Հոդված 29. Հողերի օգտագործման սխեմաները
Հոդված 29. Հողերի օգտագործման սխեմաները
(վերնագիրը փոփ 23.06.11 ՀՕ-228-Ն)
1. Հողերի օգտագործման սխեման հողաշինարարական փաստաթուղթ է, որը ներառում է հողամասերի բաշխումն ըստ նպատակային նշանակության, հողատեսքերի և գործառնական նշանակության, սահմանում է դրանց իրավական ռեժիմը, հիմնավորում է պետական և համայնքների հողերի արդյունավետ օգտագործման ուղղությունները համայնքի վարչական տարածքում:
2. Հողերի օգտագործման սխեմաները պետք է պահանջներ պարունակեն սույն օրենսգրքով և այլ օրենսդրական ակտերով հողաշինարարության խնդիրների կարգավորման վերաբերյալ` տվյալ համայնքին առնչվող մասով:
3. Հողերի օգտագործման սխեմաներին ներկայացվող տեխնիկական պահանջներն ու չափանիշները և սխեմայի իրականացման նկատմամբ վերահսկողության կարգը սահմանում է կառավարությունը:
4. Հողերի օգտագործման սխեմաներն օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատում է համայնքի ավագանին:
5. Հողերի օգտագործման սխեմաները պարտադիր են կատարման` անկախ հողամասերի նկատմամբ սեփականության իրավունքի և այլ գույքային իրավունքների առկայությունից:
(29-րդ հոդվածը փոփ., լրաց., խմբ. 23.06.11 ՀՕ-228-Ն)
ՀՈԴՎԱԾ 30. ՀՈՂԵՐԻ ԲՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՇՐՋԱՆԱՑՈՒՄԸ և ՆՈՐՄԱՎՈՐՈՒՄԸ
1. Հողերի բնական գյուղատնտեսական շրջանացումը դրանց բաժանումն է ըստ բնակլիմայական պայմանների, հողի որակական հատկանիշների և գյուղատնտեսական բույսերի ագրոկենսաբանական պահանջների հաշվառման:
Հողերի նորմավորումը հողամասերի օգտագործման կանոնների համալիրն է` անկախ հողերի նկատմամբ սեփականության և գույքային այլ իրավունքներից:
2. Հայաստանի Հանրապետության տարածքում գյուղատնտեսական նշանակության հողերն օգտագործվում և պահպանվում են կառավարության հաստատած հողերի բնական գյուղատնտեսական շրջանացմանը համապատասխան:
3. Հողերի բնական գյուղատնտեսական շրջանացման և նորմավորման կարգավորմանն ուղղված նորմատիվ ակտերի պահանջները հողամասերի նկատմամբ օրենքով սահմանված սահմանափակումներ են ու ներառվում են հողերը քաղաքացիներին և իրավաբանական անձանց տրամադրելու պայմանների մեջ:
4. Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները քաղաքացիների և իրավաբանական անձանց սեփականության, օգտագործման ներքո գտնվող հողամասերի սահմանային (առավելագույն և նվազագույն) չափերն ու քանակը որոշելիս և հաստատելիս հաշվի են առնում հողերի բնական գյուղատնտեսական շրջանացման ու նորմավորման վերաբերյալ նորմատիվ իրավական ակտերով բնական, տնտեսական, բնապահպանական և սոցիալական պայմաններին վերաբերող հանձնարարականները:
ՀՈԴՎԱԾ 31. ՀՈՂԱՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
1. Հողաշինարարությունը հողային հարաբերությունների կարգավորմանը, հողային պաշարների կառավարմանը, անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարմանը, հողերի օգտագործման ու պահպանության կազմակերպմանը, հողերի մոնիթորինգին, հողաշինարարության տարածքային և ներտնտեսային ծրագրեր (փաստաթղթեր) կազմելուն ուղղված պետական միջոցառումների համալիր է:
2. Հողաշինարարությունն ապահովում է`
1) հողերի արդյունավետ օգտագործման և պահպանման ծրագրավորումը և կազմակերպումը` անկախ սեփականության սուբյեկտներից ու տնտեսավարման ձևերից.
2) գյուղատնտեսական հողերի պահպանման համապետական ու տարածքային ծրագրերի մշակումը.
3) հողամասերը տեղանքում ամրացնելը, հողամասերի հատակագծերի, հողամասի տրամադրման վերաբերյալ փաստաթղթերի նախապատրաստումը.
4) հանրապետական, մարզային, համայնքային, միջհամայնքային, ներտնտեսական հողաշինարարական և հողի օգտագործման ու պահպանության այլ նախագծերի մշակումը.
