Հոդված 78. Կառավարչի լուծարումը մասնակիցների ընդհանուր ժողովի որոշմամբ (ինքնալուծարում)
Հոդված 78. Կառավարչի լուծարումը մասնակիցների ընդհանուր ժողովի որոշմամբ (ինքնալուծարում)
1. Կառավարչի մասնակիցների ընդհանուր ժողովն իրավունք ունի որոշում կայացնելու կառավարչի լուծարման մասին, եթե կառավարիչը կատարել է ֆոնդի կառավարման և սույն օրենքի 52-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով նախատեսված ծառայությունների մատուցման պայմանագրերից բխող բոլոր պարտավորությունները, և կառավարիչն ունի բավարար միջոցներ բոլոր այլ պարտատերերի պահանջները բավարարելու համար:
2. Ընդհանուր ժողովի որոշմամբ կառավարչի լուծարման դեպքում ընդհանուր ժողովն ընդունում է որոշում` նախնական համաձայնություն ստանալու համար Կենտրոնական բանկին դիմելու մասին: Այդ որոշման հիման վրա կառավարիչը Կենտրոնական բանկ է ներկայացնում լուծարման նախնական համաձայնություն ստանալու միջնորդագիր` դրան կցելով լուծարումը հիմնավորող փաստաթղթեր և տեղեկություններ, որոնց ցանկը սահմանվում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով:
3. Կենտրոնական բանկի խորհուրդը 90-օրյա ժամկետում քննարկում է կառավարչի լուծարման նախնական համաձայնություն ստանալու միջնորդագիրը և որոշում է ընդունում միջնորդագիրը բավարարելու կամ մերժելու մասին:
4. Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է մերժել կառավարչի լուծարման նախնական համաձայնություն ստանալու միջնորդագիրը, եթե Կենտրոնական բանկի խորհրդի հիմնավոր կարծիքով լուծարումը կարող է վտանգել կառավարչի կողմից կառավարվող ֆոնդի մասնակիցների և (կամ) կառավարչի հաճախորդների իրավունքները և օրինական շահերը, կամ կառավարիչը չի կարողանա պատշաճ կերպով կատարել իր պարտավորությունները:
5. Կենտրոնական բանկի խորհրդի կողմից կառավարչին լուծարման նախնական համաձայնություն տալու դեպքում կառավարիչը միջոցներ է ձեռնարկում իր կողմից կառավարվող բոլոր ֆոնդերի կառավարումը սույն օրենքով սահմանված կարգով այլ կառավարչի (կառավարիչների) փոխանցելու կամ ֆոնդի կառավարման պայմանագրերից միակողմանիորեն հրաժարվելու, ինչպես նաև իր հաճախորդների հետ կնքված սույն օրենքի 52-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով նախատեսված ծառայությունների մատուցման պայմանագրերից բխող իր բոլոր պարտավորությունները պատշաճ կերպով կատարելու ուղղությամբ:
6. Կառավարչի կողմից կառավարվող բոլոր ֆոնդերի կառավարումը այլ կառավարչի (կառավարիչների) փոխանցելու կամ ֆոնդի կառավարման պայմանագրերից միակողմանիորեն հրաժարվելու և իր հաճախորդների հետ կնքված` սույն օրենքի 52-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով նախատեսված ծառայությունների մատուցման պայմանագրերից բխող իր բոլոր պարտավորությունները պատշաճ կերպով կատարելուց հետո միայն ընդհանուր ժողովը կարող է լուծարման մասին որոշում ընդունել:
7. Լուծարման մասին որոշման ընդունումից հետո կառավարիչը եռօրյա ժամկետում Կենտրոնական բանկ է ներկայացնում լուծարման թույլտվություն ստանալու միջնորդագիր` դրան կցելով լուծարումը հիմնավորող փաստաթղթեր և տեղեկություններ, որոնց ցանկը սահմանվում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով:
8. Կենտրոնական բանկի խորհուրդը 30 աշխատանքային օրվա ընթացքում քննում է կառավարչի լուծարման թույլտվություն ստանալու միջնորդագիրը և որոշում է կայացնում միջնորդագիրը բավարարելու կամ մերժելու մասին:
9. Կենտրոնական բանկի խորհուրդն իրավունք ունի մերժելու լուծարման թույլտվություն ստանալու միջնորդագիրը, եթե կառավարչի կառավարման ներքո առկա է ֆոնդ, որի կառավարումը չի փոխանցվել այլ կառավարչի, կամ համապատասխան ֆոնդի կառավարման պայմանագիրը դեռևս չի լուծվել, և (կամ) առկա են սույն օրենքի 52-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով նախատեսված ծառայությունների մատուցումից բխող պարտավորություններ, և (կամ) կառավարիչն ի վիճակի չի լինի բավարարել իր այլ պարտատերերի պահանջները:
10. Կենտրոնական բանկի խորհուրդը լուծարման թույլտվություն տալու դեպքում ընդունում է նաև կառավարչի` ֆոնդի կառավարման լիցենզիան, ինչպես նաև սույն օրենքի 52-րդ հոդվածի 3-րդ և (կամ) 4-րդ կամ 4-րդ և 5-րդ մասերով նախատեսված ծառայության (ծառայությունների) մատուցման թույլտվության տրամադրման մասին որոշումը (եթե կառավարիչն ստացել է այդպիսի թույլտվություն) ուժը կորցրած ճանաչելու մասին որոշում: