Հոդված 31. Հատուկ միջոցների գործադրումը
Հոդված 31. Հատուկ միջոցների գործադրումը
Ոստիկանության ծառայողներն անձամբ կամ ստորաբաժանման կազմում ծառայողական պարտականությունները կատարելիս իրավունք ունեն ոստիկանության տրամադրության տակ գտնվող հատուկ միջոցներ գործադրել՝
1) քաղաքացիների և ոստիկանության ծառայողի վրա կատարվող հարձակումը խափանելիս.
2) ոստիկանության ծառայողին կամ հասարակական կարգի պահպանության և հանցագործությունների դեմ տարվող պայքարին աջակցող, իրենց հասարակական կամ ծառայողական պարտականությունները կատարող անձանց նկատմամբ ցուցաբերվող անհնազանդությունը հաղթահարելիս կամ դիմադրությունը խափանելիս.
3) իրավախախտման պահին բռնված և փախուստի փորձ կատարող անձանց բռնելիս.
4) երբ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ տվյալ անձը կամ անձինք պատրաստվում են զինված դիմադրություն ցույց տալ.
5) իրավախախտում թույլ տալու համար բռնված կամ իր անձը ներկայացնելուց հրաժարվող կամ ակնհայտ կեղծ տվյալներ ներկայացնող անձանց ոստիկանություն կամ ծառայողական այլ շինություն բերման ենթարկելիս, ձերբակալված և կալանավորված անձանց ուղեկցելիս կամ նրանց պահպանելիս, երբ վերջիններիս վարքագիծը հիմք է տալիս ենթադրելու, որ նրանք կարող են դիմել փախուստի, վնաս պատճառել իրենց կամ շրջապատին, անհնազանդություն ցուցաբերել կամ դիմադրություն ցույց տալ ոստիկանության ծառայողին.
6) առևանգված, ապօրինաբար ազատությունից զրկված և բռնի կերպով պահվող անձանց ու զավթված բնակարանները, շինությունները, տարածքներն ու տրանսպորտային միջոցներն ազատելիս.
7) տրանսպորտի, կապի և այլ կազմակերպությունների աշխատանքը կազմալուծող զանգվածային անկարգությունները և խմբակային գործողությունները խափանելիս.
8) ավտոտրանսպորտային միջոցը կանգնեցնելիս, երբ վարորդն ակնհայտորեն չի ենթարկվում ոստիկանության ծառայողի՝ տրանսպորտային միջոցը կանգնեցնելու պահանջին.
9) հանցագործություն կատարող կամ կատարած անձանց հայտնաբերելիս:
Ոստիկանության ծառայողները, որպես հատուկ միջոցներ, կարող են գործադրել՝
ա) ռետինե մահակներ՝ սույն հոդվածի առաջին մասի 1-ին, 2-րդ և 7-րդ կետերով նախատեսված դեպքերում,
բ) արցունքաբեր գազ՝ սույն հոդվածի առաջին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ, 6-րդ և 7-րդ կետերով նախատեսված դեպքերում,
գ) ձեռնաշղթաներ՝ սույն հոդվածի առաջին մասի 2-րդ, 3-րդ և 5-րդ կետերով նախատեսված դեպքերում,
դ) ուշադրությունը շեղող լուսաձայնային միջոցներ՝ սույն հոդվածի առաջին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ և 7-րդ կետերով նախատեսված դեպքերում,
ե) արգելանքներ քանդելու միջոցներ՝ սույն հոդվածի առաջին մասի 2-րդ, 4-րդ և 7-րդ կետերով նախատեսված դեպքերում,
զ) տրանսպորտի հարկադիր կանգնեցման միջոցներ՝ սույն հոդվածի առաջին մասի 7-րդ և 8-րդ կետերով նախատեսված դեպքերում,
է) ջրանետեր և զրահամեքենաներ՝ սույն հոդվածի առաջին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ և 7-րդ կետերով նախատեսված դեպքերում,
ը) էլեկտրահարող սարքեր, կայծային պարպիչներ՝ սույն հոդվածի առաջին մասի 1- 4-րդ կետերով նախատեսված դեպքերում,
թ) հատուկ ներկող նյութեր՝ սույն հոդվածի առաջին մասի 9-րդ կետով նախատեսված դեպքերում,
ժ) ծառայողական շներ՝ սույն հոդվածի առաջին մասի 1-6-րդ և 9-րդ կետերով նախատեսված դեպքերում:
Հատուկ միջոցների բոլոր տեսակները կարող են գործադրվել նաև սույն օրենքի 32-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքերում:
Արգելվում է հատուկ միջոցների գործադրումը հղիության նկատելի նշաններով կանանց, ակնհայտ հաշմանդամների և անչափահասների նկատմամբ (բացառությամբ նրանց կողմից զինված հարձակում գործելու, զինված դիմադրության, մարդկանց կյանքին ու առողջությանն սպառնացող խմբակային հարձակման դեպքերի), ինչպես նաև խաղաղ, առանց զենքի չարտոնված հավաքները խափանելու ժամանակ, եթե դրանք չեն խախտում տրանսպորտի, կապի և կազմակերպությունների աշխատանքը:
Անհրաժեշտ պաշտպանության կամ ծայրահեղ անհրաժեշտության պայմաններում հատուկ միջոցների կամ հրազենի բացակայության դեպքում ոստիկանության ծառայողն իրավունք ունի օգտագործել ձեռքի տակ եղած բոլոր հնարավոր միջոցները:
(31-րդ հոդվածը փոփ. 01.06.06 ՀՕ-123-Ն, 29.04.09 ՀՕ-104-Ն)