Հոդված 4. Օրենսգրքի 272-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-1.5-րդ մասերով.
Հոդված 4. Օրենսգրքի 272-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-1.5-րդ մասերով.
«1.1. Ձերբակալված կամ կալանքի տակ գտնվող կամ ազատազրկման ձևով պատիժ կրող մեղադրյալի մասնակցությունը դատական նիստին կարող է ապահովվել տեսակապի միջոցով՝ մեղադրյալի միջնորդությամբ կամ դատարանի նախաձեռնությամբ՝ հասարակական կարգի կամ առողջության կամ վարույթի մասնավոր մասնակցի հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության կամ նրա անվտանգության ապահովման կամ հանցագործությունների կանխման կամ ողջամիտ ժամկետում դատական քննության ապահովման նպատակով:
1.2. Տեսակապի միջոցով դատական նիստին ձերբակալված կամ կալանքի տակ գտնվող կամ ազատազրկման ձևով պատիժ կրող մեղադրյալի մասնակցության դեպքում պետք է երաշխավորվի, որ՝
1) դատական վարույթի մասնակիցները և մեղադրյալը հստակորեն տեսնեն ու լսեն միմյանց.
2) մեղադրյալը և նրա պաշտպանը դատական նիստի ընթացքում խորհրդապահական կարգով հաղորդակցվելու հնարավորություն ունենան.
3) մեղադրյալը հնարավորություն ունենա դատական նիստի ընթացքում տեսակապի միջոցով հետազոտելու բոլոր ապացույցները և վարույթի այլ նյութերը:
1.3. Մեղադրյալի մասնակցությունը դատական նիստին տեսակապով չի կարող ապահովվել, եթե՝
1) տեսակապով մասնակցության դեպքում հնարավոր չէ ապահովել սույն հոդվածի 1.2-րդ մասով նախատեսված պայմաններից մեկը.
2) տեսակապով մասնակցության դեմ փաստարկված առարկում է հանրային մեղադրողը.
3) դատարանի նախաձեռնությամբ տեսակապով մասնակցության ապահովման դեմ փաստարկված առարկում է մեղադրյալը:
1.4. Եթե սույն հոդվածի 1.3-րդ մասով նախատեսված հանգամանքները ծագում են դատական նիստին մեղադրյալի մասնակցությունը տեսակապով ապահովելու մասին որոշման կայացումից հետո, ապա դատարանը կայացնում է մեղադրյալի մասնակցությունն ընդհանուր կարգով իրականացնելու մասին որոշում:
1.5. Դատական նիստին տեսակապի միջոցով մեղադրյալի մասնակցությունը և դատական նիստի ընթացքում մեղադրյալի ու նրա պաշտպանի՝ խորհրդապահական կարգով հաղորդակցվելու հնարավորությունն ապահովելու համար դատական նիստերի դահլիճում, քրեակատարողական հիմնարկներում, ձերբակալված և կալանավորված անձանց պահելու վայրերում կիրառվող տեխնիկական միջոցների բնութագիրը, չափանիշները և օգտագործման կարգը սահմանում է Կառավարությունը:»: