Հոդված 476. Սուտ մատնությունը
Հոդված 476. Սուտ մատնությունը
1. Սուտ մատնությունը` իրավասու մարմնին հանցագործության դեպքի կամ անձի կողմից հանցանք կատարելու մասին սուտ տեղեկություն տալը`
պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը`
1) կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
2) կատարվել է շահադիտական դրդումներով կամ
3) զուգորդվել է անձին ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով կամ
4) զուգորդվել է մեղադրանքի արհեստական ապացույց ստեղծելով՝
պատժվում է տուգանքով` քսանապատիկից հիսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` հարյուր հիսունից երկու հարյուր յոթանասուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ հանգեցրել է՝
1) ինքնասպանության կամ հոգեկան խանգարման կամ
2) անձի կալանավորման, դատապարտման կամ հոգեբուժական կազմակերպությունում տեղավորման`
պատժվում է ազատազրկմամբ` չորսից ութ տարի ժամկետով: