Հոդված 104. Քրեական պատասխանատվությունից ազատելը՝ դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելով
Հոդված 104. Քրեական պատասխանատվությունից ազատելը՝ դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելով
1. Եթե անչափահասը կամ 21 տարին չլրացած անձն առաջին անգամ է մեղադրվում ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանք կատարելու մեջ, ապա ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե դատարանը հիմնավորում է, որ պատժի նպատակների իրականացումը հնարավոր է դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոց կիրառելով:
2. Անչափահասի կամ 21 տարին չլրացած անձի նկատմամբ դատարանը կարող է նշանակել դաստիարակչական բնույթի հարկադրանքի հետևյալ միջոցները.
1) տեղական ինքնակառավարման կամ դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի հսկողությանը հանձնելը` առավելագույնը 1 տարի ժամկետով,
2) պատճառած վնասը հարթելու պարտականություն դնելը՝ առավելագույնը 6 ամիս ժամկետում,
3) ժամանցի ազատությունը սահմանափակելը և վարքագծի նկատմամբ հատուկ պահանջներ սահմանելը` առավելագույնը 1 տարի ժամկետով,
4) ուսման անցնելը, ուսումը շարունակելը, 18-ից մինչև 21 տարեկանում հանցանք կատարած անձի՝ տեղական ինքնակառավարման մարմնի միջնորդությամբ աշխատանքի անցնելը,
5) հատուկ կրթական, մարզական, մշակութային կամ հանրային ծրագրին կամ միջոցառմանը կամ վերականգնողական հաստատությունում վերականգնողական ծրագրին մասնակցելը:
3. 21 տարին չլրացած անձի նկատմամբ կարող է միաժամանակ նշանակվել դաստիարակչական բնույթի հարկադրանքի մի քանի միջոց:
4. Դաստիարակչական բնույթի հարկադրանքի նշանակված միջոցից խուսափելու կամ դրա պայմանները խախտելու դեպքում տեղական ինքնակառավարման մարմնի կամ դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի միջնորդությամբ դատարանը կարող է վերացնել նշանակված միջոցը և անչափահասին կամ 21 տարին չլրացած անձին ենթարկել սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կամ 3-րդ կետով նախատեսված անվտանգության միջոցի:
5. Նոր հանցանք կատարելիս անչափահասը կամ 21 տարին չլրացած անձը քրեական պատասխանատվության ենթակա չէ նախկին հանցագործության համար, եթե վերջինիս կապակցությամբ նրա նկատմամբ կիրառվել է դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոց:
6. Դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցի կիրառմամբ քրեական պատասխանատվությունից ազատված անձը չի կարող նոր հանցագործության համար ազատվել քրեական պատասխանատվությունից` դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոց կիրառելով:
7. Սույն գլխի իմաստով՝ տեղական ինքնակառավարման մարմին է համարվում համայնքի ղեկավարը: