Հոդված 359. Համակարգիչ, համակարգչային համակարգ կամ համակարգչային ցանց ներթափանցելը
Հոդված 359. Համակարգիչ, համակարգչային համակարգ կամ համակարգչային ցանց ներթափանցելը
1. Համակարգիչ, համակարգչային համակարգ կամ համակարգչային ցանց ներթափանցելը՝ առանց թույլտվության մուտք գործելը, որը կատարվել է օրենքի կամ պայմանագրի կամ իրավաչափ այլ հիմքի ուժով նման իրավունք չունեցող անձի կողմից և անզգուշությամբ առաջացրել է համակարգչային տվյալի ոչնչացում, փոփոխություն, վնասում, աղավաղում, ուղեփակում (մեկուսացում), պատճենահանում, խոշոր չափերի գույքային վնաս կամ այլ էական վնաս`
պատժվում է տուգանքով` առավելագույնը տասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` առավելագույնը հարյուր ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը`
1) զուգորդվել է պաշտպանիչ համակարգը հաղթահարելով,
2) կատարվել է հատուկ տեխնիկական միջոցի օգտագործմամբ,
3) կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով,
4) կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
5) կատարվել է օրենքով պահպանվող տվյալի նկատմամբ կամ
6) անզգուշությամբ առաջացրել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս, հիմնարկի կամ կազմակերպության գործունեության խաթարում, վթար կամ աղետ, առանձնակի արժեք ունեցող տվյալի ոչնչացում, փոփոխություն, ուղեփակում (մեկուսացում) կամ պատճենահանում կամ այլ ծանր հետևանք`
պատժվում է տուգանքով` առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ երկուսից հինգ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով: