Հոդված 154. Վճռաբեկ բողոք բերելու իրավունքը
Հոդված 154. Վճռաբեկ բողոք բերելու իրավունքը
1. Վերաքննիչ դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտը վճռաբեկ դատարանում բողոքարկելու իրավունք ունեն`
1) դատավարության մասնակիցները.
2) գլխավոր դատախազը կամ նրա տեղակալը` պետական շահերի պաշտպանության հարցերով.
3) դատավարության մասնակից չդարձված անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ։
2. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում նշված անձինք վճռաբեկ դատարանում օգտվում են երրորդ անձի իրավունքներից և կրում նրանց համար սահմանված պարտականությունները։
3. Վերաքննիչ դատարանի միջանկյալ դատական ակտերը և վերաքննիչ դատարանում բողոքարկված՝ վարչական դատարանի միջանկյալ դատական ակտերի վերաբերյալ վերաքննիչ դատարանի որոշումները բողոքարկելու իրավունք ունեն դատավարության մասնակիցները կամ այն անձինք, որոնց իրավունքներին առնչվում է վերաքննիչ դատարանի միջանկյալ դատական ակտը։
4. Ֆիզիկական և իրավաբանական անձինք վճռաբեկ բողոք կարող են բերել միայն փաստաբանի միջոցով։
(154-րդ հոդվածի 4-րդ մասը ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 14.1-րդ հոդվածին, 18-րդ հոդվածի 1-ին մասին, 19-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր` 03.03.2015 ՍԴՈ-1192 որոշմամբ` նկատի ունենալով, որ տվյալ դրույթի կիրառումն առկա իրավակարգավորումների պայմաններում սոցիալական անհամաչափ ծանրաբեռնվածություն է առաջացնում անձանց համար` կախված նրանց ֆինանսական հնարավորություններից, չապահովելով նաև անձի արդար դատաքննության, դատական պաշտպանության արդյունավետ միջոցի և դատարանի մատչելիության իրավունքների լիարժեք իրացումը:)