Հոդված 28. Ազգային ռեֆերենս փորձարկման լաբորատորիաները
Հոդված 28. Ազգային ռեֆերենս փորձարկման լաբորատորիաները
1. Սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներում ազգային ռեֆերենս փորձարկման լաբորատորիան նշանակվում է պետական լաբորատորիա՝ Կառավարության սահմանած կարգով:
2. Ազգային ռեֆերենս փորձարկման լաբորատորիան պետք է`
1) իր լիազորությունների սահմաններում` համարգործակցի փորձարկման այլ լաբորատորիայի կամ լաբորատորիաների հետ.
2) իր լիազորությունների սահմաններում` նմուշների փորձարկման և արդյունքների վերլուծության համար համակարգի փորձարկման այլ լաբորատորիայի գործունեությունը.
3) ըստ պահանջի, իրականացնի նմուշների համեմատական փորձարկումների կազմակերպում փորձարկում իրականացնող լաբորատորիաների միջև և համեմատական փորձարկումների կատարման ժամկետների հսկողություն.
4) իրականացնի գործունեության արդյունքում ստացվող տեղեկատվության դասակարգում և գործունեության էլեկտրոնային համակարգի ստեղծում և վարում.
5) իրականացնի լիազոր մարմնին և փորձարկման այլ լաբորատորիաներին տեղեկատվության տրամադրում.
6) իրականացնի լիազոր մարմնին գիտական և տեխնիկական աջակցության ապահովում:
3. Ազգային ռեֆերենս փորձարկման լաբորատորիան`
1) համակարգում է ախտորոշման և անվտանգության բացահայտմանն ուղղված փորձաքննությունների իրականացման գիտահետազոտական նոր մեթոդները.
2) կիրառում է միջազգային ընդունված չափորոշիչներ և մեթոդներ, ապահովում դրանց ներդրման գործընթացը.
3) կատարում է լաբորատոր հետազոտությունների վիճարկելի արդյունքների պաշտոնական հաստատումը կամ հերքումը.
4) իրականացնում է լաբորատորիաների մեթոդական ղեկավարում և հսկողություն`
ա. ստանդարտների և հետազոտման մեթոդների կիրառման համակարգում,
բ. հետազոտությունների որակի հավաստման համար,
գ. ստանդարտ մեթոդների կիրառման հավաստմամբ` կենդանիների հիվանդությունների ախտորոշման, կենդանական ծագման հումքի և մթերքի, կերատեսակների, անասնաբուժական դեղամիջոցների անվտանգության ապահովման նպատակով,
դ. ստանդարտ հետազոտական նյութերի և ստանդարտ նմուշների ապահովման գործում,
ե. տեխնիկական աջակցության հարցում,
զ. այլ լաբորատորիաների կողմից ստացված արդյունքների վերաբերյալ ընտրողական հետազոտությունների միջոցով,
է. երկրի լաբորատորիաների համար միջլաբորատոր ուսումնասիրությունների նախապատրաստում և կազմակերպում, միջազգային և միջպետական համագործակցության շրջանակներում հետազոտական լաբորատոր հետազոտություններին և ուսումնասիրություններին մասնակցություն,
ը. անասնաբուժական լաբորատորիաների աշխատակազմի որակավորման և որակավորման բարելավման դասընթացների հարցերում.
5) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:
4. Ազգային ռեֆերենս փորձարկման լաբորատորիան համագործակցում է միջազգային և տարածաշրջանային փորձարկման այլ ռեֆերենս լաբորատորիաների հետ:
(28-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-284-Ն, լրաց. 25.10.23 ՀՕ-330-Ն)
(25.10.23 ՀՕ-330-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)