերտիֆիկատ, համապատասխանության հայտարարագիր, փորձարկման լաբորատորիայի արձանագրություն.
21) սանիտարահիգիենիկ հետազոտություն (փորձարկում)` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հավատարմագրված և Կառավարության նշանակած լաբորատորիաներում վերահսկողության ենթակա սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի սանիտարահամաճարակային և հիգիենիկ գնահատում (փորձաքննություն)` մեկ կամ մի քանի բնութագրերի քանակական կամ որակական որոշմամբ:
2. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված ծառայության մատուցումը ներառում է լիազոր մարմնի կողմից`
1) Կառավարության որոշմամբ սահմանված ապրանքների պետական գրանցումը և ռեեստրի վարումը.
2) Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծվող սննդամթերք, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութեր արտադրողների և մատակարարների ռեեստրի վարումը.
3) Հայաստանի Հանրապետությունից Եվրասիական տնտեսական միության անդամ մյուս պետություն փոխադրվող, Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող անասնաբուժական վերահսկման (հսկողության) ենթակա ապրանքների արտադրություն, վերամշակում և (կամ) պահպանում իրականացնող կազմակերպությունների և անձանց ռեեստրների վարումը.
4) Հայաստանի Հանրապետությունում սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի սննդի շղթայում գործառնություններ իրականացնող և ծառայություններ մատուցող տնտեսավարող սուբյեկտների գրանցումը.
5) կենդանական ծագման սննդամթերք արտադրող տնտեսավարող սուբյեկտների գործունեության համապատասխանության եզրակացության տրամադրումը.
6) Հայաստանի Հանրապետությունում կերի և կերային հավելումների արտադրության և շրջանառության փուլերում գործառնություններ իրականացնող կերի շղթայի օպերատորների գրանցումը.
7) կերային հավելումների, պրեմիքսների, համակցված կերերի արտադրության և շրջանառության փուլերում ընդգրկված կերի շղթայի օպերատորների գործունեության համապատասխանության եզրակացության տրամադրումը.
8) անասնաբուժական դեղամիջոցների գրանցումը.
9) բույսերի պաշտպանության միջոցների, պարարտանյութերի, պեստիցիդների, ագրոքիմիկատների պետական գրանցումը.
10) բույսերի պաշտպանության միջոցների և պարարտանյութերի ներմուծման եզրակացության տրամադրումը:
3. Սույն հոդվածով սահմանված հասկացությունները կիրառվում են սույն օրենքի և դրա կիրառման ոլորտները կարգավորող այլ իրավական ակտերի իմաստով:
(2-րդ հոդվածը փոփ. 17.12.14 ՀՕ-237-Ն, խմբ., փոփ. 23.03.18 ՀՕ-284-Ն)