Հոդված 12. Պարտապանի կողմից ներկայացվող փաստաթղթերը
Հոդված 12. Պարտապանի կողմից ներկայացվող փաստաթղթերը
1. Պարտապանի կողմից սեփական սնանկությունը ճանաչելու կամ սնանկության վտանգի նպատակով դիմում ներկայացնելու դեպքում դիմումին կից ներկայացվում են (իսկ սույն օրենքի 19-րդ հոդվածի առաջին մասի «զ» կետով սահմանված դեպքերում պարտապանը պարտավոր է ներկայացնել) հետևյալ փաստաթղթերը`
ա) պարտապանին սեփականության իրավունքով պատկանող գույքի ցանկը` համաձայն վերջին գույքագրման արդյունքների (դրա առկայության դեպքում), ներառյալ` կապիտալ և ֆինանսական ներդրումները, հիմնական և շրջանառու միջոցները, ինչպես նաև ոչ նյութական ակտիվները և նշված կազմին չպատկանող այլ միջոցները.
բ) պարտապանի պարտատերերի և պարտապանների (այդ թվում` այն քաղաքացիների, որոնց առջև պարտապանը պատասխանատվություն է կրում նրանց կյանքին և առողջությանը վնաս պատճառելու համար) ցուցակը, նրանց անունները (անվանումները), բնակության (գտնվելու) վայրը և առանձին պարտավորությունների, ներառյալ` արտահաշվեկշռային պարտավորությունների բնույթը և չափը: Նշված տեղեկությունները պետք է ներառեն նաև այն պարտավորությունները, որոնց ժամկետը չի լրացել, ինչպես նաև պարտապանի տված երաշխիքները և ստանձնած այլ պարտավորությունները.
գ) պարտապանի վերջին հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական հաշվետվությունները.
դ) եթե պարտապանը տնտեսական ընկերակցություն է, ապա մասնակիցների (լիակատար ընկերների) անունները (անվանումները), բնակության (գտնվելու) վայրը և պետական գրանցման տվյալները.
ե) պարտապանի հայտարարությունը` ֆինանսական առողջացման մտադրության մասին.
զ) տեղեկություններ (ապացույցներ) այլ գույքային իրավունքների մասին.
է) սնանկության վտանգի մասին դատարան ներկայացվող դիմումի և կից փաստաթղթերի պատճենները բոլոր պարտատերերին ուղարկելու մասին ապացույցները, սնանկության գործով կառավարչի վերաբերյալ առաջարկը.
ը) սնանկության վտանգի դիմումի դեպքում՝ սույն օրենքի պահանջներին համապատասխան կազմված ֆինանսական առողջացման ծրագիրը:
2. Եթե պարտապանը մտադիր է ֆինանսական առողջացման ենթարկվել, ապա նա կարող է դիմումին կից ներկայացնել նաև սույն օրենքի պահանջներին համապատասխան կազմված ֆինանսական առողջացման ծրագիրը:
3. Սույն հոդվածով նախատեսված փաստաթղթերը ներկայացնելու անհնարինության դեպքում պարտապանը պարտավոր է դրա վերաբերյալ պատճառաբանված հիմնավորում ներկայացնել դատարան: Սույն հոդվածով նախատեսված փաստաթղթերը չներկայացնելու կամ թերի ներկայացնելու հետ կապված բոլոր ռիսկերը կրում է պարտապանը։
(12-րդ հոդվածը փոփ., լրաց. 22.12.10 ՀՕ-13-Ն, լրաց. 17.06.16 ՀՕ-105-Ն)