5) խախտված հողերի վերականգնումը, հողաշերտերը ջրային ու հողմային հողատարումից, անապատացումից, ցեխաջրերից, փլուզումներից, ջրածածկումից, ճահճացումից, չորացումից, պնդացումից, աղակալումից, արտադրական և կենցաղային թափոնների, ռադիոակտիվ և քիմիական նյութերի ախտահարումից պաշտպանելու, գյուղատնտեսական հողերը բարելավելու, նոր հողեր յուրացնելու, հողը պահպանելու և դրա բերրիությունը բարձրացնելու համապետական ու տարածքային ծրագրերի, աշխատանքային նախագծերի մշակումը.
6) հատուկ պահպանվող տարածքների տեղաբաշխման և դրանց սահմանագծման հիմնավորումը.
7) մարզերի, համայնքների վարչական սահմանների, սեփականատերերի և հողօգտագործողների հողամասերի սահմանների նկարագրումը, ամրացումը և փոփոխությունը.
8) հողաշինության գծով տեղագրական, գեոդեզիական, քարտեզագրական, հողային, ագրոքիմիական, երկրաբուսաբանական, պատմական և մշակութային ու այլ հետազոտական աշխատանքների իրականացումը.
9) հողային ֆոնդի պետական հաշվառումը, գույքագրումը և չօգտագործվող, ինչպես նաև ոչ արդյունավետ օգտագործվող կամ իր նպատակային նշանակությանն անհամապատասխան օգտագործվող հողերի բացահայտումը.
10) հողային պաշարների վիճակի և օգտագործման կադաստրային ու թեմատիկ քարտեզների և ատլասների կազմումը.
11) անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարումը.
12) հողերի մոնիթորինգը.
13) նոր հողամասերի կազմավորման, հողամասերի միավորման ու բաժանման, գոյություն ունեցող հողամասերի կարգավորման միջոցառումների իրականացումը:
3. Հողաշինարարությունն իրականացվում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների որոշումներով կամ հողամասերի սեփականատերերի, օգտագործողների նախաձեռնությամբ:
Պետական և համայնքային նշանակության հողաշինարարությունն իրականացվում է համապատասխանաբար պետական և համայնքային բյուջեների միջոցների հաշվին:
4. Հողաշինարարությունն իրականացվում է գիտականորեն հիմնավորված, քննարկված և հաստատված հողաշինարարական փաստաթղթերի հիման վրա:
5. Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից սահմանված կարգով հաստատվելուց հետո հողաշինարարության նախագծերով սահմանված պահանջները ենթակա են պարտադիր կատարման հողամասերի սեփականատերերի, օգտագործողների կողմից:
Ներտնտեսային հողաշինարարության առանձին տարածքների, հողամասերի միավորման, բաժանման, ինչպես նաև հողամասերի բարելավման, պահպանության, հողերի արդյունավետ օգտագործման նպատակով նախագծերն իրականացվում են սեփականատերերի, օգտագործողների նախաձեռնությամբ և նրանց միջոցների հաշվին:
6. Հողաշինարարական աշխատանքներն իրականացնում են լիազորված մարմինները, ինչպես նաև համապատասխան լիցենզիա ունեցող անձինք:
7. Հողաշինարարության կազմակերպման կարգը սահմանում է կառավարությունը:
ՀՈԴՎԱԾ 32. ՀՈՂԵՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԸ
1. Հողերի մոնիթորինգը հողի վիճակի և գնի վերաբերյալ դիտարկումների, հետազոտությունների և հետախուզումների համակարգ է: Այն ներառում է նաև հողերի վրա ամրակայված գույքի մոնիթորինգը:
2. Հայաստանի Հանրապետության բոլոր հողերը մոնիթորինգի օբյեկտ են:
Հողերի մոնիթորինգն իրականացվում է համատարած և ընտրանքային դիտարկումների ձևով` սահմանված ժամանակահատվածների համար:
3. Հողերի մոնիթորինգի խնդիրներն են`
1) հողերի վիճակի փոփոխության ժամանակին բացահայտումը, այդ փոփոխությունների կանխատեսումը և բացասական գործընթացների հետևանքների կանխարգելման ու վերացման մասին հանձնարարականների մշակումը.
2) անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարման, հողերի արդյունավետ օգտագործման, հողաշինարարության, հողերի օգտագործման և պահպանման նկատմամբ պետական վերահսկողության համար անհրաժեշտ տեղեկատվության ապահովումը:
4. Կախված դիտարկումների նպատակներից և ներառված տարածքից` հողերի մոնիթորինգը կարող է լինել համապետական կամ տարածքային: Հողերի մոնիթորինգն իրականացվում է համապետական և տարածքային ծրագրերին համապատասխան:
5. Հողերի մոնիթորինգի իրականացման կարգը սահմանում է կառավարությունը:
ՀՈԴՎԱԾ 33. ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԸ
1. Անշարժ գույքի պետական միասնական կադաստրը հողամասերի ու դրանց վրա ամրակայված անշարժ գույքի հաշվառման, բնական, տնտեսական և իրավական կարգավիճակի, տեղաբաշխման ու չափերի, դրանց որակական բնութագրերի, իրավական ռեժիմի, սեփականության և այլ գույքային իրավունքների ու դրանց սահմանափակումների պետական գրանցման, անշարժ գույքի գնահատման հավաստի տեղեկությունների համակարգ է:
2. Անշարժ գույքի պետական միասնական կադաստրի տեղեկությունները հաշվի են առնվում հողերի պահպանումը և օգտագործումը ծրագրավորելիս, հողամասեր տրամադրելիս, հասարակական և պետական կարիքների համար օտարելիս, հողի հետ կապված գործարքներ կատարելիս, հողի համար վճարների չափերը որոշելիս, հողաշինարարություն իրականացնելիս, հողի օգտագործմանը և պահպանմանն ուղղված տնտեսական գործունեությունը գնահատելիս ու այլ միջոցառումներ իրականացնելիս:
3. Անշարժ գույքի պետական միասնական կադաստրը մեկ միասնական համապետական համակարգ է:
4. Անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարումը ներառում է`
1) հողամասերի և դրանց վրա ամրակայված անշարժ գույքի պետական հաշվառումը, քարտեզագրումը.
2) հողամասերի և դրանց վրա ամրակայված անշարժ գույքի գնահատումը.
3) հողամասերի նկատմամբ սեփականության և այլ գույքային իրավունքների, դրանց սահմանափակումների, ներառյալ` սերվիտուտների, պետական գրանցումը.
4) անշարժ գույքի վերաբերյալ միասնական տեղեկատվական բանկի ստեղծումը և կառավարումը:
5. Անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարումը սահմանվում է օրենքներով և այլ նորմատիվ իրավական ակտերով:
(33-րդ հոդվածը փոփ. 27.11.06 ՀՕ-186-Ն)
ՀՈԴՎԱԾ 34. ՀՈՂԱՄԱՍԵՐԻ և ԴՐԱՆՑ ՎՐԱ ԱՄՐԱԿԱՅՎԱԾ ԳՈՒՅՔԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
1. Հողամասերը և դրանց վրա ամրակայված անշարժ գույքը (շենքեր, շինություններ), անկախ սեփականության ձևից, ենթակա են պետական հաշվառման:
Պետական հաշվառումն իրականացվում է հողամասերի և դրանց վրա ամրակայված անշարժ գույքի որակի և քանակի, նպատակային նշանակության, հողատեսքերի և գործառնական նշանակության, սեփականության ու օգտագործման սուբյեկտների վերաբերյալ ամբողջական տվյալներ ստանալու նպատակով:
Պետական հաշվառման տվյալների պարբերական ճշտման և հաշվառման նպատակով նախատեսվում է`
1) սկզբնական հաշվառում.
2) ընթացիկ հաշվառում:
2. Պետական հաշվառումն իրականացվում է անընդհատ` սկզբնական հաշվառման ելակետային տվյալների հիման վրա` տարվա ընթացքում կատարված իրավական, որակական և քանակական փոփոխություններն արտացոլելով հաշվառման տեքստային ու գրաֆիկական փաստաթղթերում:
3. Հողամասերի պետական հաշվառման արդյունքում կազմվում է Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի տարեկան հաշվետվությունը (հողային հաշվեկշիռը) յուրաքանչյուր տարվա հուլիսի 1-ի դրությամբ, որը հաստատում և հրապարակում է կառավարությունը:
Պետական հաշվառման կազմակերպման և իրականացման կարգը սահմանում է կառավարությունը:
ՀՈԴՎԱԾ 35. ՀՈՂԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ
1. Հողի գնահատումը դրա կադաստրային արժեքի որոշումն է` հողի բերրիության, ֆիզիկական ու որակական այլ հատկանիշների, բնական և տնտեսական պայմանների, հողամասերի շրջանացմանը, գոտիականությանը, նպատակային նշանակությանը համապատասխան:
Հողը գնահատելիս օգտագործվում են հողերի մոնիթորինգի, անշարժ գույքի պետական միասնական կադաստրի, հողերի վիճակի վերաբերյալ այլ հետազոտությունների և դիտարկումների տվյալները:
2. Հողերի գնահատումն իրականացվում է հողերի նկատմամբ տարբեր գործառույթների իրականացման նպատակով` կադաստրային և (կամ) շուկայական արժեքներով:
3. Հողամասերի կադաստրային արժեքների տվյալները կիրառվում են անշարժ գույքի հարկը և վարձավճարները սահմանելիս և հողի նկատմամբ այլ գործառույթներ իրականացնելիս:
4. Հողերի գնահատումն իրականացվում է օրենքների և նորմատիվ իրավական ակտերի հիման վրա:
(35-րդ հոդվածը փոփ. 20.01.21 ՀՕ-24-Ն)
(20.01.21 ՀՕ-24-Ն օրենքն ունի անցումային դրույթ)