Հոդված 21. ՌԷԳ-ի ենթակա հիմնադրույթային փաստաթղթերի տեսակները
Հոդված 21. ՌԷԳ-ի ենթակա հիմնադրույթային փաստաթղթերի տեսակները
1. ՌԷԳ-ի ենթակա են սոցիալ-տնտեսական զարգացման, կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության, էներգետիկայի, քաղաքաշինության, տրանսպորտի, կապի, գյուղատնտեսության, զբոսաշրջության, տարածքային զարգացման, ընդերքօգտագործման, արդյունաբերական ճյուղերի, ռեկրեացիայի, անտառատնտեսության, ձկնաբուծության, թափոնների գործածության, ջրային տնտեսության բնագավառներին վերաբերող հիմնադրույթային փաստաթղթերի նախագծերը, որոնք սույն օրենքի 12-րդ հոդվածում թվարկված նախատեսվող գործունեությունների տեսակների կամ «Անդրսահմանային ենթատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» կոնվենցիայի ռազմավարական էկոլոգիական գնահատման արձանագրության 1-ին և 2-րդ հավելվածներով սահմանված նախագծերի իրականացման հիմքեր են պարունակում: Հիմնադրույթային փաստաթղթի՝ շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցության չափանիշները սահմանվում են ՌԷԳ կարգով։
2. ՌԷԳ-ի ենթակա են բոլոր հիմնադրույթային փաստաթղթերի նախագծերը և դրանց այն փոփոխությունները, որոնք հնարավոր ազդեցություն կունենան բնության հատուկ պահպանվող և անտառային տարածքների, պատմամշակութային հուշարձանների վրա: ՌԷԳ-ի և փորձաքննության ենթակա լինելը որոշում է լիազոր մարմինը՝ նախաձեռնողի հետ համատեղ խորհրդակցությունների արդյունքով:
3. Հիմնադրույթային փաստաթղթերի փոփոխություններին կամ տարածքների պլանավորմանը վերաբերող նախագծերի ՌԷԳ-ի և փորձաքննության ենթակա լինելը որոշում է լիազոր մարմինը՝ նախաձեռնողի հետ համատեղ խորհրդակցությունների արդյունքով:
4. ՌԷԳ-ի և փորձաքննության ենթակա չեն պետական անվտանգության ապահովմանը և արտակարգ իրավիճակներին վերաբերող հիմնադրույթային փաստաթղթերի նախագծերը:
(21-րդ հոդվածը լրաց. 20.01.26 ՀՕ-25-Ն)