Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-04-01-ից մինչև 2024-07-01։Բացել գործող տեքստը
ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ, ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸԳլուխ 31 · ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ԱՅԼ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 260. Գույքային վնաս պատճառելը սպառնալիքի կամ բռնություն գործադրելու միջոցով

գործել է մինչև 2024-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 260. Գույքային վնաս պատճառելը սպառնալիքի կամ բռնություն գործադրելու միջոցով

1. Անձին գործարք կնքելուն կամ գործարք կնքելուց հրաժարվելուն, պարտավորություն ստանձնելուն կամ այլ արարքի կատարմանը հարկադրելը, որը խոշոր չափերի գույքային վնաս է պատճառել, եթե բացակայում են շորթման կամ հափշտակության հատկանիշները, և որը կատարվել է՝

1) անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի կամ անձի դաստիարակության, խնամքի կամ հսկողության տակ գտնվողի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով,

2) անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի կամ նրանց օրինական տնօրինության, տիրապետման, օգտագործման կամ պահպանության տակ գտնվող գույքը ոչնչացնելու, վնասելու վերցնելու կամ չվերադարձնելու սպառնալիքով,

3) շանտաժով կամ

4) հարկադրանքի այլ եղանակով՝

պատժվում է տուգանքով՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը՝

1) կատարվել է անօգնական վիճակում գտնվողի նկատմամբ,

2) կատարվել է ընտանեկան դրությամբ կամ հաշմանդամությամբ պայմանավորված` խոցելի վիճակում գտնվող անձի նկատմամբ,

3) կատարվել է հանցավորից նյութական կամ այլ կախվածության մեջ գտնվող անձի նկատմամբ,

4) կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

5) կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կամ

6) առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս է պատճառել՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է հանցավոր կազմակերպության կողմից՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով:

(հոդվածը 12.04.24 ՀՕ-170-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2024 թվականի հուլիսի 1-ից)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։