Հոդված 29. Փայի (բաժնետոմսի) հաշվարկային արժեքի, տեղաբաշխման և հետգնման գների հաշվարկումը և հրապարակումը
Հոդված 29. Փայի (բաժնետոմսի) հաշվարկային արժեքի, տեղաբաշխման և հետգնման գների հաշվարկումը և հրապարակումը
1. Կառավարիչն իր կողմից կառավարվող բաց ֆոնդի փայի (բաժնետոմսի) յուրաքանչյուր օրվա հաշվարկային արժեքը, տեղաբաշխման և հետգնման գները հաշվարկում և հրապարակում է ֆոնդի կանոններով (կանոնադրությամբ) սահմանված ժամկետում, բայց ոչ ուշ, քան այդ օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրը: Ֆոնդի կանոններով (կանոնադրությամբ) նախատեսված դեպքերում օրվա տարբեր ժամանակահատվածների համար կարող է իրականացվել փայի (բաժնետոմսի) հաշվարկային արժեքի, տեղաբաշխման և հետգնման գների առանձին հաշվարկ և հրապարակում: Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով կարող են սահմանվել սույն մասով նախատեսված հրապարակման առավելագույն ժամկետներ:
2. Փայերի (բաժնետոմսերի) տեղաբաշխման և հետգնման ժամանակահատվածներում (միջակայքում կամ օրը կամ օրերին) սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դրույթները տարածվում են նաև փակ և միջակայքային ֆոնդերի վրա: Ընդ որում, փակ կամ միջակայքային ֆոնդի կողմից փայերի (բաժնետոմսերի) տեղաբաշխումը (միջակայքային ֆոնդի դեպքում` նաև դրանց հետգնումը) սկսելու օրվան նախորդող աշխատանքային օրվա համար փայի (բաժնետոմսի) հաշվարկային արժեքը, տեղաբաշխման և հետգնման գները հաշվարկվում և հրապարակվում են ոչ ուշ, քան մինչև այդ օրվա վերջը:
3. Անկախ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերից` կառավարիչն իր կողմից կառավարվող փակ և միջակայքային ֆոնդերի փայի (բաժնետոմսի) հաշվարկային արժեքը, տեղաբաշխման և հետգնման գները հաշվարկում և հրապարակում է նաև ֆոնդի կանոններով (կանոնադրությամբ) սահմանված պարբերականությամբ: Սույն մասով նախատեսված հաշվարկի և հրապարակման նվազագույն պարբերականությունը սահմանում է Կենտրոնական բանկը, և այն չի կարող ամիսը մեկ անգամից պակաս լինել:
4. Փայի (բաժնետոմսի) տեղաբաշխման և հետգնման գները (բացառությամբ փակ ֆոնդի կողմից լրացուցիչ տեղաբաշխվող փայի (բաժնետոմսի), ինչպես նաև առաջին անգամ փայերի (բաժնետոմսերի) տեղաբաշխում իրականացնող ֆոնդի փայի (բաժնետոմսի) տեղաբաշխման գների) հաշվարկվում են այդ օրվա (համապատասխան ժամանակահատվածի) համար հրապարակված տվյալ փայի (բաժնետոմսի) հաշվարկային արժեքի հիման վրա և կարող են տարբերվել դրանից միայն սույն հոդվածի համապատասխանաբար 5-րդ կամ 6-րդ մասով սահմանված դեպքերում և չափով: Փակ ֆոնդի կողմից լրացուցիչ տեղաբաշխվող փայի (բաժնետոմսի) տեղաբաշխման գինը չի կարող պակաս լինել այդ օրվա (համապատասխան ժամանակահատվածի) համար հրապարակված տվյալ փայի (բաժնետոմսի) հաշվարկային արժեքից:
5. Փայի (բաժնետոմսի) տեղաբաշխման գինը կարող է գերազանցել այդ օրվա (համապատասխան ժամանակահատվածի) համար հրապարակված տվյալ փայի (բաժնետոմսի) հաշվարկային արժեքը ֆոնդի կանոններով (կանոնադրությամբ) սահմանված վճարների (հավելատոկոսի) և ծախսերի չափով, բացառությամբ, եթե դրանք արդեն իսկ հաշվի են առնվել ֆոնդի (ենթաֆոնդի) զուտ ակտիվների արժեքը հաշվարկելիս:
6. Փայի (բաժնետոմսի) հետգնման գինը կարող է ցածր լինել այդ օրվա (համապատասխան ժամանակահատվածի) համար հրապարակված տվյալ փայի (բաժնետոմսի) հաշվարկային արժեքից ֆոնդի կանոններով (կանոնադրությամբ) սահմանված վճարների (զեղչատոկոսի) և ծախսերի չափով, բացառությամբ, եթե դրանք արդեն իսկ հաշվի են առնվել ֆոնդի (ենթաֆոնդի) զուտ ակտիվների արժեքը հաշվարկելիս:
(29-րդ հոդվածը խմբ. 12.11.12 ՀՕ-213-Ն)