Հոդված 21. Փորձաքննական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելը
Հոդված 21. Փորձաքննական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելը
1. Շրջակա միջավայրի վիճակի և (կամ) շրջակա միջավայրի ոլորտը կանոնակարգող օրենքներով ու իրավական այլ ակտերով սահմանված պահանջների փոփոխման դեպքում լիազոր մարմինը ձեռնարկողին ծանուցում է բնապահպանական նոր պայմանների և դրանց իրականացման ժամկետների վերաբերյալ: Ծանուցումը ստանալուց հետո ձեռնարկողի՝ սահմանված ժամկետում այդ պայմանները չկատարելու դեպքում լիազոր մարմինը ուժը կորցրած է ճանաչում իր տված փորձաքննական եզրակացությունը:
2. Փորձաքննական դրական եզրակացությունն ուժը կորցրած է ճանաչվում, եթե՝
1) գործունեությունն իրականացվում է փորձաքննության ենթարկված նախագծային փաստաթղթերի և փորձաքննական եզրակացության պահանջների շեղումներով.
2) փորձաքննության ենթարկված նախագծային և հիմնադրութային փաստաթղթերում կատարվել են շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցություն ունեցող փոփոխություններ՝ առանց լիազոր մարմնին այդ մասին տեղեկացնելու.
3) սույն հոդվածի 1-ին մասով ներկայացված պայմանները չեն կատարվել սահմանված ժամկետներում.
4) ընդունվել է բնապահպանական նոր օրենսդրություն.
5) փորձաքննական եզրակացություն տալուց հետո ի հայտ են եկել էկոլոգիական նոր գործոններ:
3. Ձեռնարկողը սույն հոդվածի 1-ին մասով նշված ծանուցումն ստանալուն պես պարտավոր է իր գործունեությունը համապատասխանեցնել լիազոր մարմնի ներկայացրած պահանջներին, չկատարելու դեպքում լիազոր մարմնի կողմից գործունեությունը դադարեցվում է մինչև պահանջների կատարումը:
4. Ձեռնարկողը, փորձաքննական եզրակացությունը ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ լիազոր մարմնի ընդունած որոշումը կարող է բողոքարկել վարչական կամ դատական կարգով:
5. Փորձաքննական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(21-րդ հոդվածը փոփ. 04.03.20 ՀՕ-124-Ն)