Հոդված 9. Դիլիջան քաղաքային բնակավայրի տարածքի իրավական ռեժիմը և Տարածքում քաղաքաշինական փաստաթղթերի մշակման և հաստատման առանձնահատկությունները
Հոդված 9. Դիլիջան քաղաքային բնակավայրի տարածքի իրավական ռեժիմը և Տարածքում քաղաքաշինական փաստաթղթերի մշակման և հաստատման առանձնահատկությունները
(վերնագիրը փոփ. 24.11.15 ՀՕ-153-Ն)
1. Դիլիջան քաղաքային բնակավայրը համարվում է քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտ:
2. Դիլիջան քաղաքային բնակավայրի կառուցապատման համար նախատեսված գոտիների տարածքները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացվում են քաղաքային բնակավայրի գլխավոր հատակագծով և գոտիավորման նախագծով (նախագծերով):
3. Դիլիջան քաղաքային բնակավայրում կիրառման համար նախատեսված` բնակելի կառուցապատման օբյեկտների սահմանված կարգով հաստատված օրինակելի նախագծերի կառուցապատման թույլտվությունները տրամադրվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պարզեցված ընթացակարգով:
4. Տարածքում քաղաքաշինական փաստաթղթերի նախագծերը տեղական ինքնակառավարման մարմնի հաստատմանը ներկայացվելուց հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում, ենթակա են հրապարակման համայնքի պաշտոնական համացանցային կայքում:
5. Դիլիջան համայնքի ղեկավարը որոշումները ընդունելիս հաշվի է առնում Խորհրդի եզրակացությունը: Խորհրդի եզրակացությանը համաձայն չլինելու դեպքում Դիլիջան համայնքի ղեկավարը 3-օրյա ժամկետում հրավիրում է համայնքի ավագանու արտահերթ նիստ, որում քննարկվում են Խորհրդի եզրակացությունը և Դիլիջան համայնքի ղեկավարի կողմից Խորհրդի եզրակացությունը չընդունելու հիմնավորումը: Եթե Դիլիջան համայնքի ավագանին հավանություն է տալիս Խորհրդի եզրակացությանը, ապա Դիլիջան համայնքի ղեկավարը որոշում կայացնելիս առաջնորդվում է ավագանու որոշմամբ:
6. Կառուցապատման նպատակով տրամադրված թույլտվությունները երկու աշխատանքային օրվա ընթացքում հրապարակվում են համայնքի պաշտոնական համացանցային կայքում:
7. Դիլիջան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասի վարձակալության, կառուցապատման, օգտագործման իրավունքով տրամադրումն իրականացվում է շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետում կառուցապատման իրականացման պայմանով, որը ներառում է քաղաքաշինական օբյեկտի կառուցապատման և հողամասի կանաչապատման և բարեկարգման աշխատանքների կատարման համար անհրաժեշտ նորմատիվային ժամկետները: Սույն մասով սահմանված ժամկետը չի կարող գերազանցել 3 տարին:
8. Սույն հոդվածի 7-րդ մասով շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետներում քաղաքաշինական օբյեկտի կառուցապատման և հողամասի կանաչապատման և բարեկարգման աշխատանքները չիրականացնելու դեպքում վարձակալության, կառուցապատման, օգտագործման իրավունքով այլ ֆիզիկական և իրավաբանական անձի տրամադրված գույքի պայմանագրերը դադարեցվում են:
(9-րդ հոդվածը փոփ., լրաց. 24.11.15 ՀՕ-153-Ն)