Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2019-12-21-ից մինչև 2019-12-27։Բացել գործող տեքստը
Գլուխ III · ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

Հոդված 20. Ոստիկանության իրավունքները հանցագործություններ հայտնաբերելիս և բացահայտելիս

գործել է մինչև 2019-12-27Բացել ARLIS-ում

Հոդված 20. Ոստիկանության իրավունքները հանցագործություններ հայտնաբերելիս և բացահայտելիս

Ոստիկանությունը հանցագործություններ հայտնաբերելիս և բացահայտելիս իրավունք ունի՝

1) գրանցելու, լուսանկարելու, ձայնագրելու, տեսանկարահանելու հանցագործության կատարման կասկածանքով բերման ենթարկված, ձերբակալված, հանցագործության կատարման մեջ մեղադրվող անձանց, ստանալու մատնադրոշմային նմուշներ նրանց ինքնությունը պարզելու կամ նույնացում կատարելու նպատակով, իր գործունեությունը արձանագրելու նպատակով օգտագործելու տեղեկատվական համակարգեր, տեսաձայնագրման, կինո-լուսանկարահանման սարքավորումներ, ինչպես նաև այլ տեխնիկական և հատուկ միջոցներ.

2) իր վարույթում գտնվող գործերով և նյութերով ծանուցելու քաղաքացիներին, ինչպես նաև պաշտոնատար անձանց` ներկայանալ ոստիկանություն, բերման ենթարկելու առանց հարգելի պատճառների ներկայանալուց խուսափողներին, քննելու հանցագործություն կատարելու մեջ կասկածվող անձանց.

3) հանցագործություն կատարելու մեջ կասկածվող անձանց ուղարկելու կամ հասցնելու բժշկական հաստատություն՝ նրանց օրգանիզմում ալկոհոլի կամ թմրամիջոցների առկայությունը պարզելու նպատակով, եթե ստուգման արդյունքն անհրաժեշտ է հանցագործության փաստը հաստատելու կամ հերքելու կամ գործն օբյեկտիվորեն քննելու համար.

4) հանցագործություն կատարելու մեջ կասկածվող անձանց հետապնդելիս հանցագործություն կատարվելու կամ կատարված լինելու, ինչպես նաև դժբախտ պատահարի մասին բավարար տվյալների առկայության դեպքում վթարների, համաճարակների, զանգվածային անկարգությունների ժամանակ քաղաքացիների և հասարակական անվտանգության ապահովման անհրաժեշտության, ինչպես նաև հետաձգում չհանդուրժող այլ դեպքերում մուտք գործելու բնակարաններ, շինություններ, տարածքներ, հողամասեր, այդ թվում` արգելքները վերացնելու միջոցով:

Բնակարան, շինություն, տարածք կամ հողամաս մուտք գործելուց հետո կազմվում է արձանագրություն, որում հստակ նշվում են դրա գտնվելու վայրը, անհրաժեշտ գործողությունները կատարելու ավարտի օրը, ժամը, տարածքում կատարված բոլոր գործողությունները, այդ գործողություններին մասնակցած անձանց անունները, ազգանունները, պաշտոնները, բնակության վայրերը:

Արձանագրության մեկ օրինակը տրվում կամ ուղարկվում է բնակարանի, շինության, տարածքի կամ հողամասի սեփականատիրոջը կամ նրա լիազորած անձին:

Եթե ոստիկանությունը բնակարան, շինություն, տարածք կամ հողամաս մուտք է գործել դրա սեփականատիրոջ կամ նրա լիազորած անձի բացակայությամբ, ապա անհրաժեշտ գործողությունները կատարելուց հետո բնակարան, շինություն, տարածք կամ հողամաս մուտք գործած անձանց կողմից պետք է ապահովվի դրա հետագա անվտանգությունը:

Եթե սույն կետով նախատեսված գործողությունները կատարվել են քաղաքացիների կամ պաշտոնատար անձանց կամքին հակառակ, ապա ոստիկանությունն այդ մասին 24 ժամվա ընթացքում ծանուցում է դատախազին.

5) հանցագործության առկայության դեպքում իրականացնելու Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դատավարական գործողություններ.

6) կատարելու փորձաքննություններ՝ քրեական գործերով, ինչպես նաև գիտատեխնիկական հետազոտություններ՝ օպերատիվ-հետախուզական գործունեության նյութերով.

6.1) Կառավարության սահմանած կարգով իրականացնելու քրեագիտական հաշվառումներ.

6.2) կենսաբանական ծագում ունեցող հետքերով ծանր և առանձնապես ծանր, ինչպես նաև սեռական ազատության և անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործություն կատարած անձանց հայտնաբերելու (բացահայտելու) նպատակով իրականացնել կենսաբանական ծագման նմուշներում հայտնաբերված և նույնականացված ԴՆԹ (դեզօքսիռիբոնուկլեինաթթու) բնութագրերի հաշվառումներ:

Հաշվառման ենթակա են հանցագործության դեպքի վայրից վերցված քրեական գործով չպարզված անձանց և մեղադրյալից Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով վերցված նմուշներից դատագենետիկական փորձաքննությունների արդյունքում հայտնաբերված ԴՆԹ բնութագրերը:

Փորձագիտական հիմնարկները դատագենետիկական փորձաքննությունն ավարտելուց հետո՝ 5-օրյա ժամկետում, պարտավոր են էլեկտրոնային եղանակով և Կառավարության որոշմամբ սահմանված կարգով ոստիկանությանը տրամադրել դատագենետիկական փորձաքննությունների արդյունքում հայտնաբերված ԴՆԹ բնութագրերը:

ԴՆԹ բնութագրերը պահվում են 80 տարի ժամկետով, բացառությամբ քրեական հետապնդումը դադարեցնելու կամ չիրականացնելու մասին որոշում կայացվելու կամ արդարացնող հիմքով քրեական գործի վարույթը կարճվելու կամ արդարացման դատավճիռ կայացվելու դեպքերի, որոնց պարագայում ԴՆԹ բնութագիրը ենթակա է ոչնչացման` ոստիկանության տեղեկատվական կենտրոնից այդ մասին տեղեկատվությունն ստանալուց հետո՝ 24 ժամվա ընթացքում: Եթե դեպքի վայրից վերցված քրեական գործով չպարզված անձի ԴՆԹ բնութագիրը նույնացվում է քրեական գործի քննությամբ հետագայում պարզված և հանցագործության մեջ չմեղադրվող անձի հետ, ապա այդ մասին ոստիկանությունում տեղեկատվություն ստանալուց հետո՝ 24 ժամվա ընթացքում, տվյալ ԴՆԹ բնութագիրը ոչնչացվում է:

ԴՆԹ բնութագրերի փոխանցման, մշակման և հաշվառման էլեկտրոնային համակարգերը պետք է ունենան Կառավարության որոշմամբ սահմանված բավարար պաշտպանվածության մակարդակ: Կառավարության որոշմամբ սահմանված բավարար պաշտպանվածության մակարդակ չունեցող էլեկտրոնային համակարգերի միջոցով ԴՆԹ բնութագրերի հաշվառումն արգելվում է:

ԴՆԹ բնութագրերը չեն կարող օգտագործվել սույն կետով չնախատեսված նպատակներով:

Սույն կետի պահանջների նկատմամբ հսկողությունն իրականացնում է անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինը` «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով.

7) անհրաժեշտության դեպքերում օգտվելու կազմակերպությունների և քաղաքացիների տրանսպորտի և կապի միջոցներից` օրենսդրությամբ սահմանված կարգով նյութական ծախսերի փոխհատուցմամբ:

Ոստիկանությունն իրավունք ունի իրականացնելու նաև օպերատիվ-հետախուզական և այլ օրենքներով իրեն վերապահված գործողություններ:

(20-րդ հոդվածը խմբ. 01.06.06 ՀՕ-123-Ն, լրաց. 17.12.14 ՀՕ-220-Ն, 06.12.17 ՀՕ-226-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-272-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։