Հոդված 6. Բնության հատուկ պահպանվող տարածքի կառավարման պլանը
Հոդված 6. Բնության հատուկ պահպանվող տարածքի կառավարման պլանը
1. Բնության հատուկ պահպանվող տարածքի կառավարման պլանը (այսուհետ՝ կառավարման պլան) կազմվում է լիազորված պետական մարմնի հաստատած մեթոդական ցուցումների համաձայն:
2. Կառավարման պլանն ընդգրկում է՝
ա) բնության հատուկ պահպանվող տարածքի մասին հիմնական տեղեկատվությունը, այդ թվում` էկոհամակարգերի և դրանց բաղադրիչների (ներառյալ` դրանց պաշարների, վիճակի և սպառնացող վտանգների) նկարագրությունը և անցած ժամանակաշրջանում դրանց փոփոխությունների գնահատականն ու զարգացման հեռանկարները.
բ) բնության հատուկ պահպանվող տարածքի գոտիավորման, սահմանների, կենսաբանական բազմազանության, այդ թվում՝ կենսաբանական պաշարների տեղաբաշխման, հողօգտագործման և այլ թեմատիկ քարտեզներն ու հատակագծերը.
գ) բնության հատուկ պահպանվող տարածքի սոցիալ-տնտեսական և բնօգտագործման առանձնահատկությունները.
դ) բնության հատուկ պահպանվող տարածքի պահպանությանը և օգտագործմանը մասնակցող շահագրգիռ կողմերը.
ե) բնության հատուկ պահպանվող տարածքի մոնիթորինգի տվյալների հիման վրա մարդածին բացասական ազդեցության կանխարգելմանն ու մեղմացմանը (վերացմանը) ուղղված գործողությունների ամենամյա պլանը և ժամանակացույցը.
զ) բնության հատուկ պահպանվող տարածքի պահպանության, դրանում գիտահետազոտական ուսումնասիրության և այլ աշխատանքների կատարման համար անհրաժեշտ ծախսերը և ֆինանսավորման աղբյուրները: