Հոդված 3. Վարչական դատարան դիմելու իրավունքը
Հոդված 3. Վարչական դատարան դիմելու իրավունքը
1. Յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ սույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ`
1) խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ (այսուհետ՝ Սահմանադրություն), միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, ներառյալ, եթե`
ա. խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների և ազատությունների իրականացման համար,
բ. չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով.
2) նրա վրա ոչ իրավաչափորեն դրվել է որևէ պարտականություն.
3) նա վարչական կարգով ոչ իրավաչափորեն ենթարկվել է վարչական պատասխանատվության։
1.1. Հասարակական կազմակերպությունները վարչական դատարան կարող են դիմել նաև սույն օրենսգրքի 29.3-րդ գլխով նախատեսված դեպքերում:
2. Վարչական դատարան կարող են դիմել նաև վարչական մարմինները կամ պաշտոնատար անձինք`
1) ֆիզիկական կամ իրավաբանական անձին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով, եթե օրենքով նախատեսված է, որ վարչական պատասխանատվության կարող է ենթարկել միայն դատարանը.
2) ֆիզիկական կամ իրավաբանական անձանց որոշակի իրավունքներից զրկելու կամ նրանց վրա որոշակի պարտականություններ դնելու պահանջով, եթե օրենքով դա վերապահված է դատարանին.
2.1) անբողոքարկելի վարչական ակտի հիման վրա ֆիզիկական կամ իրավաբանական անձից հանրային իրավական դրամական պահանջներով նախատեսվող գումարի բռնագանձման պահանջով.
3) ընդդեմ մեկ այլ վարչական մարմնի` իրավասության վերաբերյալ վեճով, եթե այդ վեճը ենթակա չէ լուծման վերադասության կարգով.
4) ընդդեմ մեկ այլ վարչական մարմնի՝ սույն օրենսգրքի 29.2-րդ գլխով նախատեսված դեպքերում:
3. Վարչական դատարան կարող են դիմել նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինները կամ պաշտոնատար անձինք` ընդդեմ վարչական մարմնի, եթե համարում են, որ այդ մարմնի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ խախտվել կամ անմիջականորեն կարող են խախտվել պետության կամ համայնքի այն իրավունքները, որոնց պաշտպանության լիազորությունը դրված է իրենց վրա, եթե այդ վեճը ենթակա չէ լուծման վերադասության կարգով։
4. Նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով վարչական դատարան կարող է դիմել նաև Մարդու իրավունքների պաշտպանը, ինչպես նաև Երևանի ավագանու խմբակցությունը` սույն օրենսգրքի 26-րդ գլխին համապատասխան։
5. Վարչական դատարան կարող են դիմել նաև դատավորները Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 96.3-րդ հոդվածով նախատեսված դեպքերում՝ դատավորների գնահատման հանձնաժողովի գնահատման արդյունքների վերաբերյալ որոշումները վիճարկելու վերաբերյալ գործերով:
(3-րդ հոդվածը լրաց. 21.06.14 ՀՕ-89-Ն, 17.12.14 ՀՕ-250-Ն, 18.05.15 ՀՕ-66-Ն, 16.12.16 ՀՕ-38-Ն)
(3-րդ հոդվածը 08.12.17 ՀՕ-260-Ն օրենքի 1-ին հոդվածի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 01.04.2018 թվականին:)