Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-07-01-ից մինչև 2024-11-14։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 25. Սոցիալական աջակցության տրամադրման մասին որոշումը

գործել է մինչև 2024-11-14Բացել ARLIS-ում

Հոդված 25. Սոցիալական աջակցության տրամադրման մասին որոշումը

1. Սոցիալական աջակցությունը տրամադրվում է սույն օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մասում նշված ֆիզիկական և իրավաբանական անձանց, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների գրավոր և բանավոր դիմումների, ներկայացրած տեղեկությունների, ահազանգերի, զանգվածային լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված դեպքերում՝ տարածքային մարմինների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայությամբ գործող կազմակերպությունների նախաձեռնությամբ:

2. Սոցիալական աջակցություն հայցող անձը այն ստանալու համար անձամբ կամ ներկայացուցչի միջոցով դիմում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած՝ իր բնակության վայրի տարածքը սպասարկող տարածքային մարմնին, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի:

3. Սոցիալական աջակցություն ստանալու համար այն հայցող անձը կամ նրա ներկայացուցիչը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում դիմումին կից ներկայացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած՝ սոցիալական աջակցություն ստանալու (տվյալ սոցիալական ծառայության կամ ծառայությունների տրամադրման) համար անհրաժեշտ փաստաթղթերը, եթե դրանք (կամ դրանցում նշված տվյալները) ներառված չեն համապատասխան մարմինների էլեկտրոնային տեղեկատվական շտեմարաններում:

4. Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում սոցիալական աջակցության շրջանակներում մեկ կամ մի քանի սոցիալական ծառայությունները կարող են տրամադրվել բացառապես այն հայցող անձի կողմից գրավոր դիմումը և սոցիալական ծառայության (ծառայությունների) տրամադրման համար անհրաժեշտ փաստաթղթերն անձամբ ներկայացվելու դեպքում:

5. Սոցիալական աջակցություն տրամադրելու կամ սոցիալական աջակցության տրամադրումը մերժելու մասին որոշումն ընդունում է տվյալ սոցիալական ծառայությունը տրամադրելու իրավազորություն ունեցող տարածքային մարմինը կամ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայությամբ գործող համապատասխան կազմակերպությունը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

6. Լիազորած պետական մարմնում ընդգրկված և կառավարման ոլորտում գործող տարածքային մարմինների կողմից սոցիալական աջակցություն տրամադրվելու կամ սոցիալական աջակցության տրամադրումը մերժելու մասին որոշման ընդունման կարգը, պայմանները և ժամկետը սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով և դրանց համապատասխան ընդունված այլ նորմատիվ իրավական ակտերով:

7. Տարածքային մարմինները սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքում սոցիալական աջակցություն տրամադրելու կամ այն մերժելու մասին որոշումը կայացնում են դիմումը ստանալուց հետո՝ ոչ ուշ, քան 30 օրացուցային օրվա ընթացքում, եթե այլ բան սահմանված չէ սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով և նորմատիվ իրավական ակտերով:

8. Տարածքային մարմինները սոցիալական աջակցություն տրամադրելու մասին որոշում ընդունելու համար լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտության կամ դիմումին կից ոչ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման դեպքում նույն օրը դիմողին գրավոր տեղեկացնում են լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտության կամ պակասող փաստաթղթերի ցանկի և դրանք սահմանված ժամկետում ներկայացնելու անհրաժեշտության մասին, եթե Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված չեն տեղեկացման այլ կարգ և ժամկետներ: Սույն մասով սահմանված դեպքում, եթե դիմողը տեղեկացվելուց հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում, ներկայացնում է անհրաժեշտ փաստաթղթերը, ապա դիմելու օր է համարվում դիմումի սկզբնական ներկայացման օրը, իսկ նշված ժամկետից ուշ փաստաթղթերը ներկայացնելու դեպքում դիմելու օր է համարվում բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու օրը:

9. Տարածքային մարմինները սոցիալական աջակցություն տրամադրելու կամ այն մերժելու մասին գրավոր տեղեկացնում են դիմողին ոչ ուշ, քան այդ որոշման ընդունումից հետո՝ եռօրյա ժամկետում, եթե տեղեկացման այլ կարգ և ժամկետներ նախատեսված չեն Հայաստանի Հանրապետության օրենքներով:

10. Այլ ֆիզիկական և իրավաբանական անձանց, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների գրավոր և բանավոր դիմումների, ահազանգերի, զանգվածային լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա, ինչպես նաև սեփական նախաձեռնությամբ սոցիալական աջակցություն տրամադրելու մասին որոշումների ընդունման կարգը, պայմանները, ժամկետները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ նորմատիվ իրավական ակտերով:

11. Տարածքային մարմինները արտակարգ իրավիճակներում, ինչպես նաև անհետաձգելի լուծում պահանջող` կյանքին և առողջությանը վտանգ սպառնացող դեպքերում սոցիալական աջակցությունը տրամադրում են անհապաղ` այդ մասին տեղեկատվությունը ստանալուց հետո:

12. Տարածքային մարմնի ընդունած որոշումը, գործողությունը կամ անգործությունը կարող են բողոքարկվել վարչական և (կամ) դատական կարգով:

(25-րդ հոդվածը փոփ. 21.01.20 ՀՕ-65-Ն, 04.03.20 ՀՕ-97-Ն)

(04.03.20 ՀՕ-97-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։