Հոդված 22. Սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի լիազորությունները
Հոդված 22. Սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի լիազորությունները
(վերնագիրը փոփ. 21.01.20 ՀՕ-65-Ն)
1. Սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմինը (այսուհետ` լիազորած պետական մարմին)`
1) իր իրավասությունների շրջանակներում մշակում և իրականացնում է սոցիալական աջակցության բնագավառում պետական քաղաքականությունը.
2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնում է առաջարկություններ` սոցիալական աջակցության զարգացման ուղղությունների և դրանց համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների մասին.
3) (կետն ուժը կորցրել է 04.03.20 ՀՕ-97-Ն)
4) ապահովում է ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրումը և կազմակերպում է դիմումների ընդունումը, հաշվառումը և փաստաթղթաշրջանառությունը.
5) հաստատում է սոցիալական աշխատանքի մասնագետների պաշտոնների օրինակելի բնութագրերը, տվյալ պաշտոնը զբաղեցնողի պաշտոնեական պարտականությունները, գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները, որակավորման պահանջները.
6) կազմակերպում է «Սոցիալական աշխատանք» մասնագիտացման, ինչպես նաև սոցիալական աշխատանքի մասնագետների որակավորման բարձրացման դասընթացներ.
7) հաստատում է «Սոցիալական աշխատանք» մասնագիտացման, ինչպես նաև սոցիալական աշխատանքի մասնագետների որակավորման բարձրացման դասընթացների արդյունքում տրվող վկայականների օրինակելի ձևերը.
8) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մասնակցում է «Սոցիալական աշխատանք» մասնագիտության պետական կրթական չափորոշչի ձևավորմանը.
9) կազմակերպում է սոցիալական պաշտպանության ոլորտի մասնագետների որակավորման բարձրացման դասընթացներ, ինչպես նաև սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված դեպքում հավաստագրում է սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունների և ֆիզիկական անձանց գործունեությունը.
10) սահմանում է տնային այցելություն կատարելու, սոցիալական դեպքի վարման, տեղական սոցիալական ծրագրերի մշակման մեթոդական ցուցումները, սույն օրենքի 35-րդ հոդվածով սահմանված սոցիալական համագործակցության համաձայնագրի օրինակելի ձևը և դրա ընդունման ընթացակարգը.
11) տարածքային մարմիններում, սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպություններում իրականացնում է պետական վերահսկողություն սոցիալական աջակցության բնագավառին վերաբերող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների կատարման նկատմամբ.
12) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով ստուգում է այլ մարմիններից և կազմակերպություններից (անկախ դրանց կազմակերպական-իրավական ձևից) տրված՝ սոցիալական աջակցության տրամադրման համար պահանջվող փաստաթղթ(եր)ի հավաստիությունը.
13) (կետն ուժը կորցրել է 04.03.20 ՀՕ-97-Ն)
14) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով հանդես է գալիս սոցիալական աջակցություն ստացողի օրինական շահերի և իրավունքների պաշտպանությամբ նրա դիմելու դեպքում կամ իր նախաձեռնությամբ.
15) սահմանում է սոցիալական ծառայությունների որակի վերահսկման հետադարձ կապի մեխանիզմները.
16) ստեղծում և վարում է սոցիալական աջակցության բնագավառի տեղեկատվական շտեմարաններ, սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունների ռեգիստր.
17) ուսումնասիրում է տարածքային մարմինների և սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունների կողմից տրամադրվող սոցիալական ծառայությունների հետ կապված բողոքները, խախտումներ հայտնաբերելու դեպքում ձեռնարկում է Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված միջոցառումներ դրանք վերացնելու ուղղությամբ.
18) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով կազմակերպում է սոցիալական ծառայություններ տրամադրելու գործընթացում կիրառվող համակարգչային ծրագրերի ուսուցման դասընթացներ և տրամադրում է այդ ծրագրերով աշխատելու կարողությունները հաստատող հավաստագրեր.
19) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված այլ լիազորություններ:
(22-րդ հոդվածը փոփ. 21.01.20 ՀՕ-65-Ն, փոփ., խմբ. 04.03.20 ՀՕ-97-Ն)
(04.03.20 ՀՕ-97-Ն օրենքն ունի անցումային դրույթ)