Հոդված 19. Ոստիկանության իրավունքները հանցագործությունները և այլ իրավախախտումները կանխելիս
Հոդված 19. Ոստիկանության իրավունքները հանցագործությունները և այլ իրավախախտումները կանխելիս
Ոստիկանությունը հանցագործությունները և այլ իրավախախտումները կանխելու նպատակով իրավունք ունի`
1) պահանջելու դադարեցնել ոստիկանության, հանրային այլ ծառայողների, պաշտոնատար անձանց լիազորությունների, Ազգային ժողովի պատգամավորի, համայնքի ավագանու անդամի, համայնքի ղեկավարի թեկնածուների` օրենսդրությամբ սահմանված իրավունքների իրականացմանը խոչընդոտող գործողությունները կամ նման գործողություններ կատարող անձանց հեռացնել տվյալ վայրից.
2) պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններ և կազմակերպություններ ներկայացնելու իրավախախտումների կատարման պատճառների ու դրանց նպաստող պայմանների վերացմանն ուղղված միջնորդագրեր ու առաջարկություններ.
3) Կառավարության սահմանած կարգով իրականացնելու վարչական իրավախախտում կատարած, հանցագործության մեջ մեղադրվող, դատապարտված անձանց հաշվառում և նրանց վերաբերյալ տեղեկությունների տրամադրում: Քաղաքացիներին և կազմակերպություններին պատկանող հատուկ հաշվառման ենթակա առարկաների, սարքավորումների և փաստաթղթերի հաշվառման, դրանց վերաբերյալ տեղեկությունների տրամադրման կարգը, ինչպես նաև հատուկ հաշվառման ենթակա առարկաների, սարքավորումների և փաստաթղթերի ցանկը սահմանում է Կառավարությունը.
4) ստեղծել և վարել Հայաստանի Հանրապետությունում շրջանառվող փաստաթղթերի նմուշօրինակների միասնական հավաքածու: Հայաստանի Հանրապետությունում շրջանառվող փաստաթղթերի նմուշօրինակների միասնական հավաքածու ստեղծելու, դրա կազմավորման և վարման կարգը հաստատում է Կառավարությունը.
5) Կառավարության սահմանած կարգով իրականացնել անչափահաս մեղադրյալի, մեկ տարվա ընթացքում երկու կամ ավելի անգամ վարչական իրավախախտում կատարած անչափահասի, բացառությամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 21-րդ հոդվածով վարչական պատասխանատվությունից ազատելու դեպքերի, երկու կամ ավելի անգամ բնակության վայրը ինքնակամ լքած մինչև 16 տարեկան անչափահասի, մանկավարժական խորհրդի համապատասխան որոշման հիման վրա պարտադիր ուսուցումից 120 և ավելի ժամաքանակ դասեր անհարգելի բաց թողած, թափառաշրջիկությամբ, մուրացկանությամբ, շահումով խաղերով զբաղվող, ոգելից խմիչքներ, թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), թունավոր կամ այլ թմրեցնող նյութեր օգտագործող անչափահասի, ազատազրկման ձևով պատիժը կրած անչափահասի, դատարանի կողմից դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառվելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատված անչափահասի, որի վարքագծի նկատմամբ հետագա վերահսկողությունը դրվել է ոստիկանության վրա, անչափահասի, որի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ ռեաբիլիտացնող հանգամանքներով, ինչպես նաև անչափահասի վրա բացասական ազդեցություն ունեցող ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի պրոֆիլակտիկ (կանխարգելիչ) հաշվառում:
Ոստիկանությունը հանցագործություններ և այլ իրավախախտումներ կանխելու՝ օրենքով իր վրա դրված խնդիրներն իրականացնելիս իրավունք ունի օրենքով սահմանված կարգով և հիմքերով՝
1) հանցագործություն կամ վարույթ պահանջող վարչական իրավախախտում կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության դեպքում ստուգելու քաղաքացիների, ինչպես նաև պաշտոնատար անձանց ինքնությունը հավաստող փաստաթղթերը, օրենքով սահմանված դեպքերում ձերբակալել նրանց.
2) քաղաքացիներից, պաշտոնատար անձանցից, կազմակերպություններից պահանջելու և ստանալու անհրաժեշտ բացատրություններ, տվյալներ, տեղեկանքներ, փաստաթղթեր և (կամ) դրանց պատճեններ.
3) մասնակցելու երկաթուղային, օդային, ջրային տրանսպորտի ուղևորների, ձեռքի իրերի և ուղեբեռների ստուգմանը:
Սույն օրենքի իմաստով՝ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածն առկա է այն դեպքում, երբ՝
1) անձը բռնվել է ենթադրյալ հանցանքը կամ վարչական իրավախախտումը կատարելիս կամ այն կատարելուց անմիջապես հետո.
2) ականատեսն ուղղակի մատնանշում է տվյալ անձին՝ որպես ենթադրյալ հանցանքը կամ իրավախախտումը կատարողի.
3) տվյալ անձի կամ նրա հագուստի կամ նրա կողմից օգտագործվող այլ իրերի վրա, նրա մոտ կամ նրա բնակարանում, ներառյալ տրանսպորտային միջոցում, հայտնաբերվել են ենթադրյալ հանցագործության կամ վարչական իրավախախտման կատարմանը նրա առնչությունը վկայող բացահայտ հետքեր:
Ենթադրյալ հանցագործություն կամ վարչական իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կասկածը կարող է հիմնվել նաև նման կասկածի տեղիք տվող այլ հանգամանքների վրա ևս (տեխնիկական միջոցներով ենթադրյալ հանցագործության կամ վարչական իրավախախտման փաստի արձանագրում, հետախուզման մեջ գտնվող անձի հետ նմանության առկայություն և այլն):
(19-րդ հոդվածը խմբ. 01.06.06 ՀՕ-123-Ն, խմբ., լրաց. 21.02.07 ՀՕ-74-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-272-Ն, լրաց. 31.05.19 ՀՕ-46-Ն, խմբ., փոփ. 09.06.22 ՀՕ-172-Ն, լրաց. 05.10.22 ՀՕ-365-Ն)
(05.10.22 ՀՕ-365-Ն օրենքն ունի անցումային դրույթ)