Հոդված 15. Ներմուծվող սննդամթերքի և կենդանական ծագման մթերքի զննման և ուղեկցող փաստաթղթերին համապատասխանության որոշման ու հաշվառման համար վճարի սահմանումը և վճարման կարգը
Հոդված 15. Ներմուծվող սննդամթերքի և կենդանական ծագման մթերքի զննման և ուղեկցող փաստաթղթերին համապատասխանության որոշման ու հաշվառման համար վճարի սահմանումը և վճարման կարգը
1. Լիազոր մարմնի կազմում գործող սահմանային հսկիչ կետի տեսուչը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխանությունը պարզելու նպատակով սահմանային անցումային կետում զննում է ներմուծվող սննդամթերքը և կենդանական ծագման մթերքը և որոշում ուղեկցող փաստաթղթերին համապատասխանությունը: Զննման ընթացքում ուսումնասիրվում են միայն փաստաթղթեր, բացառությամբ Կառավարության կողմից սահմանված դեպքերի:
2. Ներմուծվող սննդամթերքի և (կամ) կենդանական ծագման մթերքի զննման և ուղեկցող փաստաթղթերին համապատասխանության որոշման ու հաշվառման համար տնտեսավարող սուբյեկտից գանձվում է վճար`
1) կես տոննայից մինչև մեկ տոննա քաշի համար` սահմանված նվազագույն աշխատավարձի չափով.
2) մեկ տոննան գերազանցող քաշի դեպքում` լրացուցիչ յուրաքանչյուր տոննայի համար երեք հարյուր դրամի չափով:
3. Մինչև կես տոննա քաշի համար վճար չի գանձվում:
4. Սույն հոդվածի 2-րդ մասի իմաստով քաշի մեկ միավոր է համարվում միևնույն իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից ներմուծվող սննդամթերքի և (կամ) կենդանական ծագման մթերքի միավորների որոշակի քանակություն, որն ուղեկցվում է մեկ ապրանքաուղեկից փաստաթղթով:
5. Սահմանված վայրերից և աշխատանքային ժամերից դուրս ներմուծվող սննդամթերքի և (կամ) կենդանական ծագման մթերքի վերաբերյալ լիազոր մարմնի կողմից իրականացվող գործառույթների կամ դրանց առանձին գործողությունների իրականացման համար տնտեսավարող սուբյեկտից վճարը գանձվում է սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դրույքաչափերի կրկնապատիկի չափով:
6. Ներմուծվող սննդամթերքի և (կամ) կենդանական ծագման մթերքի զննման և ուղեկցող փաստաթղթերին համապատասխանության որոշման ու հաշվառման համար գանձման ենթակա գումարը տնտեսավարող սուբյեկտը կամ նրա ներկայացուցիչը փոխանցում կամ վճարում է պետական բյուջե, ներմուծվող սննդամթերքի և (կամ) կենդանական ծագման մթերքի զննման և ուղեկցող փաստաթղթերին համապատասխանության որոշման ու հաշվառման գործողությունների ավարտից հետո` երեք բանկային օրվա ընթացքում:
7. (մասն ուժը կորցրել է 14.11.19 ՀՕ-237-Ն)
(15-րդ հոդվածը խմբ. 20.12.17 ՀՕ-29-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-284-Ն, 14.11.19 ՀՕ-237-Ն)