Հոդված 97. Ծառայողական տեղեկատվությունը
Հոդված 97. Ծառայողական տեղեկատվությունը
1. Ֆոնդը (ֆոնդի մասնակցին) սպասարկելու կապակցությամբ կառավարչին, պահառուին, ինչպես նաև ֆոնդի կառավարման առանձին գործառույթներ իրականացնող այլ անձին (այդ թվում` Կենտրոնական դեպոզիտարիային) ֆոնդի (ֆոնդի մասնակցի) հայտնի դարձած հաշիվների վերաբերյալ որևէ տեղեկությունը, ֆոնդի (ֆոնդի մասնակցի) առևտրային կամ ծառայողական գաղտնիքը և նրա վերաբերյալ ցանկացած այլ տեղեկություն, որը ֆոնդը (ֆոնդի մասնակիցը) մտադիր է եղել գաղտնի պահել, և կառավարիչը, պահառուն կամ սույն մասով նախատեսված այլ անձը տեղյակ է եղել կամ պետք է տեղյակ լիներ այդ մտադրության մասին, համարվում է ծառայողական տեղեկատվություն:
2. Ծառայողական տեղեկատվություն է համարվում նաև սույն օրենքով վերահսկման ենթակա անձանց կողմից վերահսկողության իրականացման կապակցությամբ ֆոնդի (ֆոնդի մասնակցի) վերաբերյալ Կենտրոնական բանկին տրամադրված` սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տեղեկությունը:
3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված ծառայողական տեղեկատվության վրա տարածվում են «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի` ծառայողական տեղեկատվության պահպանմանը, տրամադրմանը և հրապարակմանը վերաբերող դրույթները:
4. Եթե Կենտրոնական բանկի կողմից «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տեղեկատվությունը վերլուծելիս պարզվում է, որ տեղի է ունեցել հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման կամ ահաբեկչության ֆինանսավորման դեպք կամ փորձ, Կենտրոնական բանկն ուղղակիորեն հաղորդում է ներկայացնում քրեական հետապնդում իրականացնող համապատասխան մարմին: