Հոդված 6.1
Հոդված 6.1.
Ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգումը
1. Ցամաքային տարածքի ծածկույթը երկրի մակերևույթի դիտարկելի կենսաֆիզիկական ծածկույթն է:
2. Ցամաքային տարածքի ծածկույթը դասակարգվում է՝
1) մշակովի հողեր` հողեր, որոնք օգտագործվում են գյուղատնտեսական կուլտուրաների աճեցման համար, ընդգրկում են հողային ֆոնդի գյուղատնտեսական նշանակության վարելահողերը և բազմամյա տնկարկները, բնակավայրի հողերից` տնամերձ և այգեգործական հողերը` մասնակի, անտառային հողերից` վարելահողերը.
2) մարգագետիններ` ցամաքային տարածքի մաս, որը ծածկված է տարախոտային բուսականությամբ, ընդգրկում են հողային ֆոնդի գյուղատնտեսական նշանակության հողերից` խոտհարքները, արոտավայրերը, այլ հողատեսքերը` մասնակի, բնակավայրերի հողերից` խառը կառուցապատման և ընդհանուր օգտագործման հողերը` մասնակի, հատուկ պահպանվող տարածքների հողերը` մասնակի, հատուկ նշանակության հողերը` մասնակի, անտառային հողերից` խոտհարքները, արոտները, այլ հողերը` մասնակի.
3) ծառածածկ տարածքներ` ցամաքային տարածքի մաս, որը ծածկված է ծառային բուսականությամբ, ընդգրկում են հողային ֆոնդի հատուկ պահպանվող տարածքների հողերը` մասնակի և անտառային հողերից` անտառները.
4) թփուտապատ տարածքներ` ցամաքային տարածքի մաս, որը ծածկված է թփային բուսականությամբ, ընդգրկում են հողային ֆոնդի հատուկ պահպանվող տարածքների հողերը` մասնակի և անտառային հողերից` թփուտները.
5) ջրածածկ տարածքներ` ցամաքային տարածքի մաս, որը զբաղեցված է ջրային օբյեկտներով (գետեր, բնական և արհեստական ջրամբարներ ու լճեր), ընդգրկում են հողային ֆոնդի ջրային հողերը` մասնակի և հատուկ պահպանվող տարածքների հողերը` մասնակի.
6) բուսականությունից զուրկ տարածքներ` ընդգրկում են հողային ֆոնդի գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքերը` մասնակի, բնակավայրերի հողերից` տնամերձ և այգեգործական հողերը` մասնակի, խառը կառուցապատման և ընդհանուր օգտագործման հողերը` մասնակի, հասարակական և այլ հողերը` մասնակի, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերը, էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերը, հատուկ պահպանվող տարածքների հողերը` մասնակի, հատուկ նշանակության հողերը` մասնակի, անտառային նշանակության այլ հողերը` մասնակի, ջրային հողերը` մասնակի, պահուստային հողերը:
3. Ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(6.1-ին հոդվածը լրաց. 13.06.18 ՀՕ-360-Ն)
⚖ՀՈԴՎԱԾ 7. ՀՈՂԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ, ՀՈՂԱՏԵՍՔԵՐԸ, ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
1. Հողերի նպատակային նշանակությունը որոշակի նպատակների համար հողերի օգտագործման և շահագործման պայմանների, հատկանիշների և առանձնահատկությունների համալիրն է:
2. (մասն ուժը կորցրել է 23.06.11 ՀՕ-228-Ն)
3. Հողատեսքը գյուղատնտեսական և անտառային նշանակության հողերի այն հատկանիշների համալիրն է, որը բնութագրում է դրանց գործառնական օգտագործումը:
4. Հողամասի գործառնական նշանակությունը նորմատիվ իրավական ակտերով, քաղաքաշինական ու հողաշինարարական փաստաթղթերով ամրագրված ֆիզիկական, որակական և նորմատիվային հատկանիշների համալիրն է, որը ներառում է հողամասի թույլատրված օգտագործումների և դրանց փոփոխությունների շրջանակը:
5. Հողերի նպատակային նշանակությունը, հողատեսքերն ու գործառնական նշանակությունը և հողերի օգտագործման նկատմամբ սահմանափակումները նշվում են`
1) հողամասեր տրամադրելու (փոխանցելու) կամ հատուկ պահպանվող տարածքների և այլ նշանակության հողերի օգտագործման համար հատուկ իրավական ռեժիմներ սահմանելու մասին պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների որոշումներում.
2) հողամասի նկատմամբ իրավունք հավաստող վկայականներում, պայմանագրերում և այլ փաստաթղթերում.
3) անշարժ գույքի պետական միասնական կադաստրի փաստաթղթերում.
4) պետական գրանցման փաստաթղթերում.
5) համայնքների հողերի օգտագործման սխեմաներում, գլխավոր հատակագծերում:
6. Հողերի իրավական ռեժիմը սահմանվում է օրենքների և նորմատիվ իրավական ակտերի հիման վրա:
Հողատեսքերի և գործառնական նշանակության հողերի դասակարգումն իրականացնում են լիազորված պետական մարմինները:
7. Սույն օրենսգրքով, այլ օրենքներով և դրանց հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով սահմանված հողերի նպատակային և գործառնական նշանակությունն ինքնակամ փոփոխելը հիմք է`
1) պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ակտերը, ինչպես նաև դրանց հիման վրա հողամասերի առնչությամբ կնքված գործարքները դատական կարգով անվավեր ճանաչելու համար.
2) հողի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը մերժելու համար:
8. Սահմանել, որ`
1) քաղաքացիների կամ իրավաբանական անձանց սեփականությունը հանդիսացող հողամասերի նպատակային նշանակությունը սեփականատիրոջ նախաձեռնությամբ սահմանված կարգով փոփոխելու դեպքում, բացառությամբ` ջերմոցային, անասնապահական, թռչնաբուծական, պտուղ-բանջարեղենի սառնարանային պահպանության, գյուղատնտեսական մթերք վերամշակող տնտեսությունների և ձկնաբուծական արհեստական լճակների համար օգտագործվող (նախատեսվող) հողամասերի, հողամասի սեփականատերը, ըստ գույքի գտնվելու վայրի, եռամսյա ժամկետում համայնքային բյուջե է մուծում հողամասերի կադաստրային արժեքների` նպատակային նշանակության փոփոխման պահին առկա տարբերությունը, եթե հողամասի նպատակային նշանակության փոփոխումից հետո դրա կադաստրային արժեքն ավելի բարձր է, քան մինչև փոփոխումը.
2) (կետն ուժը կորցրել է 03.10.13 ՀՕ-109-Ն)
3) ջերմոցային, անասնապահական, թռչնաբուծական, պտուղ-բանջարեղենի սառնարանային պահպանության, գյուղատնտեսական մթերք վերամշակող տնտեսությունների, սպանդանոցների և ձկնաբուծական արհեստական լճակների կառուցման համար նախատեսվող հողամասի նպատակային նշանակությունը համարվում է փոփոխված պարզեցված կարգով՝ միայն սեփականատիրոջ հայտի համաձայն համայնքի ավագանու կողմից այդ հողամասի նպատակային նշանակությունը փոխելու և համայնքի ղեկավարի կողմից տվյալ հողամասի ճարտարապետահատակագծային առաջադրանքը տրամադրելու մասին սահմանված կարգով կայացված որոշումներն ուժի մեջ մտնելուց և հողամասի նկատմամբ փոխված նպատակային նշանակությամբ իրավունքները պետական գրանցում ստանալուց հետո, որն արտացոլվում է հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշիռներում:
(7-րդ հոդվածը լրաց. 01.03.11 ՀՕ-61-Ն, փոփ., խմբ. 23.06.11 ՀՕ-228-Ն, լրաց., փոփ., խմբ. 03.10.13 ՀՕ-109-Ն, խմբ. 18.06.20 ՀՕ-330-Ն)
ՀՈԴՎԱԾ 8. ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԹՈՒՅԼԱՏՐՎԱԾ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ
1. Հողամասի թույլատրված օգտագործումը հողամասի օգտագործումն է դրա նպատակային և գործառնական նշանակությամբ, ներառյալ` սահմանված իրավունքները և սահմանափակումները:
Հողամասի թույլատրված օգտագործումը սահմանվում է նորմատիվ իրավական ակտերի, հողերի օգտագործման սխեմաների, հողաշինարարական այլ փաստաթղթերի, գլխավոր հատակագծերի ու քաղաքաշինական գոտիավորման նախագծերի հիման վրա:
2. Հողամասի թույլատրված օգտագործումը կարող է պարունակել պահանջներ, որոնք ուղղված են`
1) հողամասի օգտագործման միջոցների և դրանց այն մասի արգելմանը, որոնք հանգեցնում են հողի որակի ու բերրիության անկմանը կամ շրջակա բնական միջավայրի վատթարացմանը.
2) քաղաքաշինական փաստաթղթերին, նորմերին ու կանոններին համապատասխան կառուցապատման խտությանը, շենքի, շինության բարձրությանը և հողամասի վրա ամրակայման առանձնահատկությանը.
3) համապատասխան գոտու կամ հողամասի սահմաններում սոցիալ-մշակութային, կոմունալ-կենցաղային, արտադրական և այլ շենքերի, շինությունների տեղադրմանը.
4) մարդու առողջության վրա վնասակար ազդեցություն թողնող կամ դրա վտանգի մեծացման հետ կապված հողօգտագործման ձևերին.
5) շրջակա բնական միջավայրի վրա ազդեցության թույլատրելի նորմերին.
6) կանաչ տնկարկների պահպանմանը.
7) հողերի անապատացման, հողատարման, աղտոտման, ճահճացման, աղակալման և այլ երևույթների կանխարգելման միջոցառումների իրականացմանը.
8) հողերի պահպանության և խախտված հողերի վերականգնման միջոցառումների իրականացմանը.
9) հողերի վրա բնապահպանական համակարգերի, սանիտարահիգիենիկ պայմանների ամբողջականության, կենսաբազմազանության պահպանման միջոցառումների ապահովմանը.
10) օրենքներով և պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների նորմատիվ իրավական ակտերով սահմանված գյուղատնտեսական, քաղաքաշինական, բնապահպանական, պատմական և մշակութային արժեքների ու պատմական միջավայրի պահպանությանն ուղղված միջոցառումներին:
3. Հողամասի թույլատրված օգտագործման մեջ ներառված պահանջները սահմանվում են` անկախ տվյալ հողամասի նկատմամբ իրավունքներից և սեփականության ձևից:
(8-րդ հոդվածը խմբ. 23.06.11 ՀՕ-228-Ն)