Հոդված 23. Պետական գրանցումը
Հոդված 23. Պետական գրանցումը
Գույքի հետ կատարվող գործարքներից ծագող իրավունքները` սեփականության իրավունքը, օգտագործման իրավունքը, գրավը, հիփոթեքը, սերվիտուտները, այլ սահմանափակումները, շարժական գույքի նկատմամբ իրավունքները, ինչպես նաև, օրենքով նախատեսված դեպքերում, այլ իրավունքները ենթակա են (պետք է ներկայացվեն) պետական գրանցման` գործարքների նոտարական վավերացման օրվանից սկսած 30-օրյա ժամկետում` անշարժ գույքի պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանումներում` ըստ անշարժ գույքի գտնվելու վայրի:
Իրավաբանական անձի մի քանի վայրերում գտնվող անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում իրականացնելու նպատակով անշարժ գույքի պետական ռեգիստրի ղեկավարն իր հայեցողությամբ կարող է գրանցում իրականացնելու պարտականությունները դնել պետական ռեգիստրի մեկ տարածքային ստորաբաժանման ղեկավարի վրա:
Գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցման պահանջը չպահպանելը հանգեցնում է դրա անվավերության: Նման գործարքը համարվում է առոչինչ:
Գույքի նկատմամբ գրանցված իրավունքների, այդ թվում` գրավի, հիփոթեքի պետական գրանցումն իրականացվում է ըստ պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանումում մուտքագրված դիմումների հերթականության, որը որոշվում է հաշվառման մատյանում նշված ամիս-ամսաթվով և ժամով:
Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վերաբերյալ ավելի վաղ ներկայացված դիմումներն ունեն առաջնություն` ավելի ուշ ներկայացված դիմումների համեմատ:
Գրանցված իրավունքները, այդ թվում` հիփոթեքը, սահմանված ժամկետում ներկայացված, սակայն դեռևս չգրանցված իրավունքների նկատմամբ ունեն գերակայություն:
Գույքի նկատմամբ որևէ առանձին իրավունք չի գրանցվում, եթե գրանցված չէ տվյալ գույքի նկատմամբ սեփականության կամ օգտագործման իրավունքը:
Ինքնակամ կառույցների առկայությամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների գրանցման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(23-րդ հոդվածը լրաց., փոփ. 04.10.05 ՀՕ-191-Ն, փոփ. 10.04.08 ՀՕ-38-Ն)