Հոդված 309. Ահաբեկչական գործունեությանը նպաստելը
Հոդված 309. Ահաբեկչական գործունեությանը նպաստելը
1. Ահաբեկչական գործունեությանը նպաստելը՝ սույն օրենսգրքի 308-րդ, 311-րդ, 312-րդ, 315-րդ, 316-րդ կամ 317-րդ հոդվածով նախատեսված հանցանքներ կատարելու համար անձանց հավաքագրելը կամ ահաբեկիչների ուսուցման ճամբար կազմակերպելը, սույն օրենսգրքի 308-րդ, 311-րդ, 312-րդ, 315-րդ, 316-րդ կամ 317-րդ հոդվածով նախատեսված հանցանքներ կատարելու հմտություններ սովորեցնելը կամ սովորելը կամ նշված արարքները կամ սույն օրենսգրքի 308-րդ, 311-րդ, 312-րդ, 315-րդ, 316-րդ կամ 317-րդ հոդվածով նախատեսված հանցանքները կատարելու նպատակով ճանապարհորդությունը կամ դրան այլ կերպ նպաստելը՝
պատժվում է ազատազրկմամբ` հինգից տասը տարի ժամկետով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`
1) հանցավոր կազմակերպության կողմից կամ
2) իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝
պատժվում է ազատազրկմամբ` ութից տասներկու տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարք կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե իրավասու մարմիններին կամավոր հայտնել է իր կողմից ահաբեկչական գործունեությանը նպաստելու մասին, որը հնարավորություն է տվել կանխելու սույն օրենսգրքի 308-րդ, 310-րդ, 311-րդ, 312-րդ, 315-րդ, 316-րդ կամ 317-րդ հոդվածով նախատեսված հանցանքների կատարումը: Եթե անձի փաստացի կատարած արարքն այլ հանցակազմ է պարունակում, ապա նա ենթակա է քրեական պատասխանատվության այդ հանցագործության համար: