Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-07-22-ից մինչև 2025-08-02։Բացել գործող տեքստը
ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՎ ՊԱՏԺԻՑ ԱԶԱՏԵԼԸԳլուխ 12 · ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼԸ

Հոդված 80. Քրեական պատասխանատվությունից ազատելը հանցագործությունից կամովին հրաժարվելու հետևանքով

գործել է մինչև 2025-08-02Բացել ARLIS-ում

Հոդված 80. Քրեական պատասխանատվությունից ազատելը հանցագործությունից կամովին հրաժարվելու հետևանքով

1. Եթե անձը կամովին հրաժարվում է հանցագործությունից, ապա ազատվում է այդ հանցագործության համար քրեական պատասխանատվությունից: Եթե նրա փաստացի կատարած արարքն այլ հանցակազմ է պարունակում, ապա անձը ենթակա է քրեական պատասխանատվության այդ հանցագործության համար:

2. Հանցագործությունից կամովին հրաժարվելն անձի կողմից հանցագործության նախապատրաստությունը կամ հանցափորձը կամովին, վերջնականապես դադարեցնելն է կամ արարքի վտանգավոր հետևանքները կանխելը, եթե նա գիտակցել է տվյալ իրադրությունում հանցագործությունն ավարտին հասցնելու հնարավորությունը:

3. Եթե հանցագործությունից կամովին հրաժարվելը դրսևորվում է արարքի հետևանքները կանխելու ձևով, ապա հանցանք կատարող անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից միայն այն դեպքում, երբ միջոցներ է ձեռնարկել իր դիտավորության մեջ ընդգրկված վտանգավոր հետևանքները կանխելու համար և կանխել է դրանք: Եթե ձեռնարկված միջոցները չեն հանգեցրել վտանգավոր հետևանքները կանխելուն, ապա անձի կողմից դրանք կանխելու համար միջոցներ ձեռնարկելը համարվում է քրեական պատասխանատվությունը կամ պատիժը մեղմացնող հանգամանք:

4. Հանցագործության կազմակերպիչը, դրդիչը կամ օժանդակողը հանցագործությունից կամովին հրաժարվելու դեպքում ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նա իրավասու մարմիններին հաղորդելով կամ ձեռնարկված այլ միջոցներով կանխել է կատարողի կողմից հանցագործությունն ավարտին հասցնելը: Եթե կազմակերպչի, դրդիչի կամ օժանդակողի գործողությունները չեն հանգեցնում կատարողի հանցագործությունը կանխելուն, ապա ձեռնարկված միջոցները հաշվի են առնվում որպես քրեական պատասխանատվությունը կամ պատիժը մեղմացնող հանգամանք:

5. Գործիք կամ միջոց տրամադրելու կամ խոչընդոտը վերացնելու եղանակներով օժանդակության դեպքում անձն օժանդակության համար ենթակա չէ քրեական պատասխանատվության, եթե նա հետ է վերցրել տրամադրած գործիքը կամ միջոցը կամ վերականգնել է խոչընդոտները: Այդ դեպքում անձը քրեական պատասխանատվության է ենթարկվում հանցագործության մասին չհայտնելու համար, եթե նրա արարքում առկա են այդ հանցակազմի հատկանիշները:

6. Համակատարողը հանցագործությունից կամովին հրաժարվելու դեպքում ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նա իրավասու մարմիններին հաղորդելով կամ այլ միջոցներով կանխում է կատարողի կողմից հանցագործությունը ավարտին հասցնելը: Եթե համակատարողի գործադրած միջոցները չեն հանգեցնում կատարողի հանցագործությունը կանխելուն, ապա ձեռնարկված միջոցները հաշվի են առնվում որպես քրեական պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։