Հոդված 299. Գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին դատարանի որոշումն ստանալուց հետո գործին մասնակցող անձանց կողմից կատարվող գործողությունները
Հոդված 299. Գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին դատարանի որոշումն ստանալուց հետո գործին մասնակցող անձանց կողմից կատարվող գործողությունները
1. Գործին մասնակցող անձանց նյութաիրավական պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը և դրանք հիմնավորող ապացույցները, ինչպես նաև միջնորդությունները պետք է ներկայացվեն գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին դատարանի որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան երկշաբաթյա ժամկետում: Ելնելով գործի առանձնահատկություններից՝ գործին մասնակցող անձի միջնորդությամբ նշված ժամկետը կարող է երկարաձգվել դատարանի որոշմամբ:
2. Պարզեցված վարույթի շրջանակներում հակընդդեմ հայց կարող է ներկայացվել սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում:
3. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետների խախտմամբ վկայակոչված փաստերը հաշվի չեն առնվում, իսկ դատավարական փաստաթղթերը և ապացույցները դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացնող անձանց, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք վկայակոչողը (ներկայացնողը) հիմնավորում է սահմանված ժամկետում տվյալ փաստը վկայակոչելու, դատավարական փաստաթուղթը կամ ապացույցը ներկայացնելու անհնարինությունը՝ իրենից անկախ պատճառներով:
4. Գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին դատարանի որոշումը կայացվելու պահից հայցի առարկան կամ հիմքը փոփոխել չի թույլատրվում: