Հոդված 76. Պատիժ նշանակելը հանցագործությունների ռեցիդիվի դեպքում
Հոդված 76. Պատիժ նշանակելը հանցագործությունների ռեցիդիվի դեպքում
1. Հանցագործությունների ռեցիդիվի դեպքում պատիժ նշանակելիս հաշվի են առնվում կատարված հանցանքների քանակը, բնույթը և ծանրությունը, այն հանգամանքները, որոնց հետևանքով նախկինում նշանակված պատիժը բավարար չի եղել անձի վերասոցիալականացման համար, ինչպես նաև նոր հանցանքի բնույթը, ծանրությունը և հետևանքները:
2. Եթե դիտավորյալ հանցագործության համար նախկինում ազատազրկման կամ ցմահ ազատազրկման ձևով պատիժ կրած կամ կրող, դատվածություն ունեցող անձը կատարել է դիտավորյալ հանցանք, որի համար դատապարտվում է ազատազրկման, ապա նշանակվող պատժի նվազագույն ժամկետը չի կարող պակաս լինել սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայով նախատեսված ազատազրկման ձևով պատժի առավելագույն ժամկետի երկու երրորդից: Ցանկացած դեպքում նշանակվող պատիժը չի կարող պակաս լինել սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայով նախատեսված ազատազրկման ձևով պատժի նվազագույն ժամկետից:
3. Եթե ծանր կամ առանձնապես ծանր դիտավորյալ հանցագործության համար նախկինում ազատազրկման կամ ցմահ ազատազրկման ձևով պատիժ կրած կամ կրող, դատվածություն ունեցող անձը կատարել է դիտավորյալ ծանր կամ առանձնապես ծանր հանցանք, ապա նշանակվող պատժի նվազագույն ժամկետը պետք է որոշվի սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված կանոնով, իսկ առավելագույն պատժաչափ պետք է համարվի այն ժամկետը, որը գերազանցում է տվյալ հանցագործության համար օրենքով նախատեսված ազատազրկման ձևով պատժի առավելագույն ժամկետը` դրա մեկ երրորդի չափով, բայց ոչ ավելի, քան 25 տարին:
4. Եթե դիտավորյալ հանցագործության համար նախկինում ազատազրկման կամ ցմահ ազատազրկման ձևով պատիժ կրած կամ կրող, դատվածություն ունեցող անձը կատարել է մեկից ավելի հանցանքներ, ապա համակցության մեջ մտնող յուրաքանչյուր դիտավորյալ հանցանքի համար պատիժը որոշվում է սույն հոդվածի 2-րդ կամ 3-րդ մասով նախատեսված կանոններով: Այդ դեպքում հանցագործությունների համակցությամբ ազատազրկման ձևով վերջնական պատիժը չի կարող գերազանցել 30 տարին:
5. Սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված կանոնները չեն կարող արգելք հանդիսանալ օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելու համար: Այս դեպքում օրենքով նախատեսված պատիժ է համարվում այն պատիժը, որը համապատասխանում է ռեցիդիվի դեպքում պատիժ նշանակելու սահմանված կարգի կիրառման արդյունքում ստացվող պատժին: