Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-03-01-ից մինչև 2026-04-26։Բացել գործող տեքստը
ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՎ ՊԱՏԺԻՑ ԱԶԱՏԵԼԸԳլուխ 13 · ՊԱՏԺԻՑ ԱԶԱՏԵԼԸ

Հոդված 87. Պատժից ազատելը կամ պատիժը հետաձգելը հիվանդության հետևանքով

գործել է մինչև 2026-04-26Բացել ARLIS-ում

Հոդված 87. Պատժից ազատելը կամ պատիժը հետաձգելը հիվանդության հետևանքով

1. Եթե հանցանքը կատարելուց հետո, բայց մինչև դատավճիռ կայացնելը անձի մոտ ի հայտ է եկել հոգեկան առողջության այնպիսի խնդիր, որն անհնարին է դարձնում պատիժ նշանակելը, ապա դատահոգեբուժական փորձաքննության եզրակացության հիման վրա պատժի նշանակումը հետաձգվում է: Այդ անձի նկատմամբ նշանակվում է բժշկական բնույթի հարկադրանքի միջոց, իսկ առողջական վիճակի այնպիսի փոփոխության դեպքում, երբ հոգեբուժական հանձնաժողովի եզրակացության համաձայն՝ անձը կարող է կրել պատիժ, դատարանը վերացնում է բժշկական բնույթի հարկադրանքի միջոցը և նշանակում է պատիժ:

2. Եթե դատավճիռ կայացնելուց հետո անձի մոտ ի հայտ է եկել հոգեկան առողջության այնպիսի խնդիր, որն անհնարին է դարձնում պատիժը կատարելը, ապա դատարանը դատահոգեբուժական փորձաքննության եզրակացության հիման վրա նրան ազատում է պատիժը կրելուց: Այդ անձի նկատմամբ նշանակվում է բժշկական բնույթի հարկադրանքի միջոց, իսկ առողջական վիճակի այնպիսի փոփոխության դեպքում, երբ հոգեբուժական հանձնաժողովի եզրակացության համաձայն՝ անձը կարող է կրել պատիժ, դատարանը վերացնում է բժշկական բնույթի հարկադրանքի միջոցը և որոշում է կայացնում անձին ուղարկել պատիժը կրելու:

3. Եթե հանցանքը կատարելուց հետո, բայց մինչև դատավճիռ կայացնելը անձի մոտ ի հայտ է եկել այնպիսի այլ հիվանդություն, որն անհնարին է դարձնում պատիժ նշանակելը, ապա դատաբժշկական փորձաքննության հիման վրա պատժի նշանակումը հետաձգվում է: Անձի առողջական վիճակի այնպիսի փոփոխության դեպքում, որը, բժշկական հանձնաժողովի եզրակացության համաձայն, հնարավոր է դարձնում պատժի կատարումը, դատարանը պատիժ է նշանակում:

4. Եթե դատավճիռ կայացնելուց հետո անձի մոտ ի հայտ է եկել այնպիսի այլ հիվանդություն, որն անհնարին է դարձնում պատիժ կրելը, ապա դատարանը դատաբժշկական փորձաքննության հիման վրա նրան ազատում է պատիժը կրելուց: Անձի առողջական վիճակի այնպիսի փոփոխության դեպքում, որը, բժշկական հանձնաժողովի եզրակացության համաձայն, հնարավոր է դարձնում պատժի կատարումը, դատարանը որոշում է կայացնում անձին ուղարկել պատիժը կրելու:

5. Սույն հոդվածով նախատեսված դեպքերում անձի առողջական վիճակի փոփոխության հարցը բժշկական կամ հոգեբուժական հանձնաժողովը քննության է առնում 6 ամիսը մեկ պարբերականությամբ:

6. Սույն հոդվածի 1-ին կամ 3-րդ մասով նախատեսված անձի առողջական վիճակի այնպիսի փոփոխության դեպքում, որը հնարավոր է դարձնում պատժի կատարումը, անձը ենթակա է պատժի, եթե չեն անցել սույն օրենսգրքի 83-րդ հոդվածով սահմանված վաղեմության ժամկետները: Սույն հոդվածի 2-րդ կամ 4-րդ մասով նախատեսված անձի ապաքինվելու դեպքում նա ենթակա է պատժի, եթե չեն անցել սույն օրենսգրքի 90-րդ հոդվածով սահմանված վաղեմության ժամկետները:

7. Եթե սույն հոդվածի 1-ին կամ 3-րդ մասով նախատեսված անձը մինչև սույն օրենսգրքի 83-րդ հոդվածով սահմանված վաղեմության ժամկետներն անցնելը կատարում է նոր հանցանք, ապա դատարանը պատիժ է նշանակում սույն օրենսգրքի 74-րդ հոդվածով սահմանված կարգով: Եթե սույն հոդվածի 2-րդ կամ 4-րդ մասով նախատեսված անձը մինչև սույն օրենսգրքի 90-րդ հոդվածով սահմանված վաղեմության ժամկետներն անցնելը կատարում է նոր հանցանք, ապա դատարանը պատիժ է նշանակում սույն օրենսգրքի 75-րդ հոդվածով սահմանված կարգով:

8. Կարգապահական գումարտակում պահելու դատապարտված զինծառայողը պատիժը կրելուց ազատվում է այնպիսի հիվանդության դեպքում, որի հետևանքով նա համարվում է զինվորական ծառայության համար ոչ պիտանի:

(87-րդ հոդվածը փոփ. 09.06.22 ՀՕ-240-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։