Անցնել բովանդակությանը
Գլուխ 2 · ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ, ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ

Հոդված 7. Ռիսկը և ռիսկի վերլուծությունը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7. Ռիսկը և ռիսկի վերլուծությունը

1. Մարդու կյանքի և առողջության, կենդանիների առողջության և բարեկեցության, բույսերի առողջության պաշտպանության նպատակով սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներում պետական վերահսկողությունն իրականացվում է ռիսկի վերլուծության հիման վրա, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

2. Ռիսկի վերլուծությունը կազմված է ռիսկի գնահատման, ռիսկի կառավարման և ռիսկի հաղորդակցության երեք առանձին փոխկապակցված փուլից:

3. Ռիսկի գնահատումն իրականացնում է գիտական կազմակերպությունը (կենտրոնը), որին լիազորություններ տրվում, դրանք կասեցվում կամ դադարեցվում են Կառավարության սահմանած կարգով: Ռիսկի գնահատումը գիտականորեն հիմնավորված գործընթաց է, որը կազմված է վտանգի նույնականացման, վտանգի բնութագրման, վտանգին ենթակա լինելու կամ վտանգի հանդեպ անպաշտպանվածության աստիճանի գնահատման և ռիսկի բնութագրման փուլերից: Ռիսկի գնահատումը հիմնվում է առկա գիտական տվյալների վրա և իրականացվում է անկախ, օբյեկտիվ և թափանցիկ եղանակով:

5. Ռիսկի կառավարումն իրականացնում է լիազոր մարմինը, որի ընթացքում քննության են առնվում ռիսկի կառավարմանն ուղղված քաղաքականության հնարավոր միջոցները, դիտարկվում են ռիսկի գնահատման արդյունքները և այլ հիմնավոր գործոններ, և անհրաժեշտության դեպքում ընտրվում և կիրառվում են ռիսկի կանխմանը, վերացմանը կամ նվազեցմանն ուղղված համապատասխան գործողություններ, այդ թվում` վերահսկողության միջոցառումներ:

6. Ռիսկի մասին տեղեկատվության փոխանակումը ռիսկի վերլուծության գործընթացում ռիսկը գնահատողների, ռիսկը կառավարողների, սպառողների, տնտեսավարող սուբյեկտների, գիտական (ակադեմիական) շրջանակների ներկայացուցիչների և շահագրգիռ այլ կողմերի միջև վտանգի, ռիսկի, ռիսկին առնչվող գործոնների և ռիսկի վերաբերյալ ընկալումների մասին տեղեկությունների և կարծիքների փոխանակումն է, ներառյալ` ռիսկի գնահատման արդյունքների և ռիսկի կառավարման առնչությամբ ընդունված որոշումների վերաբերյալ բացատրությունները:

7. Այն դեպքերում, երբ առկա տեղեկատվության գնահատման հիման վրա հաստատվում է առողջության վրա վնասակար ազդեցության հնարավորությունը, բայց գիտական տվյալներով դա դեռևս ապացուցված չէ, ապա անվտանգության ապահովման նպատակով կարող են ձեռնարկվել ռիսկի կառավարման նախնական քայլեր` մինչև ավելի լայնածավալ ռիսկի գնահատման համար գիտական տեղեկատվության հետագա ստացումը:

8. Ռիսկերի նկարագրությունը և վերահսկողությունն ապահովելու նպատակով լիազոր մարմինը հավաքում և վերլուծում է տվյալներ, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն ազդում են սննդամթերքի և կերի անվտանգության վրա:

(7-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-284-Ն, 12.04.24 ՀՕ-210-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։