Հոդված 27. Ֆոնդի փայերը (բաժնետոմսերը)
Հոդված 27. Ֆոնդի փայերը (բաժնետոմսերը)
1. Պայմանագրային ֆոնդը թողարկում է փայեր, որոնք հավաստում են ֆոնդի մասնակցի մասնաբաժինը ֆոնդի ակտիվներում:
2. Ֆոնդը (բացառությամբ պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի) կարող է թողարկել տարբեր դասերի փայեր, որոնք կարող են տարբերվել փայի անվանական արժեքով, փայով հավաստվող ձայների քանակով (դրա բացակայությամբ), գանձվող վճարների և ֆոնդի մասնակիցներին վճարվող եկամուտների չափով: Տարբեր դասի փայերը պետք է տարբերվեն իրենց անվանումով:
3. Նույն ֆոնդի նույն դասի փայերը դրանց տիրապետող ֆոնդի մասնակիցներին տալիս են միևնույն իրավունքները: Եթե փայն ունի անվանական արժեք, ապա նույն դասի փայերը ունեն միևնույն անվանական արժեքը:
4. Անձը կարող է ձեռք բերել ոչ ամբողջական թվով փայեր:
5. Բաժնետիրական ընկերություն համարվող կորպորատիվ ֆոնդը կարող է թողարկել միայն հասարակ անվանական բաժնետոմսեր:
6. Բաց ֆոնդի փայերը (բաժնետոմսերը) կարող են չունենալ անվանական արժեք: