Հոդված 30. Իրավունքի պետական գրանցման մերժման հիմքերը և կարգը
Հոդված 30. Իրավունքի պետական գրանցման մերժման հիմքերը և կարգը
1. Պետական գրանցումն իրականացնող լիազոր մարմինը պարտավոր է մերժել իրավունքի պետական գրանցումը, եթե`
1) ներկայացված իրավունքը կամ սահմանափակումը սույն օրենքով գրանցման ենթակա իրավունք կամ սահմանափակում չէ.
2) անշարժ գույքի միավորի կամ դրա որևէ մասի նկատմամբ առկա է գրանցված իրավունք կամ սահմանափակում կամ նախնական նշում, որը բացառում է ներկայացված իրավունքի կամ սահմանափակման գրանցումը.
3) ներկայացվել է դատական ակտ, որով որոշված է պետական գրանցման մերժում.
4) նոտարական վավերացում ստացած գործարքի հիման վրա պետական գրանցման դիմումը ներկայացվել է սույն օրենքի 24-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված 30-օրյա ժամկետի խախտմամբ, եթե պետական գրանցումն իրականացնող լիազոր մարմինն այդ ժամկետի բացթողումը հարգելի չի համարել սույն օրենքի 24-րդ հոդվածի 6.1-ին մասով սահմանված հիմքերով, կամ պետական գրանցման և գրանցման համար դիմելու ժամկետը բաց թողնելը հարգելի համարելու վերաբերյալ դիմումը ներկայացվել է սույն օրենքի 24-րդ հոդվածի 6.1-ին մասով սահմանված 15-օրյա ժամկետի խախտմամբ.
4.1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17.1-ին գլխի իմաստով առանձին խումբ անշարժ գույք հանդիսացող գույքի վերաբերյալ գործարքը նոտարական վավերացում է ստացել առանց միասնական տեղեկանքի առկայության.
5) այն անհատական իրավական ակտը, որով տրամադրվում է իրավունքը, կամ կիրառվում է իրավունքի սահմանափակումը, ընդունել է ոչ իրավասու վարչական մարմինը.
6) անշարժ գույքի գործարքը կնքել է (են) նման գործարք կնքելու իրավասություն չունեցող կամ նման գործարք կնքելու համար բավարար ծավալով իրավասություն չունեցող անձը (անձինք).
7) առկա է անհամապատասխանություն սույն օրենքի 48-րդ հոդվածով սահմանված կարգով ստորագրված և պետական գրանցման համար ընդունված պայմանագրերի և Կառավարության հաստատած օրինակելի պայմանագրերի պայմանների միջև.
8) առկա են օրենքով սահմանված այլ հիմքեր:
2. Արգելվում է այլ պատճառաբանությամբ գրանցման մերժումը:
3. Պետական գրանցում կատարելու վերաբերյալ տրված դիմումով գրանցումը մերժելու դեպքում դիմողին տրամադրվում է մերժման մասին որոշումը՝ մերժման պատճառների մասին սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքի (դեպքերի) վերաբերյալ նշումներով: Մերժման մասին որոշումը հինգ աշխատանքային օրվա ընթացքում առձեռն չստանալու դեպքում այն դիմողին է առաքվում «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածով սահմանված կարգով կամ փոստով:
3.1. Պետական գրանցման մերժման ժամկետը չի կարող գերազանցել դրա գրանցման համար սույն օրենքով նախատեսված ժամկետը:
4. (մասն ուժը կորցրել է 20.10.16 ՀՕ-166-Ն)
(30-րդ հոդվածը լրաց. 19.06.15 ՀՕ-88-Ն, խմբ., լրաց., փոփ. 20.10.16 ՀՕ-166-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-297-Ն, խմբ. 16.07.20 ՀՕ-387-Ն, լրաց. 05.03.25 ՀՕ-54-Ն, 04.12.25 ՀՕ-433-Ն)
(16.07.20 ՀՕ-387-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(05.03.25 ՀՕ-54-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
(հոդվածի 02.04.14 ՍԴՈ-1137 որոշմամբ ճանաչված Սահմանադրությանը հակասող դրույթը համապատասխանեցվել է Սահմանադրությանը 16.07.20 ՀՕ-387-Ն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին կետի փոփոխությամբ)
(հոդվածի 19.03.19 ՍԴՈ-1448 որոշմամբ ճանաչված Սահմանադրությանը հակասող դրույթը համապատասխանեցվել է Սահմանադրությանը 16.07.20 ՀՕ-387-Ն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետի փոփոխությամբ)