Հոդված 24. Իրավունքի պետական գրանցման վարույթի հարուցումը
Հոդված 24. Իրավունքի պետական գրանցման վարույթի հարուցումը
1. Պետական գրանցման վարույթի հարուցման հիմք է իրավունքի պետական գրանցում հայցող պետական գրանցման սուբյեկտի ներկայացրած դիմումը: Պետական գրանցման դիմումը ներկայացվում է անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգի միջոցով՝ հաստատված էլեկտրոնային թվային ստորագրությամբ, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի, երբ դիմումը կարող է ներկայացվել նաև անշարժ գույքի պետական ռեգիստրի որևէ խորհրդատվական կենտրոն (անկախ գույքի գտնվելու վայրից):
2. Դիմումում պարտադիր նշվում են`
1) գույքի հասցեն կամ գտնվելու վայրը (կարող է նշվել նաև միավորի ծածկագիրը).
2) ֆիզիկական անձանց դեպքում` դիմողի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված անձը հաստատող փաստաթղթերից տվյալները (անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան ամսաթիվը, բնակության հասցեն, փաստաթղթի անվանումը, սերիան և համարը).
3) իրավաբանական անձի դեպքում` լրիվ անվանումը, գտնվելու վայրը.
4) դիմումով ներկայացվող պահանջը.
5) դիմումին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը.
6) դիմումի ներկայացման ամսաթիվը.
7) դիմողի ստորագրությունը.
8) իրավաբանական անձանց դեպքում` նաև պետական գրանցման համարը կամ հարկ վճարողի հաշվառման համարը:
3. Անշարժ գույքի պետական ռեգիստրի սպասարկման գրասենյակում դիմում մուտքագրելիս դիմողը պետք է ներկայանա անձը հաստատող փաստաթղթով և դիմումի հետ ներկայացնի`
1) իրավունքի պետական գրանցման համար անհրաժեշտ իրավահաստատող փաստաթղթերը, իսկ սույն օրենքի 25-րդ հոդվածով նախատեսված դեպքերում՝ նաև այդ հոդվածով սահմանված այլ փաստաթղթեր. ընդ որում՝ սույն օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ և 2.1-ին մասերով սահմանված դեպքերում դիմումի հետ ներկայացվում են համապատասխան փաստաթղթերը նույնականացնող տվյալները.
2) «Պետական տուրքի մասին» օրենքով նախատեսված դեպքերում՝ այդ օրենքով սահմանված չափով պետական տուրքի վճարի մուծման անդորրագիրը և սույն օրենքի 71-րդ հոդվածով նախատեսված վճարի մուծման անդորրագիրը:
4. Փաստաթղթերը ներկայացվում են մեկ օրինակից` բնօրինակը կամ սահմանված կարգով հաստատված պատճենը: Այդ փաստաթղթերի բովանդակությունը կամ որևէ մասը չպետք է գրառված լինի մատիտով, դրանք չպետք է պարունակեն ջնջումներ, սահմանված կարգով չհաստատված ուղղումներ, ինչպես նաև փաստաթղթի բովանդակության ճշգրիտ ընկալմանը խոչընդոտող վնասվածքներ:
5. Գույքի նկատմամբ ընդհանուր սեփականության իրավունքի պետական գրանցման վարույթի հարուցման համար բավարար է ընդհանուր սեփականության մասնակիցներից որևէ մեկի դիմումը:
6. Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների ծագմանը, փոփոխմանը, փոխանցմանն ուղղված գործարքներից (բացառությամբ միակողմ գործարքների) ծագող իրավունքների պետական գրանցման դիմումները պետք է ներկայացվեն ոչ ուշ, քան այդ գործարքների նոտարական վավերացման օրվանից սկսած` 30 աշխատանքային օրվա ընթացքում:
Սույն մասի պահանջը չպահպանելը հանգեցնում է գործարքի անվավերության, բացառությամբ եթե առկա են եղել սույն հոդվածի 6.1-ին մասով սահմանված հիմքերը: Նման գործարքն առ ոչինչ է:
Գործարքից ծագող իրավունքների պետական գրանցման դիմում կարող է ներկայացնել այդ գործարքի կողմերից յուրաքանչյուրը:
6.1. Սույն հոդվածի 6-րդ մասում նշված ժամկետը բաց թողնելը հարգելի Է համարվում, եթե դիմողը հիմնավորում է իրենից անկախ պատճառներով (նրա մեղքի բացակայությամբ) ժամկետը բաց թողնելու հանգամանքը:
Պետական գրանցումն իրականացնող լիազոր մարմինը դիմումի հիման վրա հարգելի է համարում ժամկետը բաց թողնելը, եթե՝
1) պետական գրանցման դիմումը նշված ժամկետում ներկայացնելու համար արգելք է հանդիսացել արտակարգ և տվյալ պայմաններում անկանխելի հանգամանք (անհաղթահարելի ուժ).
2) պետական գրանցման դիմումը նշված ժամկետում ներկայացնելու համար արգելք է հանդիսացել դիմողի այնպիսի հիվանդությունը, որը խոչընդոտել է նրա իրավունքի իրացմանը.
3) պետական գրանցման դիմումը նշված ժամկետում ներկայացնելու համար արգելք է հանդիսացել դիմողի՝ զինված ուժերի կազմում ռազմական գործողություններին կամ մարտական առաջադրանքների կամ այլ ծառայողական պարտականությունների կատարմանը ներգրավված լինելու հանգամանքը.
4) գործարքի կողմը գործարքը կնքելուց հետո ճանաչվել է անգործունակ, և ժամկետի վերականգնման համար դիմել է օրենքով սահմանված կարգով նշանակված խնամակալը.
5) գործարքի կողմը մահացել է, և ժամկետի վերականգնման համար դիմել է իրավահաջորդը.
6) պետական գրանցման դիմումը նշված ժամկետում ներկայացնելու համար արգելք է հանդիսացել գործարքի կողմին անհայտ բացակայող ճանաչելու հիմքի ի հայտ գալը, և անհայտ բացակայող ճանաչվելուց հետո ժամկետի վերականգնման համար դիմել է նրա գույքի հավատարմագրային կառավարիչը.
7) մահացել են անչափահաս քաղաքացու օրինական ներկայացուցիչները, և նա չի ունեցել օրենքով սահմանված կարգով նշանակված խնամակալ կամ հոգաբարձու:
Պետական գրանցումն իրականացնող լիազոր մարմինը որոշում է ընդունում ժամկետը բաց թողնելը հարգելի համարելու վերաբերյալ, եթե նշված հիմքերը ծագել կամ առկա են եղել սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված 30-օրյա ժամկետում:
Պետական գրանցման և գրանցման համար դիմելու ժամկետը բաց թողնելը հարգելի համարելու վերաբերյալ դիմումը ներկայացնելու վերջնաժամկետ է ժամկետը բաց թողնելու պատճառը վերանալու օրվանից սկսած՝ 15 աշխատանքային օրը, իսկ գործարքի կողմ չհանդիսացող անձանց դեպքում՝ այն օրվանից սկսած 15 աշխատանքային օրը, երբ իմացել էին կամ պարտավոր էին իմանալ այդ գործարքի մասին:
Պետական գրանցումն իրականացնող լիազոր մարմինը պետական գրանցման և գրանցման համար դիմելու ժամկետը բաց թողնելը հարգելի համարելու դիմումը քննարկում և լուծում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
7. Դիմումը ներկայացնում է անձամբ իրավատերը կամ սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված գործարքի կողմ հանդիսացող անձը, իրավաբանական անձ հանդիսացող իրավատիրոջ կամ գործարքի կողմի դեպքում՝ այդ իրավաբանական անձի անունից առանց լիազորագրի հանդես գալու իրավասությամբ օժտված իրավաբանական անձի մարմինը (պաշտոնատար անձը), բացառությամբ այն դեպքերի, երբ՝
1) դիմումը ներկայացնում է իրավատիրոջ անունից նոտարի վավերացրած կամ հասարակ գրավոր ձևով տրված լիազորագրի հիման վրա հանդես եկող անձը.
2) դիմումը ներկայացնում է իրավատիրոջ խնամակալը, հոգաբարձուն կամ այլ օրինական ներկայացուցիչը.
3) դիմումը ներկայացնում է շահագրգիռ անձը` դատական ակտի հիման վրա իրավունքի ծագման, փոփոխման, փոխանցման կամ դադարման պետական գրանցման համար.
4) դիմումը ներկայացնում է հարկադիր կատարողը (Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը)՝ կատարողական վարույթի շրջանակներում:
8. Դիմողի ինքնությունն ստուգվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված՝ անձը հաստատող փաստաթղթի բնօրինակի կամ սահմանված կարգով հաստատված պատճենի հիման վրա, և համապատասխան տեխնիկական միջոցներով իրականացված լուսանկարի հիման վրա հավաստվում է նրա ներկայությունը: Ներկայացված դիմումը և կից փաստաթղթերը տեսաներածվում և մուտքագրվում են էլեկտրոնային համակարգ: Դիմողը համապատասխան էլեկտրոնային ստորագրության սարքի միջոցով իր ստորագրությամբ հավաստում է ներկայացված փաստաթղթերի և տեսաներածված փաստաթղթերի համապատասխանությունը, որի արդյունքում վերջիններս ձեռք են բերում ներկայացված փաստաթղթերի հետ հավասար իրավաբանական ուժ, այնուհետև դիմողին են վերադարձվում վերջինիս ներկայացրած բոլոր փաստաթղթերը: Անշարժ գույքի պետական ռեգիստր ներկայացված փաստաթղթերի և դրանց մյուս օրինակների միջև հակասության դեպքում նախապատվությունը տրվում է անշարժ գույքի պետական ռեգիստր ներկայացված փաստաթղթերին: Դիմումի մուտքագրումից հետո դիմողին տրամադրվում է համակարգի կողմից ձևավորված արագ արձագանքման (QR) կոդ պարունակող դիմումի ընդունման վերաբերյալ քաղվածք, որում պարտադիր նշվում են դիմումի մուտքագրման օրը, ժամը, րոպեն, մուտքի համարը, դիմողի տվյալները՝ անունը, ազգանունը, դիմումով ներկայացվող պահանջը, դիմումին կից ներկայացված փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև անշարժ գույքի պետական ռեգիստրի ղեկավարի կողմից դիմումի ընդունման վերաբերյալ քաղվածքի հաստատված ձևաթղթով սահմանված անհրաժեշտ այլ տվյալներ:
8.1. Էլեկտրոնային համակարգ դիմումին կից ներկայացվող փաստաթղթերի տեսաներածման, մուտքագրման, տեխնիկական միջոցներով դիմումատուի լուսանկարման և դրա մշակման կարգը, ինչպես նաև դիմողին տրամադրվող արագ արձագանքման (QR) կոդ պարունակող քաղվածքի ձևաթուղթը հաստատում է անշարժ գույքի պետական ռեգիստրի ղեկավարը:
9. Դիմումի հետ ներկայացված և տեսաներածված փաստաթղթերի իսկության համար պատասխանատվությունը կրում են փաստաթղթերը ներկայացրած անձինք:
(24-րդ հոդվածը փոփ., լրաց. 22.06.12 ՀՕ-173-Ն, խմբ., լրաց. 20.10.16 ՀՕ-166-Ն, 16.07.20 ՀՕ-387-Ն, լրաց., փոփ. 13.04.23 ՀՕ-145-Ն, խմբ. 11.04.24 ՀՕ-197-Ն, խմբ., լրաց. 22.10.25 ՀՕ-342-Ն, փոփ. 04.03.26 ՀՕ-69-Ն)
(16.07.20 ՀՕ-387-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(հոդվածի 19.03.19 ՍԴՈ-1448 որոշմամբ ճանաչված Սահմանադրությանը հակասող դրույթը համապատասխանեցվել է Սահմանադրությանը 16.07.20 ՀՕ-387-Ն օրենքի 1-ին հոդվածի փոփոխությամբ)
(13.04.23 ՀՕ-145-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(հոդվածը 13.11.25 ՀՕ-388-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունիսի 1-ից)