Հոդված 1. Օրենքի գործողության ոլորտը
Հոդված 1. Օրենքի գործողության ոլորտը
1. Սույն օրենքով սահմանվում են գույքի նկատմամբ իրավունքների, իրավունքների սահմանափակումների (այսուհետ` սահմանափակումներ) պետական գրանցման, գույքի, դրա նկատմամբ իրավունքների, սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման, գրանցում իրականացնող մարմնի իրավունքների և պարտականությունների իրավական հիմքերը, գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման վարույթի առանձնահատկությունները:
2. Եթե Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:
3. Սույն օրենքով սահմանված կարգով գույքի նկատմամբ իրավունքների, սահմանափակումների պետական գրանցման վրա տարածվում են «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված նորմերը:
4. Սույն օրենքով սահմանված կարգով գույքի նկատմամբ իրավունքների, սահմանափակումների պետական գրանցման և տեղեկատվության տրամադրման գործառույթների վրա չեն տարածվում «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասությամբ և 3-րդ մասի առաջին նախադասությամբ սահմանված պահանջները:
5. Սույն օրենքով սահմանված նորմերը չեն տարածվում «Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի մասին» և «Ակտիվների արժեթղթավորման և ակտիվներով ապահովված արժեթղթերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված ապահովված հիփոթեքային պարտատոմսերի և ակտիվներով ապահովված արժեթղթերի թողարկման նպատակով գրավադրվող ակտիվների նկատմամբ գրավի իրավունքի գրանցման հետ կապված հարաբերությունների վրա:
6. Պետական գրանցման կազմակերպման նպատակով լիազորված պետական կառավարման հանրապետական մարմինը կարող է ընդունել պետական գրանցման, տեղեկատվության տրամադրման առանձնահատկությունները, ինչպես նաև անշարժ գույքի գործարքներում ստորագրությունների իսկության ճանաչման գործավարության առանձնահատկությունները կարգավորող այլ իրավական ակտեր:
7. Շարժական գույքի նկատմամբ գրավի իրավունքի, լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի գրանցման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
8. Շարժական գույքի կադաստրի վարման նպատակով հաշվառման ենթակա շարժական գույքի ցանկը, շարժական գույքի կադաստրի վարման կարգը, հաշվառման մատյանների ձևերը, ինչպես նաև հաշվառում իրականացնող մարմինները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(1-ին հոդվածը փոփ., լրաց. 17.12.14 ՀՕ-267-Ն)